Հայաստանի Ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ իրավաբանության դեպարտամենտի, «Միջազգային բանտային ռեֆորմ» կազմակերպության եւ ԱՄՆ Պետքարտուղարության աջակցությամբ երեկվանից Երեւանում սկսվեց երկօրյա կոնֆերանս՝ «Հոգեբանության եւ իրավունքի խաչմերուկները» թեմայով: Միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ուկրաինայի հեղինակավոր համալսարանների գիտնականները, Հայաստանի հոգեբանության եւ քրեաբանության էլիտան:
Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղազումցյանը ներկայացրեց քրեակատարողական համակարգի աշխատողների գործունեության հոգեբանական վերլուծությունը: «Մեր իրականության մեջ բոլոր հոգեբանական հետազոտություններն ուղղված են բանտարկյալներին, սակայն հաճախ կալանավայրերի աշխատակիցների հոգեբանական վիճակն ավելի ծանր է լինում: Անհրաժեշտ է զարկ տալ կալանավայրերի թե աշխատակիցների եւ թե բանտարկյալների համար մասնագիտացված հոգեբանության զարգացմանը»,- նշեց պարոն Աղազումցյանը:
Քեմբրիջի համալսարանը ներկայացրած պրոֆեսոր, քրեաբանության ինստիտուտի տնօրեն Ֆրեդերիխ Լոզելի զեկույցի թեման էր. «Հանցագործի ուղղման եւ վերականգնման մասին»: Նա ասաց, որ հանցագործների համար բանակային ճամբարների նմանությամբ խիստ պայմանների ստեղծումը նվազ արդյունավետ է, քան կրթադաստիարակչական բաղադրիչ ունեցող ծրագրերի մշակումը: