Նոր Նորքում եւ Հին Նորքում բնակիչներն իրենց մաշկի վրա չեն զգում շների դեմ պայքարի արդյունավետությունը, փոխարենը զգում են շան կծոցները:
Թափառող շների խնդիրը մայրաքաղաքում մնում է առաջնային լուծում պահանջող հարցերի շարքում, քանի որ այս դեպքում ուղղակի գործ ունենք մարդկանց անվտանգության հետ: Չնայած պետական բյուջեից դուրս գրվող գումարներին, թափառող շների հարցը մեր քաղաքում չի լուծվում: Այսօր մի շարք թաղամասերում ապրող բնակիչները հատկապես գիշերային ժամերին հարձակման են ենթարկվում փողոցային շների կողմից, բացի այն, որ վախենում են, ինչը նույնպես կարող է դառնալ մի շարք հիվանդությունների պատճառ, մարդիկ նաեւ ֆիզիկական եւ նյութական վնասներ են կրում: Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 72 ա շենքի բակում իսկական շնաբուծարան է գործում: Մայր շունն իր 5 ձագերի հետ շրջում է տարածքում եւ ցանկացած մեկը, ով հանդգնում է անգամ 10 մետր հեռավորության վրա նրանց կողքով անցնել, շունը միանգամից ագրեսիվանում է եւ սկսում հաչել:
Հատկապես երեկոյան ժամերին բնակիչները հնարավորինս զգուշանում են՝ իրենց կողքին պահելով երեխաներին, որ հանկարծ հարձակման չենթարկվեն: Ըստ մասնագետների, շատ լավ է, երբ երեխաները կամ առհասարակ ցանկացած տարիքի մարդը շփվում է կենդանու հետ, հոգատարություն ցուցաբերում կամ ապրում մի հարկի տակ, սակայն դա այն դեպքում, երբ այդ կենդանին վտանգ չի ներկայացնում տվյալ մարդու եւ շրջապատի համար: Այդ ընտանիքից բացի, շենքի բակում շրջում են նաեւ 9 այլ շներ, որոնք նույնպես հաչում են ու հարձակվում բնակիչների վրա: Մեզ հետ զրույցում շենքի բնակիչները պատմեցին. «Ճիշտ է, երեխաները սիրում են այդ շներին, վազվզում նրանց հետ, ձեռք տալիս, բայց, միեւնույն է, վտանգը կա, երբ նրանք սոված եւ գազազած են լինում: Բացի այդ, սանիտարահիգիենիկ տեսանկյունից էլ վտանգավոր է երեխայի դիպչելը փողոցային շներին. դրանք կարող են մի շարք վարակների աղբյուր հանդիսանալ մարդու համար»:
Շները առավոտյան նույնպես ագրեսիվ են լինում, ինչպես մեզ հետ զրույցում ասաց երեխաներից մեկը, ինքը երբ ամեն առավոտ հեծանիվով դուրս է գալիս բակ՝ շները միանգամից հարձակվում են ու հաչելով վազում հեծանիվի հետեւից:
Թափառող շների հարձակմանն են ենթարկվում նաեւ Հին Նորքի բնակիչները: Այս թաղամասում սեփական տներ են: Նորքեցիների պատմելով, իրենց թաղամասում շները ոհմակներով են թափառում եւ անգամ խմբով շրջելու պարագայում մարդիկ, միեւնույն է, անմասն չեն մնում հարձակումներից: Այս համայնքի բնակիչները նույնպես իրենց մաշկի վրա չեն զգում թափառող շների դեմ պայքարի արդյունավետությունը, փոխարենը զգում են շան կծոցները: