Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհից մինչեւ ինտերնետ

Նոյեմբեր 05,2011 00:00

\"\"

Ի՞նչ կա թվերի ետեւում
2008-2010թթ. Հայաստանում 3 անգամ ավելի ճանապարհ կառուցվեց, քան 2008-ին նախորդող 10 տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ
797 մլրդ դրամ այս կառավարության գործունեության ընթացքում հոսել է դեպի ճանապարհներ, ջրագծեր, օդային հաղորդակցության, էներգետիկայի եւ կապի ոլորտներ: Հենց այս արդյունքներն էր ամփոփում ՀՀԿ-ն օրեր առաջ
հրավիրած համաժողովում:
Ճանապարհային ցանցը թարմացավ 15 %-ով
Հայաստանի ճանապարհային ցանցը մոտ 8 հազար կմ է: Նախորդ երեք տարիներին 89 մլրդ դրամով հիմնանորոգվել է մոտ 1155 կմ ճանապարհ, այսինքն՝ ամբողջ ցանցի շուրջ 15 տոկոսը: Շուրջ 40 մլրդ դրամով հիմնանորոգված 600 կմ ավտոճանապարհ, 40 կամուրջ՝ պետական բյուջեով, «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան»-ը 24 կմ գյուղական ճանապարհների նորոգմանն ուղղեց 1.5 մլրդ դրամ, դեպի գյուղ հոսեց նաեւ Ասիական զարգացման բանկի 19.7 մլրդ դրամը՝ 230 կմ ավտոճանապարհ արդյունքով: Ճգնաժամային 2009-ին 830 աշխատատեղ ապահովեց Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագիրը 30.4 մլրդ դրամ արժեքով: Արդյունքում 44 գյուղ այժմ ունի 289 կմ նորացած ճանապարհ:
99 մլրդ դրամ՝
ջրամատակարարմանը
Խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, ջրահեռացման ոլորտների կապիտալ շինարարության ասպարեզում նույնպես համեմատությունը խոսուն է՝ 99 մլրդ դրամ. նախորդող 3 տարիներին ջրային խնդիրների լուծմանն ուղղվել էր 24 մլրդ դրամ, այսինքն՝ 4 անգամ պակաս: 35.5 մլրդ դրամը խմելու ջրի համակարգում պտուղներ տվեց. կառուցվեց 1887 կմ խմելու ջրի ջրագիծ, 86 պոմպակայան եւ 179 օրվա կարգավորիչ ջրամբար. «Կատարված աշխատանքների շնորհիվ մեզ հաջողվել է տարեկան նվազեցնել 60 մլն խ/մ ջրի կորուստ՝ ավելացնելով ջրի մատակարարման տեւողությունը: Նախկին 17 ժամի փոխարեն մայրաքաղաքն արդեն միջինը 23 ժամ ջուր ունի»,- ասում է «Երեւան-Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը:
Մաշված ու երկար տարիներ նորոգող ձեռքի երես չտեսած 423 կմ ոռոգման ջրագիծ, 100 պոմպակայան, 35 ջրամբար, 860 կմ դրենաժ, 32 խորքային հոր՝ ջրի ու հողի ժամադրությունն իրագործում է նորացված տեսքով: Այս գործին ուղղվել է 63.5 մլրդ դրամ: Աշխատանքների առյուծի բաժինը «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան»-ինն էր: Ոռոգման ենթակառուցվածքներում հնգամյա ֆինանսական ներարկումները 120 մլն դոլար են: Սա նշանակում է ջրի հուսալիության կտրուկ բարձրացում եւ մշակելի հողատարածությունների ավելացում հեկտարներով: Իրականացված աշխատանքներից անմիջականորեն օգտվում են 350 համայնք եւ 400 հազար մարդ:
Ինտերնետը՝ հասանելի եւ մատչելի
Ինտերնետ հաղորդակցության ոլորտում վերջին տարիներն իսկապես հեղափոխական էին: Եթե մինչ համաշխարհային սարդոստայնին տնից միանալը կլորիկ գումար ու նյարդեր էր պահանջում, ապա այսօր ինտերնետային հասանելիության քարտեզն ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը: Իրավիճակը շտկվեց, երբ դաշտում հայտնվեց երրորդ «խաղացողը»: 2009թ. ՀՀ կառավարությունը թույլատրեց «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությանը նոր օպտիկամանրաթելային մալուխ կառուցել: Արդյունքում՝ մատուցվող ծառայության որակը բարձրացավ, գները սրընթաց վայրէջք կատարեցին: Ինտերնետ ծառայության մեծածախ գինը նվազեց 24 անգամ: Եթե 2008-ին մեկ մեգաբիթ ինտերնետ կապն արժեր մեկ միլիոն 200 հազար դրամ, այսօր այն արժե 34 հազար դրամ: Հավասար դաշտ, մրցակցային մթնոլորտ. գործադիրն արդեն քաղում է իր վարած քաղաքականության պտուղները: «Եթե 3 տարի առաջ մենք ունեինք ինտերնետից 80 հազար օգտվող, ապա այսօր այդ թիվը կազմում է 350 հազար: Սա լուրջ ցուցանիշ է, որը հուշում է՝ ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս»,- ասում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Զվարթնոցը» կսպասարկի 3 մլն մարդու
«Զվարթնոցը» դարձնել Հարավային Կովկասի թիվ մեկ օդանավակայանը. սա «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության աշխատանքային տեսլականն է: Ընկերությունը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է վերցրել «Զվարթնոցը»: Վերջին 3 տարիների աշխատանքն այս նպատակը թղթից իրականություն է տեղափոխել: 2008-ից սկսվեց «Զվարթնոց»-ի նոր ուղեւորային համալիրի շինարարությունը: 160 մլն դրամ, եւ նորակառույց համալիրը բացում է դռները: Ժամանակակից սրահում կրկնապատկվել են ուղեւորների հաշվառման սեղանները, անվտանգության զննման եւ սահմանային կետերը: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը տեղեկացնում է, որ այդպիսով ավելացել է համալիրի թողունակությունը. «Այս տարի օդանավակայանը սպասարկել է 1 մլն 700 հազար ուղեւորի: Նոր համալիրը պատրաստ է սպասարկել մինչեւ 3 մլն մարդու»:
Թե շարքային քաղաքացին ինչ է շահում ներդրումների արդյունքում, դիտեք տեսաշարով՝ հետեւյալ էլեկտրոնային հասցեներով. hraparakum.livejournal.com, Youtube.com/hraparakum:

ԿԱՐԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930