Լրահոս
Օրվա լրահոսը

Գերոնտոֆիլիա

Նոյեմբեր 08,2011 00:00

«Առավոտի»՝ «Ինչո՞ւ են երիտասարդները բռնաբարում տատիկներին» հարցին պատասխանում է մասնագետը:

2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրապետության երկու մարզերում տեղի ունեցան մեզ համար միանգամայն անսովոր եւ խայտառակ դեպքեր:
Մեկը մյուսի հետեւից մամուլը հեղեղվեց հետեւյալ լուրերով:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14-ի սահմաններում, 1990 թ. ծնված 22-ամյա Արման Ռամազյանը՝ մտնելով Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 82-ամյա բնակիչ Ռոզա Մ.-ի տուն, ծեծի է ենթարկել նրան, կողոպտել ոսկյա ականջօղերն ու շղթան եւ բռնաբարել: Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Արման Ռ.-ն ձերբակալվել է: Երիտասարդը նոր էր դուրս եկել կալանավայրից: Կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի լույս 18-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, 26-ամյա Արմեն Սարուխանյանը մտել է Տավուշի մարզի Կողբ գյուղի 83-ամյա բնակիչ Ա. Ա.-ի տուն եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելով՝ բռնաբարել է ծեր կնոջը: Երիտասարդը 2009 թ.՝ 3 տարի 15 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել սեռական ոտնձգության փորձ կատարելու մեղադրանքով, սակայն այս տարվա մայիսին համաներումով ազատ էր արձակվել: 83-ամյա կինն ամուսնացած է, ունի երեխաներ: Երիտասարդը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 30-ի գիշերը, ժամը 03-ի սահմաններում, 25-ամյա Վազգեն Օհանյանը բաց դռնից մուտք է գործել Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանի տուն, փորձել բռնաբարել ծեր կնոջը: Նրա բղավոցից սենյակ է մտել թոռը՝ 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, որից հետո Վ. Օհանյանը դիմել է փախուստի: Ս. Բեկնազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Վ. Օհանյանը ձերբակալվել է: Նա նախկինում երկու անգամ դատված է եղել: Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Անշուշտ, այս 3 դեպքերը կարելի է դիտարկել որպես գերոնտոֆիլիա, որն ուղեկցվել է բռնությամբ:
Գերոնտոֆիլիան դասվում է սեռական աղավաղումների շարքին եւ դրսեւորվում է ծեր կամ զառամյալ տարիքի անձանց նկատմամբ անբացատրելի սիրով ու սեռական հակումով: Այն կարող է դրսեւորվել ինչպես աղջիկների մոտ՝ տարիքն առած եւ ծեր տղամարդկանց նկատմամբ, այնպես էլ տղաների մոտ՝ տարիքն առած եւ ծեր կանանց նկատմամբ:
Այն անձը, ում մոտ առկա է գերոնտոֆիլիա կոչվող աղավաղված սեռական հակումը՝ կոչվում է գերոնտոֆիլ:
Որոշ հոգեբանական խնդիրներ կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց մոտ գերոնտոֆիլիան կարող է ուղեկցվել սադիստական հակումներով ու գործողություններով, առավել եւս, որ ծերունական տարիքի անձինք հաճախ լինում են թույլ, անօգնական, երբեմն՝ միայնակ:
Գերոնտոֆիլ տղամարդը իր ապագա «զոհին» գտնում է ծերունական տարիքի կանանց մեջ: Եթե երիտասարդի մոտ առկա են նաեւ սադիստական հակումներ, ապա սեռական ակտիվությունը դրսեւորվում է բռնաբարությամբ, բռնության գործադրումով, խոշտանգումով եւ անձի նվաստացումով:
Գերոնտոֆիլիայի առաջացման պատճառները բազմաթիվ են եւ դեռեւս մինչեւ վերջ չապացուցված: Ըստ ֆրեյդյան հոգեվերլուծաբանների, այստեղ գործում են Էդիպի եւ Էլեկտրայի հոգեբանական բարդույթները, երբ պատանին ենթագիտակցորեն սիրահարված է լինում հարազատ մորը, իսկ պարմանուհին՝ հորը: Այս տեսությունը, սակայն, չի կարող լիարժեքորեն պատասխանել գերոնտոֆիլիայի երեւույթը բացահայտող բազմաթիվ այլ հարցերի: Գերոնտոֆիլիան հոգեբուժական պրակտիկայում հանդիպում է շիզոֆրենային ծագում ունեցող փսիխոպաթանման խանգարումներով տառապող հիվանդների մոտ:
Գերոնտոֆիլիայի առկայության, ինչպես նաեւ այդ հողի վրա կատարված հանցագործության դեպքում անձը ենթարկվում է դատահոգեբուժական փորձաքննության եւ եթե նրա մոտ չի բացահայտվում այս կամ այն ծանր հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը եւ չի հաստատվում նրա անմեղսունակ լինելու հանգամանքը, ապա նա դատապարտվում է օրենքի ողջ խստությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930