Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեռ Կոտայքի մարզպետն եմ»

Նոյեմբեր 07,2011 20:40

Երեկ երեկոյան «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին՝ ասաց Կովալենկո Շահգալդյանը:

– Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Դուք նույնպես պետք է հրաժարվեք զբաղեցրած պաշտոնից:

– Համոզված եղեք, որ այս պահի դրությամբ դեռեւս նման բան չկա: Ես դեռեւս Կոտայքի մարզպետն եմ, եւ դուք հարցազրույց եք վարում Կոտայքի մարզպետի հետ: Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ իմ հրաժարականի համար նախադրյալներ էլ չկան: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչո՞ւ է շրջանառության մեջ դրվել նաեւ իմ պաշտոնանկության հարցը: Ես դա մեկ բանի եմ վերագրում. ես, այսպես ասած, ուզողներ ունեմ եւ, բնականաբար, չուզողներ: Կարծում եմ՝ մարդիկ կան, որ երազում են Կոտայքի մարզպետի պաշտոնն ունենալ, բնականաբար, պետք է շրջանառության մեջ դնեն իմ պաշտոնանկության հարցը: Ես շարունակում եմ վարել Կոտայքի մարզպետի պաշտոնը, բնականոն կերպով իրականացնում եմ իմ ծառայողական պարտականությունները:

– Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են երազում Ձեր աթոռը զբաղեցնել:

– Շրջանառվող անուններ կան, որոնց ես նշանակություն չեմ տալիս:

– Ընթացող փոփոխությունների առիթով շրջանառվող տարբերակներից մեկի համաձայն, այս ամենն արվում է Սերժ Սարգսյանի դիրքերը ուժեղացնելու եւ Ռոբերտ Քոչարյանի հավակնությունները զսպելու համար: Դուք ՀՀԿ անդամ եք, բացի այդ էլ՝ երբեք չեք եղել կամ ընկալվել Ռոբերտ Քոչարյանի թիմակից՝ ինչո՞ւ է հիմա Ձեր անունը շրջանառվում այդ թիմում:

– Ես կարծում եմ, որ այդ ասպարեզում տարանջատումներ դնելը նպատակահարմար չէ: Նախկինում պաշտոնավարող շատ պաշտոնյաներ այսօր էլ են շարունակում պաշտոնավարել:

Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, դրանք, կարծում եմ, ավելի շատ ընտրական գործընթացների հետ են կապված: Տարբեր քաղաքական ուժերի, արտաքին աշխարհի կողմից միշտ շահարկվում է վարչական լծակների օգտագործումը: Երկրի նախագահը շատ խելացի որոշում է կայացրել. այն թիմը, որը պետք է ձեւավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, պետք է վարչական լծակներ չունենա: ԱԺ նախագահի հրաժարականը ես միայն ու միայն դրա հետ եմ կապում: Այս պահին ԱԺ նախագահն ավելի կարեւոր գործի մեջ է ներգրավվում: Միակ պատճառն այն է, որ ընտրությունները պետք է կազմակերպվեն եւ անցկացվեն՝ չօգտագործելով վարչական լծակներ, որպեսզի ընդդիմախոսներին շահարկելու առիթներ չտրվի:

– Ըստ Ձեզ՝ նախագահը բարեփոխումներ է անում հանուն նրա, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ, արդար եւ թափանցի՞կ:

– Այո, մանավանդ, որ մեր կուսակցությունը հաղթելու բավականին լուրջ շանսեր ունի, հետեւաբար՝ ինչո՞ւ շահարկելու հնարավորություն տանք:

– Տեսակետ կա, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի թիկունքում բանսարկություններ եւ դավադրություններ էր անում՝ մեծամասնությունը իր ձեռքը վերցնելու համար: Ճշմարտության հատիկ կա՞ այստեղ:

– Ես չեմ կարծում, որ նման բան կա: Ավելին, համոզված եմ, որ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հարաբերությունները գործընկերային են, նորմալ են: Որոշ քաղաքական ուժեր, որոշ անհատներ ցանկանում են բարդացնել այդ հարաբերությունները, բայց դրանք նորմալ են: ԲՀԿ նախագահն ի լուր ամենքի հայտարարեց իրենց դիրքորոշումը: Ի՞նչ իմաստ ունի բանսարկություններով փորձել փչացնել արդեն ձեւավորված նորմալ հարաբերությունները: Կարծում եմ՝ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում:

– Իսկ ինչո՞ւ նախագահը որոշեց հիմա կատարել այդ փոփոխությունները: Ընտրությունները գարնանն են, եւ դեռ ժամանակ կար:

– Ընտրությունների նախապատրաստական փուլը բավականաչափ աշխատատար է, եւ կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է: ՀՀԿ-ն մտադիր է շատ գրագետ, քաղաքակիրթ ընտրություններ կազմակերպել ու անցկացնել եւ կուսակցության համար ձայների մեծամասնություն ապահովել. ընտրությունները մայիս ամսի սկզբներին են տեղի ունենալու, պետք է կարողանա՞նք նախապատրաստվել: Հովիկ Աբրահամյանն էլ համարվում է ընտրությունների մեջ բավականին փորձառու անձնավորություն, եւ պատահական չէ, որ ՀՀԿ ընտրական շտաբի ձեւավորումը եւ քարոզարշավի անցկացումը, դրանց ղեկավարումը վստահվում է իրեն:

– Հանրապետականներից շատերն արդեն իսկ վստահություն են հայտնում, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն ձայների մեծամասնություն է հավաքելու: ՀՀԿ-ի կառավարման տարիներից ժողովուրդը գոհ չէ, ուրեմն՝ որտեղի՞ց այդ ակնկալիքները, եթե մանավանդ՝ ասում եք, որ ազատ եւ արդար ընտրություններ են լինելու:

– Իսկ Հայաստանում երբեւէ որեւէ իշխանությունից ժողովուրդը գոհ եղե՞լ է: Սկսած ԽՍՀՄ-ից ՝ կհիշե՞ք, որեւէ անգամ ժողովուրդը գոհ եղե՞լ է: ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, եւ, բնականաբար, Ձեր հարցի ու իմ պատասխանի տրամաբանությունը պետք է դիտարկենք այդ տեսանկյունից: Բայց նաեւ պետք է գիտակցենք, որ շատ ու շատ հիմնախնդիրների լուծումը տասնյակ տարիներ է պահանջում: Անցած ընտրությունների ժամանակ էլ ժողովուրդը դժգոհ էր իշխանությունից, բայց առավելությունը տվեց ՀՀԿ-ին, որովհետեւ կուսակցությունների մեջ ՀՀԿ-ն առավել իրատեսական է, գործնական եւ ունի կառավարման առավել լավ ու հաջողված փորձ:

Զրույցի շարունակությունը՝ հաջորդ համարում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930