Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրացուցիչ ռաունդի արդյունքը

Նոյեմբեր 05,2011 00:00

Վերջերս Բրյուսելի «Վորստ նացիոնալ» լեփ-լեցուն մարզադահլիճում կայացավ թայ-բոքսի մի հետաքրքիր մրցամարտ: Աշխարհի եռակի չեմպիոն, մի քանի գոտիների ասպետ, հոլանդացի Անդի Սավըրի հետ մրցում էր Հարութ Գրիգորյանը: Ըստ մրցամարտի մեկնաբանի, ATV հեռուստամեկնաբանի, «Գազետ վան Անտվերպենի» թղթակցի եւ մեծաթիվ մասնագետների հայտնած կարծիքների՝ Հարութը երեք ռաունդներում էլ ջախջախեց Անդիին: Աշխարհի չեմպիոնը անսպասելիությունից, Հարութի հուժկու հարվածներից դարձել էր մարզադահլիճի հավերժորեն ծեծվող տանձ: Եվ հնչեց դատավորների որոշում՝ մրցել մի լրացուցիչ ռաունդ էլ՝ իբր դժվարացել են կողմնորոշվել: Դահլիճն ալեկոծվեց, սուլոցների տարափ իջավ դատավորների գլխին. կարծես նախապես որոշել էին մարտի ելքը: Միայն Հարութը չընդվզեց, հանգիստ, մեծ մարզիկին վայել պահվածքով գնաց լրացուցիչ մարտի: Ռինգի դատավորը, թվաց, Հարութի ձեռքը պիտի բարձրացնի: Ցավոք՝ ընդունվեց անարդար, անազնիվ, ստոր, բացահայտ անամոթ որոշում: Մրցամարտի մեկնաբանը, որ աներկբայորեն Հարութին էր վերագրում հաղթանակը եւ գովեստի խոսքեր շռայլում, կարծես սփոփանքի համար ասաց՝ Հայաստանը պիտի հպարտանա, որ ունի Վիկ Դարչինյան, ունի Հարութ Գրիգորյան:
Հարութ Գրիգորյանը 22 տարեկան է: Ծնունդով երեւանցի է, սովորել է Թելմանի անվան դպրոցում, 1999-ից ապրում է Անտվերպենում: 14 տարեկանից զբաղվում է թայ-բոքսով: Ունի նաեւ ադամանդագործի մասնագիտություն, սիրում է շարժանկարներ դիտել: Հարութը հրապուրվեց թաիլանդական այս մարզաձեւով ու կարճ ժամանակում գրավեց մասնագետների ուշադրությունը. 2004-ին դարձավ Բենելյուքսի երկրների չեմպիոն, 2006-ին եւ 2007-ին հռչակվեց Բելգիայի չեմպիոն: Ի դեպ՝ նույն թվերին, համապատասխան ֆեդերացիայի որոշմամբ, ճանաչվել է որպես Բելգիայի լավագույն ատլետ: Իր մարզչուհի Դանիելա Սոմըրսի ղեկավարությամբ՝ Հարութը 2009-ին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Առջեւում աշխարհի առաջնությունն է՝ Իսպանիայում: Վստահաբար կարելի է ասել՝          70 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո կփայլի մի նոր աստղ՝ Հարութ Գրիգորյան անունով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել