Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատապարտյալները դժգոհում են խլացուցիչներից

Նոյեմբեր 05,2011 00:00

Նվեր տված խլացուցիչի «ատամները» չեն հաշվում

\"\"

Ազգային ժողովի հանձնաժողովներում 2012թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը դիմեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Պատգամավորը հարցրեց, թե արդյոք հաջորդ տարի նախարարությունը շարունակելո՞ւ է քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսները խլացնող սարքերի տեղադրումը:
Պատգամավորի կարծիքով. «Դա սաստում է քրեական իրավիճակը, քանի որ բոլորիս հայտնի է, որ որոշակի հանցագործություններ, տեխնիկապես զինված լինելու շնորհիվ, ղեկավարվում են հենց քրեակատարողական հիմնարկներից»:
Պատգամավորը, սակայն, չառաջարկեց, որպեսզի խլացուցիչներ տեղադրվեն նաեւ ոստիկանությունում (այս տարվա մեր լուսաբանած դատավարություններից 7-ը բանդայի դեմ է հարուցված եղել, իսկ դրանք ձեւավորվել են միլպետների ու բարձրաստիճան ոստիկանների մասնակցությամբ, հեռախոսներով, դիմակներով, զենք ու հագուստով), կամ կառավարությունում դրվեն խլացուցիչներ, պակաս հանցագործություններ էլ այստեղ չեն նախապատրաստվել, ԱԺ-ում…
Հ. Թովմասյանը տեղեկացրեց, որ գործընթացը արդեն փորձարկման վերջին փուլ է մտել, բայց խոսքը միայն «Նուբարաշեն» եւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկներին է վերաբերում: Գործընթացն իրականացվել է VIVA CELL-ի կողմից նվիրատվության կարգով տրված սարքավորումներով:
«Բյուջեով նախատեսված չեն, բայց նախնական կալանքի հաստատությունը հաշվի առնելով որպես քննչական մեկուսարան, այն առաջինն է եղել ուշադրության կենտրոնում: Բայց հուսով եմ, որ նման միջոցներ կկիրառենք այլ տեղերում՝ այդ համակարգը ներդնելու համար, որովհետեւ, վստահեցնում եմ՝ այլ միջոցներով այդ խախտումների դեմ պայքարը բավականին անարդյունավետ է»,- ասել է նախարարը:
Նախարարը հավելել է. որ խլացնող սարքավորումները խնդիրներ են առաջացնում ներքին կապի դեպքում էլ: ՔԿՀ աշխատակազմի աշխատանքը եւս խոչընդոտվում է:
«Առավոտին» դիմած բազմաթիվ դատապարտյալներ դժգոհում են խլացուցիչների ձայնից: Նրանք ասում են, որ խլացուցիչների միալար «բվվոցը» խանգարում է իրենց, նյարդային լարվածություն է առաջացնում: Նրանք հատկապես գիշերը չեն կարողանում քնել, անքնությամբ են տառապում: Հաճախ լարվածությունը հանգեցնում է միջխցային վեճերի:
Մենք դիմեցինք մի քանի մասնագետների:
Նախ, նրանք զարմացան, որ հիմնարկներ են բերվում հեռախոսներ: Նրանք պնդում էին, որ պետք է հստակեցվի. հեռախոս թույլատրվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե չի թույլատրվում եւ ամեն օր էլ խուզարկություններ են լինում խցերում, բնականաբար, հարց է առաջանում. ինչպե՞ս է հեռախոսը հայտնվել արգելավայրում:
Պարզից էլ պարզ է, որ հեռախոսը սննդամթերքից հետո երկրորդ բիզնեսի ճյուղն է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների համար:
Նայեք նրանց հեռախոսներին. դատապարտյալներից «առգրավված»
հեռախոսներն են: Կան հեռախոսներ, որոնք չեն էլ առգրավվել, բնականաբար, խուց առ խուց պիտի դրանց համար մուծվեն:
Իսկ ինչ եղավ խլացուցիչներից հետո: Քրեակատարողականի աշխատողները, որպեսզի ցույց տան «տեղը», թե որտեղ խլացուցիչը չի խանգարում, էլի գումար են աշխատում:
Դատապարտյալներից շատերը գիտեն, թե հեռախոսը որտեղ է բռնում:
«Աղմուկի գծով» մասնագետներից մեկն ասաց, որ պետք է պարտադիր լինեն տեղում, որ որոշեն խլացուցիչների ձայնի ուժգնությունը: Նրանց հետաքրքրում էր, թե որքան ժամանակով է այն միացված, քանի դցբ է այն կազմում: Կան խլացուցիչներ, որոնք նախատեսված են էլեկտրամագնիսական դաշտի համար: Խորհրդային պետությունը ժամանակին այն օգտագործում էր ռադիոհաճախականությունների վրա ազդելու համար: Խորհրդային քաղաքացին չէր կարող լսել «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ այլն:
Աղմուկն ավարտվում էր այն ժամանակ, երբ լռում էր ռադիոկայանի ձայնը:
Խլացուցիչների խնդրով մենք դիմեցինք նաեւ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին: Նրանք ասացին, որ նվերի «ատամները» չեն հաշվում եւ, առհասարակ, չեն տիրապետում մասնագիտական գիտելիքների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել