«Ռենկո» ընկերությունն իր սեփական տարածքը փակել է, ինչի հետեւանքով տարածքի բնակիչները հայտնվել են փակուղում. ոչ շտապօգնության, ոչ էլ հրշեջ մեքենաները չեն կարող տարածք մուտք գործել:
Խորենացու եւ Լուսավորչի փողոցների միջնամասում գտնվող նախկին հեծանվահրապարակում «Ռենկո» ընկերությունն արդեն 5 օր է՝ շինարարական աշխատանքներ է սկսել: Այս իրավիճակը իսկական պատուհաս է դարձել հեծանվահրապարակի հետեւի մասում ապրող 4 ընտանիքների համար: Այստեղի 25 բնակիչներն ուղղակի «բլոկադայի» մեջ են հայտնվել՝ զրկվելով իրենց տուն ու տարածք մտնել-դուրս գալու հնարավորությունից:
«Ռենկո» ընկերությունն իր սեփական տարածքի մուտքերը փակել է՝ բնակիչներին թողնելով ընկերության տարածքին հարակից փակուղում: Տարիներ շարունակ այս բնակիչները իրենց տուն ելումուտ են արել հեծանվահրապարակի դարպասներով կամ գործարար Վաղարշ Աբրահամյանին պատկանող Ոսկու շուկայի կողքով, սակայն այժմ «Ռենկոն» երկու մուտքն էլ երկաթե դռներով փակել է ու, անկախ ամեն ինչից, նրանց թույլ չի տալիս օգտվել այդ դռներից:
«Հայտնվել ենք փակուղում: Իրենց տարածքը սկսվում է մեր տան դիմացից, այսինքն՝ մենք իրավունք ունենք միայն մեր տան տարածքում տեղաշարժվելու, ուրիշ տեղ չենք կարող գնալ: Ո՞վ է այսպիսի բան տեսել: Մարդ ենք, չէ՞: Հնարավոր է՝ հրշեջ ծառայության կամ շտապօգնության անհրաժեշտություն լինի, ոչ մի կերպ թույլ չեն տալիս մեքենայի մուտքը, ինչ է, մեռնելո՞ւ ենք: Դա մարդկայի՞ն է: Ի վերջո, նորածին երեխաներ ունենք, մեծահասակներ ունենք»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց այդ հասցեի բնակիչ Կարինե Բարեղամյանը: Նրա խոսքերով, իրենք բազմիցս են փորձել կառուցապատողի հետ լեզու գտնել, սակայն ընկերության իտալացի ներկայացուցիչը միայն լսում է իրենց դժգոհությունները եւ ոչ մի կերպ հարցը չի լուծում. «Այսքան ժամանակ իրենց խոստումը եղել է միայն այն, որ մեր տների առջեւ ոչ թե իսկական պատ են բարձրացնելու, այլ՝ թիթեղյա, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան հանել»: Բնակիչները միահամուռ դիմել են նաեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ տարածքի սեփականատերը «Ռենկո» ընկերությունն է: «Որպես ոտնահարված իրավունքներով երեւանցիներ, դիմել ենք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, ՄԻՊ գրասենյակից նամակով պատասխանել են, որ Խորենացու 24 հասցեում շինարարություն իրականացնող ընկերությունը չպետք է խոչընդոտի բնակիչների ելումուտին: Դրա համար միջնորդել է նաեւ քաղաքապետարանը, բայց ոչինչ չի փոխվել, մենք նույն վիճակում ենք»,- ներկայացրեց տիկին Կարինեն:
Էմմա Բարեղամյանն էլ ավելացրեց, որ ինքը առողջական խնդիրներ ունի եւ հաճախ են իր համար շտապօգնություն կանչում. «Վերջերս լավ եմ, բայց շատ եմ վատանում: Բա որ վատանամ, ինչ ենք անելու, եթե այստեղ չեն թողնում մեքենա մտնի: Ավտոտնակներ էլ ունենք, որոնցից անհնար է օգտվել: Բա բարեկամները մեր տուն ինչպե՞ս են գալու, ոչ մեկին չեն թողնում»:
Նկատենք, որ մենք էլ մեծ դժվարությամբ տարածք մտանք: Հեծանվահրապարկի դարպասների մոտ 3 հսկիչ կար, որոնք մեզ ասացին, որ իրենց հրահանգել են դարպասները փակ պահել՝ ոչ մեկին ներս կամ դուրս չթողնել: Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ բնակիչներին այդպիսի փակուղու մեջ են պահում, պատասխանեցին, որ ոչ մի հարցի պատասխանելու իրավունք չունեն, բոլոր հարցերով դիմենք իրենց «օֆիս»:
Նշենք, որ այս 4 տների տարածքը նույնպես պետք է իրացվեր, սակայն այն ձեռք բերած կազմակերպությունը՝ «Սպիտակ տնակ» ընկերությունը, բնակիչների տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ սնանկ է ճանաչվել:
Այս առնչությամբ «Ռենկո» ընկերության արտաքին իրավախորհրդատու Սարգիս Գրիգորյանը «Առավոտին» պարզաբանեց, որ այս տարածքում պետք է անվտանգությունն ապահովող սարքավորումներ տեղադրվեն, որպեսզի այստեղի բնակիչներին վնաս չհասցվի. «Ի վերջո, խոսքը մարդկանց առողջությանն ու անվտանգությանն է վերաբերում: Շուտով հարցը լուծում կստանա: Կարող են ելումուտ անել»: