Գիտությանը՝ 10 միլիարդից ավելի
Խորհրդարանն արդեն մեկ շաբաթ քննարկում է եկող տարվա ՀՀ պետական բյուջեն, եւ քանի որ նույն այդ շաբաթվա ընթացքում քաղաքական անսպասելի զարգացումներ տեղի ունեցան, բյուջեն մի տեսակ կարծես անտեսվեց: Երեկ մենք ներկա եղանք բյուջեի քննարկումներին եւ պարզեցինք, որ 2012 թվականի բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը (առանց պետական կառավարման ապարատի պահպանման եւ գիտության գծով ծախսերի) կազմում են 108045.9 մլն դրամ: Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին՝ 69331.6 մլն դրամ: 2012 թ. միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 117.9 հազ. դրամ, վարչական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը՝ 176.2 հազ. դրամ, հաշվապահների դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը՝ 87.7 հազ. դրամ, ուսումնաօժանդակ ու տնտեսական դրույքներինը՝ 33.1 հազ. դրամ: 2012թ. մանկավարժական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունը, կկազմի 114.8 հազ. դրամ: «Միջին մասնագիտական կրթություն» դասին կտրամադրվի 3437.6 մլն դրամ: Աճը 2011թ. նկատմամբ կազմում է 273.2 մլն դրամ կամ 8.6 տոկոս, բարձրագույն կրթությանը՝ 7732.5 մլն դրամ, որը 2011թ. նկատմամբ աճել է 16.1 մլն դրամով կամ 0.2 տոկոսով, չնայած ուսանողների թվաքանակի 1,9 հազարով նվազմանը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նախատեսված գումարները բավարա՞ր է համարում: Նախարարի ասելով. «Կրթությունն այն ոլորտներից է, որտեղ լրացուցիչ յուրաքանչյուր ներդրում արդարացված է, եւ գումարի կարիք միշտ էլ կա, որովհետեւ զարգացումներն այնպիսի արագությամբ են տեղի ունենում, որ ֆինանսավորումը պետք է հասցնի հետեւել մանկավարժական մտքի զարգացումներին: Այն բյուջեն, որը մենք ունենք 2012 թվականի համար, ամբողջությամբ բավարարում է Հայաստանի հանրապետությունում տարիներ առաջ մեկնարկած կրթական լայնածավալ բարեփոխումների իրականացմանը: Նախատեսված որեւէ բարեփոխում, որեւէ փոփոխություն առանց ֆինանսական աջակցության եւ հիմնավորման չի մնա: Հատկապես ուզում եմ շեշտել, որ չնայած անվանական առումով կրթության բյուջեն որոշակի կերպով պակասել է, քանի որ ավարտվել են որոշակի ծրագրեր, սակայն կրթության բովանդակության համար նախատեսված գումարներն աճել են շուրջ հինգ միլիարդով, եւ սա մեզ վստահություն է ներշնչում, որ տասներկու թվականին մենք նույնքան հետեւողականորեն եւ հաջողությամբ կիրականացնենք նախատեսված կրթական բարեփոխումները: Կփորձենք հավելյալ ֆինանսավորում բերել մասնավոր սեկտորից, միջազգային կազմակերպություններից եւ դոնորներից՝ կոնկրետ ծրագրերի համար, իսկ նման ակնկալիքներ կան, որովհետեւ նախարարությունը շատ արդյունավետ աշխատում է հատկապես միջազգայնացման ուղղությամբ՝ ներդրումներ բերելու համար: Ուզում եմ շեշտել, որ գիտությանը հատկացվող բյուջեն առաջին անգամ հատել է տասը միլիարդի սահմանը, եւ շարունակական աճի շնորհիվ մենք կարողանում ենք ավելի լավատեսորեն նայել նաեւ գիտական համակարգի ապագային»: