Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են գետնանցումի ժամանակ փոխում ձիերին

Նոյեմբեր 07,2011 20:50

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը

– Իշխանությունը շատ հետաքրքիր եւ անսպասելի քայլեր է անում, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են արվում այս սենսացիոն քայլերը:

– Ընտրությունների են պատրաստվում:

– Էլի թող պատրաստվեն, բայց ինչո՞ւ անպայման պաշտոնանկություններով, հրաժարականներով եւ տեղափոխություններով:

– Տարբեր կուսակցություններ տարբեր ձեւերով են պատրաստվում ընտրությունների: Մարդիկ կան՝ քարոզչական աշխատանքն են ուժեղացնում, մարդիկ կան՝ կուտակում են, ակումուլացնում են գումարներ, որոնք հետո պետք է բաժանվեն կամ ծախսվեն բակերի ասֆալտապատման համար: Բայց կան նաեւ կազմակերպություններ, որոնք ժամանակին թույլ տրված ստրատեգիական սխալների արդյունքում պարտավորված են լինում անընդհատ թարմացումներ իրականացնել թիմի ներսում: Որո՞նք են այդ կազմակերպությունները՝ այն կազմակերպությունները, ում ես ժամանակին զգուշացրել էի, որ խաբկանք է, ծուղակ է կարծելը, թե ամբողջությամբ քո մեջ կլանելով պետական բյուրոկրատական ապարատը՝ դու դառնում ես այդ ապարատի տերը եւ նրանով լծակներ ես ստանում: Սա խաբկանք է, որովհետեւ իրականում նման մեխանիզմների կիրառման դեպքում տեղի է ունենում հակառակը՝ բյուրոկրատական ապարատն է տիրանում տվյալ կուսակցությանը, իսկ այդ ապարատն աշխատում է բոլորովին ուրիշ սկզբունքներով, քան դասական, նորմալ կուսակցության ղեկավարությունը: Այնտեղ լուծվում են ոչ թե գաղափարական, քաղաքական պայքարի եւ քաղաքական ուղղության ճշտման, այլ ադմինիստրատիվ խնդիրներ: Եվ հենց մոտենում են այն միջոցառումները, որոնց միջոցով պետք է տեղի ունենա ժողովրդի կամարտահայտությունը, այսինքն՝ ընտրությունները, այս տեսակի «ադմինիստրատիվ» բնույթի կուսակցությունները, որոնք մշտապես իշխանության կուսակցություն են՝ անկախ իրենց անվանումից, սկսում են իրականացնել հենց ադմինիստրատիվ կարգի վերանայումներ եւ բարեփոխումներ: Դա չի նշանակում, անշուշտ, որ միեւնույն ժամանակ տեղի չի ունենում նաեւ փողի ակումուլացիա եւ որոշ քարոզչական միջոցառումներ նույնպես, բայց թիմի բյուրեղացման պրոցեսն իրենց համար ավելի կարեւոր է; Այսինքն՝ հավատարմություն տիրոջը:

– Այնուամենայնիվ, համաձայնեք, որ այս բոլոր քայլերը, ընդհուպ անգամ հարազատ փեսային աշխատանքից ազատելը, նման են, շախմատային լեզվով ասած, մի բանի՝ սպիտակները սկսում են եւ հաղթում:

– Սկսում են՝ այո, «հաղթում են»-ը դեռ կտեսնենք, իսկ ինչ վերաբերում է ազգականներին գործից ազատելուն, ինչո՞ւ եք այդպես նայում, գուցե բարեկամներին «գործուղում են» ինչ-որ տեղ, ասենք՝ վերահսկողական աշխատանքներ իրականացնելու, կազմակերպական, համակարգող աշխատանքներ իրականացնելու:

– Դրանում վա՞տ բան եք տեսնում:

– Ես ընդհանրապես ճիշտ չեմ համարում մոտիկ ազգականներին աշխատանքի վերցնելը, բայց եթե դա արդեն տեղի է ունեցել, բնականաբար, վստահել եւ գործուղել համակարգման եւ վերահսկման նպատակներով՝ արդեն հասկանալի է դառնում:

– Չե՞ք կարծում, որ նման բան քիչ գործիչներ կանեին՝ ընտրություններից առաջ գնալ այսպիսի վերադասավորումների, կա, չէ՞, հայտնի ասացվածք՝ «Գետնանցումի ժամանակ ձիերին չեն փոխում», բայց հանրապետության նախագահը բավականին համարձակ է գնում դրան:

– Ես կարծում եմ՝ ավելորդ ձիերին ուղղակի հեռացնում են, որովհետեւ նախ՝ նրանք ավելի շատ են վարսակ ուտում, եւ երկրորդը՝ առաջներում, օրինակ, այսպիսի հասկացողություն կար, կոչվում էր՝ ցուգ, ցուգը գերմաներենից թարգմանած՝ վագոնների շարանն է, եւ երբ ռուսական կամ գերմանական արիստոկրատիան մեկ սայլակ կամ էկիպաժ քաշելու նպատակով 20-30 ձի էր լծում, դա շատ տպավորիչ էր, իհարկե, բայց՝ խաղաղ պայմաններում: Նման ցուգով երկար տարածություններ արագորեն տեղաշարժվելը բավականին դժվար էր լինում, որովհետեւ այդ բոլոր ձիերին շատ դժվար էր սովորեցնել, որ բոլորը ոտքերը պետք է նույն ձեւով գցեն: Այդ պատճառով էլ գետնանցումի ժամանակ թողնում էին միայն այն ձիերին, որոնց արդեն այնպես էին վարժեցրել, որ որեւէ կասկած չէր կարող առաջանալ, թե կսխալվեն կամ կխրտնեն:

– Ցուգով կամ առանց դրա, համաձայնեք, այս քայլերը չեզոքացրին ընդդիմությանը. ե՛ւ հրապարակում կանգնածները, ե՛ւ դրանից դուրս գտնվողները կարծես դարձել են երկրորդական, տեսնում ենք, որ ընդդիմություն կարծես թե չկա, եւ իշխանությունն է օրակարգը ձեւավորում;

– Բնական է, իշխանությունը քննարկման օրակարգ է ստեղծում, բայց դա էլ նպատակներից մեկն է, գուցե՝ հիմնական նպատակը: Այս տակտիկան մենք նկատում ենք ծայրահեղ ընդդիմության եւ իշխանության մոտ, բազմիցս նկատել ենք, որ երբ իսկական լուրջ օրակարգ է առաջանում ժողովրդի առջեւ, օրինակ՝ իշխանափոխություն ընտրությունների միջոցով, անմիջապես կեղծ օրակարգեր են նետվում: Օրինակ՝ ծայրահեղ ընդդիմությունը, կարեւորագույն օրակարգը մի կողմ թողած, զբաղվում է ինչ-որ մարդկանցով, որոնք իբր թե քաղբանտարկյալ են, կամ նետում են բոլորովին ապակողմնորոշող եւ թուլացնող կարգախոսներ, օրինակ՝ արտահերթ ընտրությունների, անմիջապես հրաժարականների եւ այլնի մասին: Ահա, այսքան մարդ հրաժարական տվեց, ի՞նչ փոխվեց, ոչ մի բան, ենթադրենք, որ սա իրենց պահանջով է արվել, բայց ի՞նչ փոխվեց, ոչինչ: Նույն տակտիկան օգտագործում է նաեւ իշխանությունը: Լուրջ օրակարգը՝ իշխանությանը խաղաղ, քաղաքակիրթ, նորմալ ընտրությունների միջոցով հրաժեշտ տալը մեր հասարակության առջեւ կանգնած հիմնական օրակարգն է, բայց այդ հիմնական օրակարգը նենգափոխվում եւ դառնում է ուրիշ օրակարգ: Քաղաքապետեր են փոխվում, ոստիկանապետեր են փոխվում, շտաբներ են ստեղծվում ԱԺ նախագահի գլխավորությամբ, ով, չգիտես ինչու, դրա պատճառով պիտի հրաժարական տա: Այսինքն՝ հասարակությանը զբաղեցնում են խնդիրներով, որոնք այդ հասարակությանը բոլորովին չպետք է հետաքրքրեն նորմալ երկրում:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930