Տարիներ առաջ մայրաքաղաքի բնակիչները նախանձով էին նայում աբովյանցի իրենց գործընկերներին, որոնք բոլորից շուտ էին ներկայանում աշխատանքի կամ ուսման վայր: Զարմանալու ոչինչ չկար: Աբովյանից Երեւանի տարբեր ծայրեր կարելի էր գնալ թիվ 113, 114, 0, 261, 262, 267 միկրոավտոբուսներով կամ երթուղային տաքսիներով: Ամեն ինչ փոխվեց անկախությունից հետո. ավտոբուսները մեկիկ-մեկիկ վերացան, իսկ երթուղային տաքսիներով «պիկ» ժամերին երթեւեկելը դարձավ անտանելի: Մարդիկ անօգուտ բողոքում էին, երբեմն օգտվում էլեկտրագնացքից, որն էլ պարբերաբար փոխում էր չվացուցակը եւ հարմար չէր շատերի համար:
Եվ ահա, մոտ երկու տարի առաջ քաղաքում անսպասելի հայտնվեցին մի քանի «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ, որոնք կրում էին «Կինգ-Դելյուքս» մակագրությունը: Հայտնվեցին նաեւ մեծադիր գովազդային վահանակներ, որոնք փառաբանում էին այդ տաքսի ձեռնարկության առավելությունները: Այդ ավտոբուսները փոխարինեցին արդեն չգործող թիվ 113-ին՝ 259 համարով: Մարդիկ սկզբում հաճույքով էին նստում ավտոբուս, քանզի կարելի էր հանգիստ երթեւեկել, անգամ խնայել ամսական 3 հազար դրամ: Տոմսի արժեքը 150 դրամ էր: Ոչ ոք չէր կասկածում, որ դա գեղեցիկ խայծ է ապագա դառնություններից առաջ: Մինչ բոլորը սպասում էին, որ շուտով Ուկրաինայից բերված նոր ավտոբուսները կաշխատեն նաեւ այլ երթուղիներով, տաքսի ծառայությունը նոր տարվա նախաշեմին քաղաքի բնակիչներին մատուցեց իր տոնական առաջին նվերը: Տեղական հեռուստատեսությամբ հնչած հայտարարությունը, որ այսուհետեւ Երեւան գնացող եւ վերադարձող բոլոր ավտոբուսների վերջնական կանգառը լինելու է նախկին (վաղուց չգործող եւ անմարդաբնակ) ավտոկայանը, սառը ջուր մաղեց բոլորի վրա: Պարզվեց, որ սրանից հետո ոչ մի ուղեւոր չի կարող օգտվել 4-րդ միկրոշրջանից եկող եւ իր բնակավայրին մոտ գտնվող ավտոբուսի կանգառից, այլ պետք է նստի քաղաքում երթեւեկող ավտոբուս, գնա ավտոկայան, որպեսզի մեկնի Երեւան: Նույնը կրկնվում էր վերադարձին: Բացի ավելորդ ժամանակի կորստից, մարդիկ լրացուցիչ պետք է վճարեին 200 դրամ, ամենօրյա 400-ին: Բողոքի մեծ ալիք բարձրացավ: Միայն ամանորի տոներից հետո դժգոհողները գնացին տրանսպորտի նախարարություն, քաղաքապետարան, իրենց դժգոհությունը հայտնեցին, բայց ամեն ինչ մնաց նախկինը: Տուժում էին ոչ միայն Երեւան գնացողները, այլեւ գյուղերից եկողները եւ մեկնողները: Ամառանոցային Նուռնուսից վարորդները եւ ուղեւորները խնդրում էին քաղաքապետից՝ բեռներով վերադարձող մարդկանց չիջեցնել խաչմերուկում եւ թույլատրել տանել մինչեւ 4-րդ միկրոշրջան: Ոչ մի բացառություն, շուտով թիվ 259 ավտոբուսի վճարը նույնպես դարձավ 200 դրամ, եւ մարդիկ կոտրած տաշտակի առջեւ հայտնվեցին:
Այս տարվանից (չգիտես ինչու) չի գործում թիվ 262 երթուղին: Գարնանը՝ նախարարության նոր որոշումից հետո, մոտ 2 շաբաթ, բացի թիվ 259 ավտոբուսից, ոչ մի երթուղային չէր գնում Երեւան: Բողոքի ակցիա կազմակերպեցին քաղաքի ուսանողները եւ հիմա աշխատում են թիվ 261, 267 եւ 0 երթուղիները, սակայն Երեւանում նրանք ունեն ընդամենը 3 կանգառ (Ավան, Հերացու փողոց եւ «Այրարատ» կ/թ): Չգիտես ինչու, այդ որոշումը չի գործում «Կինգ-Դելյուքսի» պարագայում, եւ նրանց ավտոբուսը Երեւանի բոլոր կանգառներում կանգնում է: Դե, մարդիկ էլ, որպեսզի կրկնակի գումար չծախսեն, գերադասում են օգտվել այդ ավտոբուսից: Իսկ թե ի՞նչ է կատարվում առավոտյան, երբ ուղեւորները ստիպված, իրար հրմշտելով, մեկ ոտքի վրա կանգնած եւ դռներից կախված են երթեւեկում, մնում է պատկերացնել: Ամենաքիչը 100 մարդ է բարձրանում ավտոբուս, որից հետո անպակաս են խափանումները, պայթյունները, տագնապի զգացումը, երբ ավտոբուսները արգելակման ժամանակ տհաճ ձայն են հանում: Թե ինչքան է շարունակվելու այս մարաթոնը, ոչ ոք չգիտի: Մնում է միայն զարմանալ, թե ինչո՞ւ տրանսպորտային այս մենաշնորհին արժանացավ միայն «Կինգ-Դելյուքսը», իսկ մյուս երթուղիների տերերը լուռ համակերպվեցին ստեղծված իրավիճակին: