Երեկ Հայաստանի կոմունիստները տոնում էին Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 94-րդ տարեդարձը: Այդ առիթով Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ լրագրողներին ներկայացրեց՝ ինչպես են նշելու իրենց տոնը. «Ոչ մի քեֆային բան չի լինելու, որովհետեւ մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը,- ասաց նա՝ ավելացնելով, որ կենացներ չեն լինելու, օղի չեն խմելու,- խմում են այն մարդիկ, որոնք խմիչքը իրենց փողով չեն առել, ուրիշն ա բերել»:
Անդրադառնալով Հայաստանի ներկա վիճակին՝ նա ասաց. «Ով ա տեսել՝ մեր 70 000 տոննա պղինձը, 70 000 տոննա մոլիբդենը եւ այլն, նրանց ուղեկցող ուրիշ ազնիվ մետաղներ տան անհատների, նրանցից մեկն էլ էկել ա Թումանյան, տեսել ա, որ շատ ա հարստանում, Ամերիկային ա հարստացնում, զբաղվել ա մանկապղծությամբ»,- ասաց Ռուբեն Թովմասյանը՝ վկայակոչելով «սովետի թվերը», երբ դատարկ կրակոց էր լսվում, եւ ոչ ոք դրանից չէր տուժում, մարդիկ, այնուամենայնիվ, պատասխանատվության ենթարկվում էին: «Դուք չեք գտնի մի ընտանիք, որտեղ ամեն օր չխոսվի սոցիալիզմի մասին: Ինչո՞ւ, որովհետեւ մարդը կորցրել է այն, ինչ որ ունեցել է. 13 մլրդ ռուբլի միայն խնայդրամարկղերում կորցրեց: Չկա այդպիսի ընտանիք, որտեղ չասեն՝ փառք սոցիալիզմին: Կոմունիստները ինչի՞ չեն վերադառնում»,- վրդովվեց պարոն Թովմասյանը:
«Բոլոր կուսակցությունների անդամների թիվը գումարեք՝ կստանաք մեր կուսակցությունը,- ասաց ՀԿԿ առաջնորդը,- հիմա կա 74 կուսակցություն: Ընտրությունները եթե թողնեն ժողովրդին, ոչ թե մի գյուղում ոտքի հանեն քավորին, մյուս գյուղում՝ սանիկին, էն մյուս գյուղում՝ լավ ավտարիտետին, Երեւան քաղաքում օլիգարխները իրենց ամբողջ ունեցվածքը դնեն՝ օգտվելով ժողովրդի այս խղճուկ վիճակից, ապա ընտրությունները գնալու են հօգուտ այն գաղափարախոսության, որը 70 տարի ապացուցել է՝ ինչ պետք է անի սոցիալիստական գաղափարախոսությունը»: