Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների կռիվները՝ բնական երեւույթ

Նոյեմբեր 08,2011 00:00

\"\"Ծնողները չպետք է մոռանան, որ իրենք էլ են փոքր եղել

Չկա այնպիսի ընտանիք, որտեղ երեխաների՝ քույր-եղբայրների միջեւ վեճեր, անհամաձայնություններ, մինչեւ անգամ ծեծկռտուք չլինեն: Վեճերի պատճառները բազմազան են՝ ինչ-որ մի բան, մի իր չկիսելուց մինչեւ երեխաների անձնական կյանքին վերաբերող հարցերի պատճառով առաջացած տարաձայնությունները: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը ընտանեկան վեճերը բնորոշում է որպես բնական երեւույթ. «Նման կռիվներ միշտ էլ լինում են: Իսկ դա բնական է, քանի որ որոշակի տարիքում երեխաները ագրեսիվ են դառնում, ուզում են անպայման ինչ-որ ձեւով ցույց տալ իրենց առավելությունները: Որոշակի տարիքում ակնհայտ ագրեսիվությունը, որը անբռնազբոսիկ ձեւով է դրսեւորվում, տարիների ընթացքում մարում է. տարօրինակ է, բայց փոքր տարիքում շատ կռվող քույր-եղբայրները մեծանում եւ միմյանց հետ շատ սիրով են լինում»: Թե որ տարիքին են բնորոշ քույր-եղբայրական կռիվները, հոգեբանը ասաց՝ մանկության տարիներից մինչեւ դեռահասության շրջան. «Հաճախակի բնույթ են կրում երեխաների փոքր տարիքում առաջացած կռիվները: Դա պայմանավորված է երեխաների սեփական կարողությունները ստուգելու ձգտումով. այդ տարիքում յուրաքանչյուր սեռի երեխա փորձում է ցույց տալ իր համարձակությունը, ցանկանում զգալ, թե որքանով է ինքն ուժեղ եւ կարո՞ղ է արդյոք ինքն իրեն պաշտպանել: Ամեն կռիվ նրանց համար փորձ է, այսինքն՝ ապացույց, թե որքանով կարող են նրանք հակամարտությունների դիմակայել, առաջ գնալ, համարձակվել: Մեր օրերում, մեր մենթալիտետին հարիր են նաեւ երեխաների՝ դեռահասությունից ավելի ուշ շրջանի կռիվները: Եթե քույր եւ եղբայր են, եղբայրը՝ լինի մեծ թե փոքր, սկսում է հսկել, պաշտպանության տակ առնել, խիստ լինել, հայրական վերաբերմունք եւ ձեւ ընդունել քրոջ հանդեպ: Սրանք բնական երեւույթներ են, որովհետեւ այստեղ կան նաեւ հոգեսեռական զարգացման տենդենցներ, ինչը ավելի բուռն է դարձնում պատանիներին»:
Ռ. Պողոսյանը խոսեց նաեւ հարազատ երեխաների վեճերը տեսնելիս ծնողների վերաբերմունքի եւ ապրումների մասին: Նրա խոսքով՝ իրականում երեխաների վեճը, անհանդուրժողական վերաբերմունքը ամենամեծ ցավն է ծնողի համար. «Հայ ծնողի համար դա անընդունելի է: Բոլոր ծնողները նյարդայնանում եւ վիրավորվում են, երբ երեխաները չեն կարողանում խաղաղ ապրել միմյանց հետ: Բայց ծնողները մոռանում են, որ իրենք էլ են փոքր եղել: Միակ բացասական երեւույթն այն է, որ ծնողները երեխաների կռիվների ժամանակ մեկին պաշտպանում են, մյուսին՝ նախատում: Անհերքելի մի փաստ կա. որքան էլ ծնողները փորձեն վեճերի ժամանակ բաժանել երեխաներին, միեւնույն է՝ հոգու խորքում միշտ ունենում են ամենասիրելիին: Գուցե շատ ծնողներ ժխտեն այս փաստը, բայց մեկից ավելի երեխաների դեպքում ծնողները ունենում են ամենասիրելիին եւ ներում վերջինիս ամեն մի չարություն: Եվ այս առանձնահատուկ սերը, անկախ ծնողների կամքից, ցուցաբերվում է հենց վեճերի ժամանակ: Նման մոտեցումներով վերաբերմունքը նկատելի է հատկապես արու զավակ ունեցող ընտանիքներում»: 
Թե ինչպես զերծ մնալ ընտանեկան վեճերից, ինչպես վարվել՝ հոգեբանը խորհուրդ տվեց ընդամենը ուշադրության չարժանացնել. «Իհարկե, եթե խոսքը թեթեւ վեճերի եւ ոչ ծայրահեղ դեպքերի մասին է: Ծնողները պետք է կարողանան հմտորեն երեխաներին բաժանել միմյանցից, հանգստացնել եւ միայն հանգիստ վիճակում լսել երկուսի բացատրությունը: Հաճախ պետք չի անգամ միջամտել այդ վեճերին, որովհետեւ, երբ ծնողները բացակայում են, երեխաները ավելի շուտ են մոռանում դրանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930