Թե չէ՝ ահավոր բաներ են անելու
Մեծամորցի 74-ամյա հաշմանդամ-թոշակառու Վալենտինա Վարդանյանը մինչեւ հասնում է պոլիկլինիկա, որպեսզի առաջնային բուժօգնություն ստանա, այսպես ասած՝ «կես մարդ է դառնում»: Բանն այն է, որ կառավարության՝ առողջապահության ոլորտի օպտիմալացման մասին որոշման արդյունքում, Մեծամոր քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկան փակվել է, իսկ բուժանձնակազմը՝ սարքավորումներով հանդերձ, տեղափոխել են քաղաքից մի քանի կմ հեռու՝ հիվանդանոցին կից գտնվող շինություն, ինչը մեծ դժվարություններ է առաջացրել բնակիչների համար: Դեպի նոր պոլիկլինիկա տանող ճանապարհը քարուքանդ է եւ ոտքով անհնար է տեղ հասնել, հիվանդները մինչեւ հասնում են՝ ոտքն են ոլորում, կքած անցնում են գազատար խողովակի տակով կամ էլ քարերի վրայով են թռչկոտում: Տիկին Վալենտինան շաքարային դիաբետ եւ աղերի կուտակում ունի եւ, ինչպես ինքն է ասում՝ ոտքերը ցավում են, դժվարությամբ է քայլում, իսկ դեղեր ստանալու համար ստիպված է լինում ամիսը մի քանի անգամ գնալ պոլիկլինիկա. «էն էլ, գնում ենք, դեղերը կիսատ են տալիս, պատճառաբանելով, որ քիչ են ստացել: Կամ էլ ասում են՝ չկա, գնա վաղը արի: Ես իմ 2 կոպեկ թոշակով կոմունալ վարձերը տա՞մ, հաց առնե՞մ, թե՞ տրանսպորտի փող տամ: 1200 դրամ է պետք, որպեսզի տաքսիով գնամ-գամ: Իսկ առաջ, որ պոլիկլինիկան քաղաքում էր, էլի մոտիկ էր, ոտքով գնում-գալիս էինք, մի քիչ քայլելու տեղ էր»:
Հիվանդանոց հասնելու համար ուղիղ գնացող տրանսպորտ էլ չկա: Մեծամորցիները ստիպված են, ինչպես իրենք են ասում, միջքաղաքային «տռաս դուրս գալ», ժամերով սպասել, մինչեւ ավտոբուսը կգա:
Իրենց պոլիկլինիկան քաղաքի կենտրոն վերադարձնելու խնդրանքով 3500 ստորագրությամբ՝ մեծամորցիները մոտ 3 ամիս առաջ դիմել էին «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չեն դիմել իրենց տարածքի պատգամավոր՝ հանրապետական Հրանտ Գրիգորյանին, մեծամորցիներն ասացին. «Մենք իրան ե՞րբ ենք տեսնում, ընտրությունից՝ ընտրություն»:
Բնակիչների այս պահանջը տիկին Բախշյանը ուղղել էր առողջապահության նախարարին, նաեւ հանդիպել էր նախարարության ԾԻԳ-ի տնօրենի հետ: Սակայն նախարարությունից վստահեցրել են. «Պոլիկլինիկայի մասնաշենքը գտնվում է անբարեկարգ վիճակում, եւ որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը նման շենքային պայմաններում հնարավոր չէ: Առավել նպատակահարմար եւ տնտեսապես արդյունավետ է Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական ծառայությունները տեղակայել հիվանդանոցի տարածքում»: Իսկ մեծամորցիներն ու բուժանձնակազմը հակառակն են պնդում. «Կիսաքանդ ու խոնավ շենք է. օրը ցերեկով առնետներ ու կարիճներ են վխտում: Մի քանի բժիշկներով ստիպված նույն փոքրիկ սենյակում են նստում: Պատկերացնո՞ւմ եք, մի փոքր սենյակում բժիշկները հազիվ են տեղավորվում ու դեռ հիվանդներ են ընդունում»:
Անահիտ Բախշյանը օրեր առաջ մեկնել էր Մեծամոր, որպեսզի նախարարության «սեւ թուղթը» ցույց տա բնակիչներին:
Տիկին Բախշյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԾԻԳ-ի տնօրենին հորդորել էր, որպեսզի նա էլ հանդիպի մեծամորցիներին եւ այդ վատ լուրը հենց նա էլ հայտնի, սակայն, պատգամավորի խոսքերով, վերջինս հրաժարվել էր. «Դումանյանը զանգեց, ասաց, տիկին Բախշյան, նախարարը թույլ չի տալիս, որպեսզի ես էլ գամ»: Այս խոսքերը լսելուց հետո դահլիճում նստածներից մեկը սրտացավորեն արձագանքեց. «Վա՜յ, աման: Ամոթ ա, ամոթ»: Ապա տիկին Բախշյանը ներկայացրեց, թե ինչ է առաջարկել նախարարությունը. «Ձեզանից 3-4 ներկայացուցիչ թող գնան նախարարություն եւ հանդիպեն նախարարի հետ: Դե ես էլ ասացի՝ կգնամ եւ դա կհայտնեմ մեծամորցիներին, իրենք կորոշեն, թե ինչ պիտի անեն»: Դահլիճում հավաքվածները բորբոքված բացականչեցին՝ «Ասեիք՝ 3-4 հազարով կերթան՝ հանրապետության հրապարակը կգրավեն»:
Մշակույթի տան դահլիճում մի քանի հարյուր մեծամորցիներ, լսելով պատգամավորին եւ նախարարի գույժը՝ միանգամից բորբոքվեցին եւ սպառնացին լուրջ քայլերի դիմել, եթե կառավարությունն իրենց չընդառաջի. «Առողջապահության նախարար, քեզ մի շաբաթ ժամանակ ենք տալիս: Թե չէ՝ ահավոր բաներ ենք անելու եւ մեր արածների համար պատասխան չենք տալու»:
Օգտվելով Անահիտ Բախշյանի հետ հանդիպման առիթից, մեծամորցիները իրենց ամբողջ դարդ ու ցավը պատմեցին նրան: Քաղաքի վրա տարածվող կոյուղու գարշահոտը, բնակիչների խոսքերով՝ դարձել է իրենց «ֆիրմեննի դուխին»: Տիկին Բախշյանի պատմելով՝ երբ գարշահոտության մասին հարցրել է համայնքի ղեկավարին, նա ասել է՝ «Հա, տրուբեքը վնասված են, սաղ քաղաքում էդպիսի վիճակ է»: