ԿԳ նախարարը կարեւորեց ԶԼՄ-ների դերը
Երեկ Աղվերանում բացվեց «Հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը՝ Բոլոնիայի գործընթացի կարեւորագույն սկզբունքներ» թեմայով սեմինար-քննարկումը ԶԼՄ-ների համար: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ բոլոր ոլորտներն ու գործընթացները կարիք ունեն հասարակական աջակցության եւ ԶԼՄ-ների ուշադրության: «Մենք այլընտրանք չունենք… ԶԼՄ-ների հետ, եւ ԶԼՄ-ների միջոցով է ձեւավորվում այլակարծության յուրօրինակ հարթակ եւ մշակույթ՝ մասնագիտական քննարկումների համար»: Նախարարի խոսքով. «Մեր աշխատանքը թերի է, առանց ձեզ չի կարող ձեւավորվել հասարակական կոնսենսուս»: Այլ խոսքով՝ կարեւորելով լրատվամիջոցների դերը՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Դուք մեր նյարդային համակարգն եք»:
ԿԳՆ Զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրեց կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրը: Նա նշեց, որ ներկայումս Հայաստանի կրթական համակարգը, հաղթահարելով անցումային շրջանի ճգնաժամը, բավարար հիմքեր է ստեղծել հետագա զարգացման համար, որը պետք է առաջնորդվի «կրթությունը՝ որպես Հայաստանի մրցակցային հիմնական առավելություն տեսլականով»: Ըստ բանախոսի՝ կրթության համակարգի ներկա փուլի ռազմավարական նպատակն է արձանագրել հիմնախնդիրների լուծման այնպիսի արդյունքներ, որոնք կվերականգնեն կրթության եւ գիտելիքի վարկանիշը, կամրապնդեն Հայաստանի՝ որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը: Ռ. Ստեփանյանը նշեց, որ Հայաստանը միջազգային կրթական ասպարեզում ավելի մեծ հեղինակություն ունի, քան երկրի ներսում: Պատճառն էլ, նրա խոսքով, այն է, որ դրսում Հայաստանը դիտում են որպես ավելի «համեստ» երկիր ու զարմանում են նրա բացառիկ նվաճումներով: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրեց հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու խնդիրները. արդեն 81 ավագ դպրոցում իրականացվում է ներառական կրթություն, ՀՀ ողջ տարածքում գործում է 107 ավագ դպրոց: Այս ուսումնական տարի ավագ դպրոց է հաճախել շուրջ 12000 երեխա, 40 000-ն էլ տեղավորվել է ուսումնարաններում, քոլեջներում եւ այն հիմնական դպրոցներում, որոնք դեռեւս տասներկուամյա են ինչ-ինչ պատճառներով: