Եվրոպացի չինովնիկները, անգամ հայաստանյան որոշ վերլուծաբաններ, կարծում են՝ կարող է
«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- անցած շաբաթվա վերջում Բաքվում նման հայտարարություն էր արել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ, տիկինը նաեւ հավելել էր. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի: Եթե Թուրքիան ցանկանում է ներդրում ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, պետք է, նախ եւ առաջ, կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»:
Թուրքիայի՝ ԼՂՀ հարցում «կարգավորիչ դերի» մասին Սաբինա Ֆրեյզերից մի քանի օր առաջ խոսել էր նաեւ ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Today’s Zaman-ին տված հարցազրույցում վերջինս ասել էր, որ Թուրքիան կարող է կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում. «Թուրքիան տարածաշրջանում կարեւոր դեր է խաղում եւ քաղաքական աջակցության ներուժ ունի»,- ասել էր նա՝ նշելով, թե խոսքը ոչ թե բանակցություններում Թուրքիայի պաշտոնական դերակատարության, այլ ռեալ ազդեցության մասին է: «Որպես հակամարտ երկու երկրների հարեւան երկիր՝ Թուրքիան կարող է պայմաններ ձեւավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը նպաստելու համար»,- ասել էր Զանիերը: Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը փաստել է, որ առաջընթաց չի արձանագրվել, եւ որ կարգավորմանը պետք է հասնեն հակամարտությունում ներգրավված կողմերը. «Մեծ ուշադրություն է դարձվում մեխանիզմների վրա, բայց նաեւ հարց է, թե արդյոք կողմերը պատրա՞ստ են համաձայնության գալ: Դուք կարող եք ձին տանել գետի մոտ, բայց չեք կարող ստիպել, որ ջուր խմի: Մենք ձգտում ենք անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել, չենք թողնում, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»,- պատկերավոր համեմատություն էր արել ԵԱՀԿ պաշտոնյան՝ նկատելով, որ եթե չի հաջողվում կարգավորել հակամարտությունը, ապա լավագույն տարբերակը, ինչ իրենց մնում է, իրավիճակի ավելի վատթարացումը կանխելն է:
Որ Թուրքիան մշտապես էլ հավակնություններ է ունեցել ԼՂՀ կարգավորման գործընթացում որեւէ կերպ դերակատարություն ունենալու՝ գաղտնիք չէ, ոչ էլ նորություն: Բայց որ Թուրքիայի այդ նկրտումներին դրական արձագանք են տալիս եվրոպական պաշտոնյաները՝ արդեն նորություն է: Ամեն անգամ, երբ Թուրքիան նույնիսկ ակնարկել է ԼՂՀ կարգավորման գործընթացում իր մասնակցության մասին, միջազգային հանրությունը հստակ հասկացրել է, որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը: Հիմա, երբ ԼՂՀ հարցի կարգավորման առաջին ջութակի դերը փորձում է Եվրոպան ստանձնել, ինչո՞ւ են եվրաչինովնիկները այսքան դրական խոսում հարցի կարգավորման գործում Թուրքիայի ազդեցության մասին՝ «Առավոտի» հարցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը պատասխանեց. «Թուրքիան արդեն երկար ժամանակ Եվրամիության անդամության թեկնածու է, սակայն մի շարք խնդիրների պատճառով մինչ այժմ չի կարողանում դառնալ այդ կազմակերպության անդամ: Եվ Եվրամիությունը, որը փորձում է ակտիվորեն ներգրավվել բանակցային գործընթացում, հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը, փորձում է այն օգտագործել ի նպաստ իր համար կարեւորվող խնդիրների լուծմանը, ինչպիսին է, օրինակ, ղարաբաղյան խնդիրը՝ շահագրգռելով Թուրքիային Եվրամիություն մտնելու վերաբերյալ իր կողմից ավելի դրական մոտեցումներ ցուցաբերելու հեռանկարով:
Նաեւ պետք է նշել, որ եվրոպական չինովնիկները տեսնում են, որ բուն բանակցային գործընթացում առաջխաղացում չի արձանագրվում, եւ փորձում են այլ ճանապարհներ գտնել, որոնք կարող են նպաստել բանակցային գործընթացում հարցի լուծմանը խոչընդոտող խնդիրների վերացմանը»:
Ամեն դեպքում, մեր զրուցակիցը, ի տարբերություն հայաստանյան շատ գործիչների, բավականին լավատես է եւ Թուրքիայի՝ որեւէ ֆորմատով ԼՂՀ կարգավորման գործընթացում մասնակցությունից չի խորշում: «Առավոտի» հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ որեւէ ֆորմատով Թուրքիան դերակատարություն ունենա ԼՂՀ կարգավորման գործընթացում, ասաց. «Կարծում եմ, որ հենց վերոնշյալ տրամաբանության շրջանակներում Թուրքիան առավելագույնը կարող է ԼՂՀ կարգավորման գործընթացի շրջանակներում սերտ աշխատանք տանել իր դաշնակից Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով ազդել նրա ոչ կառուցողական դիրքորոշման որոշակի փոփոխությանը»:
POPOK-Ը ՊՈՊՈՔԸ ՉԷ, ՈՉ ԷԼ ПОПКА-Ն