Արտասահմանցի դիզայներներին գրավել են Մասիսը, Փարաջանովի կոլաժները, հայ հոգեւորականների հագուստները
Դեռեւս մայիսին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ մեկնարկեց «Fashion road» կամ «Նորաձեւության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում» խորագրով երկամյա ծրագիրը: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը հույս էր հայտնել, որ ծրագիրը հայկական նորաձեւության ոլորտում մեծ փոփոխություններ կմտցնի, քանի որ ծրագրում ներառված են ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի դիզայներներ:
Ծրագրի շրջանակներում մասնակից դիզայներները փոխայցելություններ պետք է կատարեին միմյանց երկրներ՝ ուսումնասիրելու տվյալ երկրների մշակույթն ու պատմությունը: Հայաստանից՝ նկարիչ-մոդելավորող Արամ Նիկոլյանը, Գայանե Սողոմոնյանը, Լուսինե Կոստանյանը, Անի Իսկանդարյանը եւ Քրիստինե Ավետիսյանը շրջել են Անգլիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում եւ Չեխիայում:
«Առավոտի» հետ զրույցում Արամ Նիկոլյանը պատմեց, որ այցելել է Ռումինիա: Նախագծում նրա գործընկերը ռումինացի նկարիչ-մոդելավորող Անդրա Քլիցան է: Ըստ Արամի՝ «Մինչ զույգ կազմելը, տատանվում էի երկու երկրների ներկայացուցիչների միջեւ՝ Լոնդոնի եւ Չեխիայի: Անգլիացի եւ չեխ դիզայներները ոճային առումով ավելի էֆեկտիվ էին ինձ թվում: Ես էլ մաքսիմալիստ եմ ու կարծում էի, թե հեշտ իրար կհասկանանք: Բայց երբ 15 օրով օտարազգի ներկայացուցիչները շրջեցին մեր երկրում, նրանց հետ շփումից հասկացա, որ ինձ հոգեպես ավելի մոտ է Ռումինիայի մասնակիցը: Տասնօրյա շրջայցի ընթացքում հետաքրքրվեցի ռումինական եկեղեցիների ճարտարապետությամբ: Անդրայի գաղափարները յուրօրինակ էին: Դա զգացի Էջմիածնի թանգարանում, որտեղ նա հետաքրքրվեց կաթողիկոսների տոնական թիկնոցներով, աքսեսուարներով: Իսկ ես ինձ համար որպես հետաքրքրություն ընտրել էի ռումինական ճարտարապետությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում ես նկարներով տարվել էի ռումինական տների տանիքներով: Բայց երբ հասա Ռումինիա, հասկացա, որ դրանք ոչ թե բնակելի տների տանիքներ են, այլ եկեղեցիների: Փայտից պատրաստված եկեղեցիների տանիքները գաղափար ծնեցին, որը կցեցինք Անդրայի՝ հոգեւորականների հագուստների գաղափարին: Արդյունքում ընտրվեց մեր հավաքածուի թեման՝ հոգեւորական հագուստն ու եկեղեցական ճարտարապետությունը: Ռումինական մշակույթը շատ հարուստ է, ինչպես հայկականը: Այդ պատճառով էլ մտավախություն ունեի, որ երկու շատ հարուստ մշակույթներ հնարավոր չի լինի մեկտեղել»:
