Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության եւ ԶԼՄ-ների հետ ձեռք ձեռքի

Նոյեմբեր 05,2011 00:00

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստանում է  թափանցիկ աշխատել

\"\"

Լոռու նոր մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման 100- օրյա ժամկետին նախատեսված մամուլի ասուլիսը ձեւաչափից դուրս էր. առաջին անգամ մարզպետն առանց ներածական խոսքի պատասխանեց լրագրողների հարցերին՝ նախօրոք ներողություն խնդրելով, որ մի շարք հարցեր դեռեւս անպատասխան կմնան:
100 օրում Արթուր Նալբանդյանը շրջել է մարզի առողջապահական, կրթական հաստատություններում, պետբյուջեի գումարներով կատարվող աշխատանքների շինհրապարակում: Շատ բան է տեսել-նկատել, բայց նաեւ խնդրեց բնակչությանը եւ լրատվամիջոցներին մարզպետարանի «Թեժ գծի» հեռախոսով հայտնել յուրաքանչյուր կոռուպցիոն եւ քաղաքացու հանդեպ անհարգալից դրսեւորումների մասին:
Գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ճյուղ է հայտարարված: Լոռին այս տրամաբանության մեջ 63 տոննա էլիտար եւ 291 տոննա առաջին վերարտադրության սերմացու ցորեն է ստացել: Սակայն, ըստ մարզպետի, ոչ միայն աշնանացանն է ուշացել, այլեւ ոռոգման ջրի, հակակարկտային կայանների եւ մի շարք հիմնախնդիրներ դեռ իրենց լուծումը չեն գտել: Այսօր Լոռիում գյուղատնտեսական հողերի միայն 30 տոկոսն է մշակվում: Օրեր առաջ Լոռու մարզպետը ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ այլ մարզպետների հետ Ղարաբաղում էր, ուր տեսել է, որ մշակվում է գյուղատնտեսական նշանակության հողերի 75 տոկոսը:
Արթուր Նալբանդյանը ասաց, որ Լոռու արդյունաբերության մեջ Ալավերդին ու Ախթալան ավելի մեծ ցուցանիշներ են գրանցել, քան Վանաձորը, այնինչ բնակչության թվաքանակից ելնելով՝ ճիշտ հակառակը պետք է լիներ: Մարզպետը հույսեր է կապում Վանաձորի ՋԷԿ-ի հետ, որը կշահագործվի Ղարաբաղից բերված ածուխով: ՋԷԿ-ը կսկսի աշխատել 2012 թվականի ամռանը:
Անտառաշատ Լոռիում շատ են նաեւ անտառի ապօրինի հատումներն ու նման բացասական այլ երեւույթներ, որոնք բնապահպանական խնդիրներ են հարուցում: Մարզպետը ասաց, որ բնապահպանական խնդիրները լուծելու, մասնավորաբար անտառհատումները վերահսկելի դարձնելու հարցում համագործակցում են «Հայանտառի» եւ ՀՀ բնապահպանության նախարարության հետ:
101 օր առաջ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը համեմատելով համայնքապետի եւ մարզպետի աշխատանքները՝ ասաց. «Ես էլ, շատ համայնքապետերի նման, հաճախ ասել եմ՝ ինչ կառույց է, որ, էս մարզպետարանը, սակայն հիմա հասկացել եմ, որ պետական մի շարք օղակների հետ աշխատանքը համակարգում է հենց մարզպետարանը»:
Նոր մարզպետը խոստացավ առաջիկայում ավելի թափանցիկ աշխատել թե համայնքապետերի, թե լրատվամիջոցների հետ եւ նշեց, որ մեծապես լրագրողների աշխատանքից է կախված մարզի հիմնախնդիրների լուծումը. «Համայնքապետերին միշտ ասում եմ՝ ես ձեզնից մեկն եմ, ու անգամ գյուղական համայնքներում համակարգչային ցանցի աշխատանքի հետ կապված խնդիրներն էլ միասին պետք է լուծենք»:
Արթուր Նալբանդյանը շատ է ցավում, որ ամեն աշխատանքային օր Ալավերդի-Վանաձոր ճանապարհը կտրել-անցնելու վրա շատ ժամանակ է ծախսում, սակայն չի պատրաստվում տեղափոխվել Վանաձոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930