2012 թ. պետական բյուջեի նախագծում հատկացումներ չկան մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: News. am-ի փոխանցմամբ, այդ նպատակով միջոցներ չեն հատկացվել նաեւ 2011 թ., իսկ 2003-10 թվականներին մոտ 300 բնակարան է տրվել: Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր հատկացված բնակարաններն են օգտագործվում ըստ նպատակի: Ա. Գրիգորյանի ներկայացմամբ, «Առնվազն 28 բնակարաններ չեն ծառայում իրենց նպատակին՝ ուղղակի չեն բնակվում՝ կամ տրվել են վարձով, կամ աղջիկը ամուսնացել է ու բնակվում է այլ հասցեով, կամ Հայաստանից բացակայում են ու հատկացման օրից այդ բնակարանները փակ են»:
Նախարարի տեղեկացմամբ՝ այդ 28 վիճահարույց բնակարանների հարցը կրկին ուսումնասիրվում է Հայ օգնության միության հետ համատեղ, ու դրանցից առնվազն 15-ը պետության կողմից հետ կվերցվի ու կտրվի այլ կարիքավորների: Ըստ Ա. Գրիգորյանի՝ թվով 300 մանկատան շրջանավարտ հերթագրված է բնակարան ստանալու համար:
Անդրադառնալով 2012-ի սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերին, դրանք կկազմեն 303.7 մլրդ դրամ՝ 35.3 մլրդ դրամով (13 տոկոսով) ավելի, քան 2011 թ., լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքերով, ավելացումները հիմնականում 2 ուղղությամբ են օգտագործվել՝ ընտանեկան նպաստների եւ կենսաթոշակների չափի մոտ 10% ավելացում: Այսպես՝ ընտանեկան նպաստները ամսական 26 հազար դրամից կհասնեն 29 հազար դրամի, իսկ միջին կենսաթոշակը՝ 28-ից 31 հազար դրամ:
Ա. Գրիգորյանի խոսքերով, 2012 թ. կեղծ թոշակներն ու նպաստները կբացառվեն՝ առցանց տեղեկատվական համակարգերի փոխկապակցման շնորհիվ: Այսպես՝ սոցիալական ապահովության տվյալների բազան առցանց կկապվի զագսի, սահմանային անցակետերի, Ազգային անվտանգության տեղեկատվական բազաների հետ: Այսինքն՝ մահվան դեպքում տվյալը ավտոմատ կփոխանցվի սոցիալական ապահովության տեղեկատվական բազային, որտեղ կկատարվեն ճշտումներ: Նույնը՝ երբ քաղաքացին մեկնում է հանրապետությունից կամ վերադառնում: