Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փող չկա, հայեցակարգ՝ որքան ասես

Նոյեմբեր 08,2011 00:00

\"\"Գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը եւս մեծ
շանսեր ունի մնալու թղթի վրա, ֆինանսների նախարարությունը ենթադրում է, որ նախկինում փողերը կարող էին անարդյունավետ ծախսված լինել:

Հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունն ընդունել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը: Ըստ ընդունված փաստաթղթի, ենթադրվում են մի շարք գործողություններ մինչեւ 2020 թվականը, ծախսվելու է մոտ 5 միլիարդ դրամ:
Նախագծի հեղինակը ՀՀ գյուղնախարարությունն է, որն ուսումնասիրել է մեր եւ դրսի փորձը ու գրել, որ խոշորացման ձեւերից մեկը, եթե ոչ հիմնականը, կոոպերատիվների ստեղծումն է: Ըստ գյուղնախի ներկայացրած տվյալների, այսօր Հայաստանում կա 339276 գյուղտնտեսություն եւ ընդամենը 106 կոոպերատիվ. Արարատ՝ 16, Արմավիր՝ 18, Գեղարքունիք՝ 3, Սյունիք՝ 9, Վայոց ձոր՝ 28, Տավուշ՝ 8, Լոռի՝ 9, Կոտայք՝ 7, Շիրակ՝ 1, Արագածոտն՝ 7: Գյուղնախարարությունում գտնում են, որ «գյուղատնտեսական կոոպերատիվների, հատկապես՝ սպառողական կոոպերատիվների ստեղծման տեմպերը շարունակում են մնալ անբավարար, ինչը սահմանափակում է գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը»:
Այս մտահոգությունից էլ ծնվել է հայեցակարգ գրելու եւ այն ընդունելու նախաձեռնությունը, բայց սա հերթական դեպքն է, երբ բարի ցանկությունների ամբողջություն թուղթը իրական կյանքում չի երեւալու: 2010 թվականի «Իսկ ովքե՞ր են տեղերում» եւ «Սփյուռքի նախարարությունը գրոհում է», 2011 թվականի հունիսի 23-ի «Տո դե զզվեցրիք, էլի…» հրապարակումներով անդրադառնալով ՀՀ տարածքային զարգացման, հայրենադարձության խթանման եւ զբոսաշրջության զարգացման հայեցակարգերին, գրել ենք, որ երբ մի նախարարություն ծրագիր է ներկայացնում, իսկ, օրինակ, ֆինանսների նախարարությունը ասում է, որ դրա համար պետական ծրագրերով փող նախատեսված չէ ու կառավարությունը ընդունում է ծրագիրը, սա նշանակում է, որ հայեցակարգը ընդունվում է ձեւի համար: Նման մի թուղթ է դառնալու գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը:
Ինչպես այլ նախարարություններ, գյուղնախն էլ տեղը տեղին ուսումնասիրել է դրսի եւ ներսի փորձը, ներկայացրել ռիսկերն ու ակնկալիքները: Օրինակ՝ «Գյուղացիական տնտեսությունների խոշորացման ուղղությունները» բաժնում ուզում է իրականացնել «միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումներ»: Բայց երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փորձեց միջազգային մակարդակներին հարիր դեղամիջոցների շուկա ունենալ Հայաստանում՝ հանձնաժողովի նախագահին հանեցին աշխատանքից, իսկ շուկայում բան չփոխվեց:
Կամ հանուն խոշորացման գյուղնախն ուզում է «մասնավոր ներդրողների կողմից ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի պետական կարգավորման մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական արտադրության մեջ» ներգրավել այդ հողերը: Բայց երբ խելացի փորձագետները առաջարկում էին ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի կամ անավարտ շինարարության հարկ սահմանել, որ մարդիկ շենքը կամ հողը չառնեն ու անտեր թողեն, Ազգային ժողովում աղմուկ բարձրացավ, ու ծրագիրը մեռավ:
Գյուղացիական տնտեսությունների խոշորացման արդեն ընդունված հայեցակարգին դեմ է ՀՀ արդարադատության նախարարությունը: Ըստ նախարարության եզրակացության. «Հայեցակարգում կոնկրետ չեն նշված այն իրավական ակտերը, որոնք սահմանափակում են գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը: Նույն դիտողությունները վերաբերում են նաեւ ժամանակացույցին: Մեր կարծիքով, նման հայեցակարգ նորից շրջանառության մեջ դնելու ու քննարկելու կարիքը չկա, քանի որ այն որեւէ նոր բան չի ասում եւ նրանում չկան իրատեսական ու գործնական ծրագրեր, որոնց կիրառումը կնպաստի գյուղացիական տնտեսությունների միավորմանը: ՀՀ-ում առկա օրենսդրական դաշտը թույլ է տալիս ցանկացած ձեւերով, պայմաններով, միջոցներով (ներդրումներով ու առանց դրանց), անդամությամբ ու այլ պայմաններով գյուղացիական տնտեսությունների միավորումը, խոշորացումը կամ այլ ձեւերով կոոպերացիան: Այս պայմաններում նախագծի ընդունումը ոչ թե կխրախուսի կոոպերացիայի զարգացմանը, այլ կխճճի ողջ օրենսդրական դաշտը»: Արդարադատության նախարարությունը հարկ է համարել հիշեցնել գյուղնախին, որ «այս հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումը մշտապես հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից»: Գյուղնախը չի ընդունել այս առարկությունը, իսկ անցած հինգշաբթի հավանության արժանացավ գյուղնախի հայեցակարգը:
Ֆինանսների նախարարությունում էլ ոգեւորված չեն գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգով: Նախագծի վերաբերյալ եզրակացությունում ֆիննախը գրել է. «վերը նշված ուղղություններից մի քանիսի գծով ՀՀ պետական բյուջեների հաշվին ծրագրեր իրականացվել են (օրինակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում, ոռոգման համակարգերի արդիականացում եւ այլն), սակայն պարզ չէ, թե այդ ծրագրերի իրականացումը արդյոք մինչ օրս նպաստե՞լ է գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը: Ժամանակացույցի մի շարք կետերում ներկայացվել են միջոցառումներ, որոնց իրականացումը նախատեսվում է 2012-2013թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Մինչդեռ ՀՀ կառավարության 08.07.2010թ. թիվ 859-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով այդ միջոցառումների գծով համապատասխան գումարներ չեն նախատեսվել»:
Գյուղնախը համաձայնել է եւ փնտրելու է օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ: Բայց մինչ օրս ընդունված հայեցակարգերի համար փող դեռ չի գտնվել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել