«Սթրես էր, բայց հաճելի: Երբ ապագա ընկերս ինձ առաջին անգամ ժամադրեց, համաձայնվելը շատ հեշտ էր, բայց որքան մոտենում էր այդ պահը, այնքան ավելի էի նյարդայնանում ու հուզվում: Չգիտեի` ի՞նչ պետք է խոսեմ, ինչպե՞ս պետք է ինձ պահեմ: Նախօրոք որոշեցի, նույնիսկ մի քանի անգամ փորձեցի, բայց ժամադրության ժամանակ ամեն ինչ հակառակը արեցի» ,-ասում է 23-ամյա Աննան:
Առաջին ժամադրությունը միշտ էլ կարևոր ու սպասված է լինում թե՛ տղաների և թե՛ աղջիկների կյանքում. առաջին տպավորությունը, որի հիման վրա մարդիկ պատկերացում են կազմում միմյանց մասին, ձևավորվում է հենց առաջին ժամադրության ընթացքում: Սակայն շատ հաճախ հուզմունքն այնքան մեծ է լինում, որ խանգարում է երիտասարդներին ազատ արտահայտվել: «Երկրորդ հանդիպման ժամանակ բոլորովին այլ էի և վերջում ընկերս կատակով ասաց. «Այսօրվա Աննան ինձ ավելի դուր եկավ: Մյուս անգամ էլ թող նա գա» , -պատմում է մեր հերոսուհին:
Անձի և մասնագիտական գործունեության լաբորատորիայի գիտաշխատող Ալինա Գալստյանը նշում է, որ ոչ միայն առաջին ժամադրությունը, այլև առհասարակ ցանկացած հանդիպում մարդկանց մոտ առաջացնում է որոշակի լարվածություն: Երբ մարդ գնում է հանդիպման, նա ունենում է որոշակի անկնալիքներ, այսինքն` այդ հանդիպումը ինչ-որ իմաստով կանխորոշիչ է լինելու հետագայում կայացվելիք որոշման համար: Եվ հենց այդ որոշման հետ կապված պատասխանատվությունն է, որ լարվածություն է առաջացնում մարդկանց մոտ: «Ընդհանրապես գործունեության մեջ լարվածությունը տալիս է դրական արդյունք: Որոշակի չափով լարվածությունը նույնիսկ անհրաժեշտ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ զարգացած երկրներում, որտեղ կյանքն ավելի բարեկեցիկ է, մարդկանց լարվածությունը ավելի բարձր է: Այսինքն` ինչքան շատ են գործում, այնքան շատ են լարվում» , -նշում է Ալինա Գալստյանը և ավելացնում, որ այդ լարվածությունը պետք է լինի չափի մեջ: Անձը պետք է ունենա իր վարքը կառավարելու հմտություններ, պատասխանատու պահերին իրեն համապատասխան ձևով դրսևորելու կարողություններ: Ընդ որում, տարբեր մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում ժամադրություններին: Հոգեբանները նշում են, որ սխալ է այն կարծրատիպային մտածողությունը ըստ որի` ուշացող մարդիկ անպատասխանատու են: Ալինա Գալստյանը նշում է, որ կան մարդիկ, ովքեր ժամանակի ընկալման հետ կապված խնդիրներ ունեն և խրոնիկ ուշացողներ են: Կան նաև մարդիկ, ովքեր սովորաբար ուշացող չեն, բայց ինչ-ինչ հանդիպումներից միտումնավոր ուշանում են` իրենց անձը կարևորելու համար: «Բայց կա նաև ուշ հասնելու, կամ հանդիպմանը չգնալու չգիտակցված պահանջմունք: Երբ մենք մի բան չենք անում, դա պայմանավորված չէ նրանով, որ գիտակցաբար չենք անում: Պատահում է, որ մենք անգիտակցաբար չենք անում, դա պայմանավորված է այն անձով, ում հետ պետք է հանդիպենք» ,-նշում է հոգեբանը:
Ամեն դեպքում, հանդիպուների ժամանակ խորհուրդ է տրվում լինել հնարավորինս անկեղծ և բնական: Անկեղծությունը կոտրում է սառույցը և նպաստում է անկաշկանդ հարաբերությունների ձևավորմանը:
Հերմինե Աղաջանյան
Հ. Գ. «Առավոտ երիտասարդականի» «Ժամադրություն» բաժնում այսուհետ Ձեր ուշադրությանը կներկայացնենք ժամադրության արդյունքում ծնված հարցազրույցներ և ակնարկներ: Ժամադրվելու ենք մեր բոլորիս կողմից սիրված եւ ճանաչված մարդկանց հետ: Խոստանում ենք ժամադրությունից չուշանալ և մի փոքր էլ հուզվել: Մեր լսարանին էլ հավատացնում ենք՝ շատ չենք սպասեցնի. ժամադրության վայրը չի փոխվի: