Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորների համար նոր մեկնման համալիր բացվեց: Այստեղից օգտվող առաջին ուղեւոր Ֆենյա Եղիազարյանին օդանավակայանի ղեկավարության կողմից տրվեց սերտիֆիկատ, ինչպես նաեւ բիզնես կլասից անվճար օգտվելու եւ «դյութիֆրիից» $100-ի ապրանք նվերի կարգով ձեռք բերելու հնարավորություն: Նա «դյութիֆրիից» $100-ի դիմաց վերցրեց շոկոլադներ ու հայկական կոնյակ:
«American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը նոր մեկնման սրահի եւ ընդհանրապես օդանավակայնի նոր շենքի առթիվ լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ երջանիկ է. «Սա նաեւ կբարելավի Հայաստանի վարկանիշն ամբողջ աշխարհում եւ կբերի շատ զբոսաշրջիկներ մեր երկիր: Հայաստանը կարիք ունի ունենալու լավագույնը եւ մենք փորձում ենք անել լավագույնը»: Խոսելով առաջիկա անելիքների մասին, պարոն Էռնեկյանը պատասխանեց, որ ընդլայնվելու է օդանավակայանի ամբողջ տարածքը. «Ուղիղ ճանապարհ է լինելու, որը բերելու է մինչեւ օդանավակայան: Կլինի նաեւ նոր հյուրանոց»:
Նոր մեկնման սրահի բացման առթիվ երեկ օդանավակայանի նոր սրճարանը անվճար հյուրասիրություն էր կազմակերպել: