Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաչարչար թեմա՝ կոռուպցիան կրթահամակարգում

Նոյեմբեր 08,2011 00:00

Կամ ի՞նչ են մտածում նո՛ւյն բանի մասին Հայաստանում եւ «դրսում»

\"\"

Ըստ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսի 20011թ. զեկույցի, 187 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ մեր երկիրը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ «նահանջել» է 10 կետով: Բայց կա մի բնագավառ՝ կրթությունը, որի մասով առաջատար ենք տարածաշրջանում: Օրերս Աղվերանում կայացած «Հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը՝ Բոլոնիայի գործընթացի կարեւորագույն սկզբունքներ» թեմայով քննարկման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւս փաստեց, որ դա ոչ թե նախարարության գնահատականն է, այլ միջազգային փորձագիտական եզրակացության արդյունք: «Կոնկրետ կրթության ինդեքսով Հայաստանի տեղը աշխարհում 56-րդն է: Ի դեպ, կրթության զարգացման իդեքսով, 2011 թ. տվյալներով, մենք շրջանցում ենք մի շարք ԵՄ անդամ երկրների: Տարածաշրջանի երկրների համեմատ մի քիչ զիջում ենք Վրաստանին, առաջ ենք Ադրբերջանից, Թուրքիայից, Իրանից»,- ասաց նախարարը: Օրեր առաջ էլ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասուլիսներից մեկի ժամանակ խոսելով երկրի տնտեսական ոլորտի համատարած հետընթացի մասին, ասել էր՝ եթե որեւէ տեղ կա որոշակի առաջընթաց, ապա դա պայմանավորված է կրթության ոլորտով եւ ԿԳ նախարար Աշոտյանի աշխատանքով: Վերջինս լրագրողների հետ կայացած աղվերանյան հանդիպման ժամանակ անկեղծացավ կրթության համակարգի հաջողությունների ու «բացերի» թեմայով եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Նախարարի ձեւակերպմամբ, «կոռուպցիան եւ կրթությունը» բազմաչարչար մի թեմա է, որը առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում արձանագրվեց տարիներ առաջ՝ այն ժամանակվա նախագահի օգնականներից մեկի շուրթերով»: Ա. Աշոտյանը նկատեց. «Կրթության համակարգը ամենազանգվածայիններից մեկն է, շահառուների թվով զիջում ենք միայն առողջապահության ոլորտին: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր երեւույթ, որ ի հայտ է գալիս կրթության համակարգում, շատ մեծ հասարակական արձագանքի է արժանանում»: Ապա տարբեր տեսանկյուններից դիտարկելով խնդիրը եւ հղում անելով ինչ-ինչ ուսումնասիրությունների վրա, հավելեց. «Կոռուպցիա կրթական համակարգում կա՛, կոռուպցիա կա ո՛չ միայն կրթական համակարգում, կոռուպցիայի մասին կրթական համակարգում ավելի շատ խոսում են մարդիկ, որոնք լսել են, որ նման երեւույթներ կան, քան նրանք, ովքեր մասնակցել են կոռուպցիոն երեւույթների»:
«Առավոտը» նախարարից հետաքրքրվեց, արդյոք վերլուծե՞լ են, թե ո՞ր շրջանում են ավելանում ահազանգերը ԿԳ նախարարության «թեժ գծով», եւ հիմնականում ո՞ր «մասով» են բողոքներ գրանցվում: Պարզվեց՝ բողոքների «առյուծի բաժինը» վերաբերում է հանրակրթության ոլորտին, դպրոցներում դրամահավաքին, ավարտական քննություններին, ուսուցչին աշխատանքից ազատելուն: Ըստ նախարարի, բողոքների թիվն աճում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած հատվածում, Ամանորին, «վերջին զանգի» շրջանում եւ այլն: ԿԳ նախարարը շեշտեց, որ իրենց ներքին ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ազգաբնակչության 40 %-ը կոռուպցիոն երեւույթ չի համարում սեփական զավակի՝ բուհ ընդունվելու համար միջնորդելը, իսկ ուսանողների կեսից ավելին՝ դասախոսին քննությունից առաջ կամ հետո վերաբերմունք ցուցաբերելը:
Ինչ վերաբերում է դպրոցներին, Ա. Աշոտյանի ասելով, եթե ծնողական խորհուրդը որոշել է գումար հավաքել երեխաներին Գառնի-Գեղարդ կամ Դրամատիկական թատրոն տանելու կամ էլ, դիցուք, դասղեկին ադամանդե մատանի գնելու համար, ֆորմալ առումով դրամահավաքը օրինական է ստացվում, եւ այս պարագայում նախարարությունը լիազորություն չունի դա արգելել: Այլ հարց է, որ ակտիվ ծնողները վատ իմաստով չպետք է «սերտաճեն» դասղեկի կամ դպրոցի տնօրենի հետ: Ա. Աշոտյանին զարմացնում է նաեւ այն, որ քննությունների շրջանում կանգ են առնում բոլոր տեսակի քննարկումները, նրա ձեւակերպմամբ՝ ներքաղաքական զարգացումները, Վերին Լարսի հերթական փակումը, Իրանի միջուկային ծրագիրը. «Եվ երկու ամիս մենք ապրում, շնչում ենք միայն քննություններով»: Նրա կարծիքով, այս հարցը կդադարի նման հանրային հետաքրքրություն ներկայացնել, երբ ներդրվեն Հայոց լեզվի ու Մաթեմատիկայի շտեմարանները, որոնց հիման վրա էլ քննական թեստերը կկազմվեն: Բոլոր ահազանգերի դեպքում նախարարը պահանջում է հստակ տվյալներ օպերատիվ արձագանքելու համար՝ «անանիմկայի» հետեւից նախարարությունը չի ուզում գնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930