Դիզայներ Գայանե Սողոմոնյանն էլ համագործակցում է Գերմանիայի ներկայացուցիչ Մելանի Ֆրիերի հետ: Գերմանիայում նա տպավորվել է ռազմական թեմայով: Ինչպես նշեց Գայանեն, մի քանի օր անցկացրել է Բեռլինում եւ տպավորվել Բեռլինի պատմության թանգարանի գանձերով. «Ինձ համար որպես թեմա ընտրվեց կինը: Դա բոլոր ժամանակների ամենահետաքրքիր թեման է: Ինձ մասնավորապես ոգեշնչեց գերմանուհու կերպարը, որ նմանեցրի հայուհուն: Նրանք էլ են եղել կռվող կանայք: Քանի որ հայ կինն էլ իր ուրույն դերն է ունեցել մեր պատմության ու մշակույթի ստեղծման գործում, ցանկանում եմ շեշտը դնել այդ կերպարի վրա: Օրինակ, այնտեղ՝ իրենց թանգարաններում տեսա մի լուսանկար, որում կինը մի ձեռքով հրացանն է բռնել, մյուսով էլ երեխային է կերակրում: Այդպիսին եղել են նաեւ հայ մայրերը: Գերմանիայից վերադարձա շատ տպավորված եւ հստակ պատկերացումով, թե ինչ եմ ուզում ստեղծել»:
«Կրիստաս fashion studio»-ի ներկայացուցիչ Քրիստինե Ավետիսյանի հավաքածուն լցված կլինի չեխական մշակույթի էլեմենտներով. նրա գործընկերը նախագծում չեխ հայտնի դիզայներ Պավել Իվանչիչն է: Քրիստինեն Պավելի հետ շրջել է Պրահա եւ Բռնո քաղաքներում: «Տպավորված եմ չեխական մշակույթով: Չնայած նրանց ազգային տարազները բարդ են եւ հագեցած գույներով, բայց ժամանակակից նորաձեւությունում գերակշռում են պարզ ուրվագծերը: Ասես ամեն ինչ հիմնված լինի պարզության վրա: Հավաքածուի միտքը ծնվեց չեխ նկարչուհի Ադրիենա Սիմոտովայի աշխատանքներին եւ նրա հետ ծանոթանալուց հետո: Հետաքրքիրն այն էր, որ Պավելն էլ ոգեշնչվել էր Փարաջանովի կոլաժներով: Մեր աշխատանքները ավելի շատ նվիրված կլինեն արվեստին»,- ասաց Ք. Ավետիսյանը:
Դանիա այցելել էր Անի Իսկանդարյանը: Դանիական մշակույթին եւ նորաձեւությանը Անիին ծանոթացրել է դանիացի Իդա Գրոն: Այս զույգը ոգեշնչվել է երկու երկրների բնաշխարհների գեղեցկությամբ: Անիի խոսքով՝ «Ինձ դուր եկավ Դանիայի բնությունը: Մասնավորապես տպավորիչ էր երկինքը՝ թեթեւ էր ու պարզ: Իդա Գրոն էլ ոգեշնչվել էր մեր լեռներով, Մասիսով: Մեր հավաքածուն կունենա հայկական լեռների շունչն ու դանիական երկնքի թեթեւությունը»:
Ամենատպավորիչ այցելությունը նախագծի անդամներից ունեցել է Լուսինե Կոստանյանը: Նրան իր անգլիացի գործընկեր Ջիանին Պոլազոն հյուրընկալել է Լոնդոնում: Բացի բրիտանական մշակույթից, Լուսինեն հնարավորություն է ունեցել հանդիպել նաեւ բարձր նորաձեւության ներկայացուցիչ, աշխարհահռչակ կուտուրյե Ռոբերտո Կավալիին: «Իմ՝ այնտեղ գտնվելու օրերին Լոնդոնում էր նաեւ Կավալին: Նա եկել էր մասնակցելու նկարիչ-մոդելավորողների փակ հանդիպմանը, որին մասնակցեցի նաեւ ես: Վարպետը պատասխանում էր մասնակիցների հարցերին, պատմում, թե ինչպես է ոգեշնչվում, աշխատում: Դա շատ տպավորիչ էր եւ մեծ հնարավորություն՝ ծանոթանալու վարպետների փորձին անձամբ իրենցից: Երբ ասացի, որ Հայաստանից եմ, նա զարմանալով ասաց՝ «wow, it’s wonderfull»»: Լուսինեն նշեց, որ եղել է նաեւ Բաթ քաղաքում, այցելել է տեղի ամենահայտնի Նորաձեւության թանգարան, ուր ցուցադրված են թագուհիների, այդ թվում՝ նաեւ Վիկտորիա Երկրորդի հարսանեկան զգեստը. «Առանձին սրահում ներկայացված էին ձեռնոցների հավաքածուները: Այդ ձեռնոցներն արվեստի իսկական ստեղծագործություններ էին: Իմ գործընկերոջն էլ Հայաստանում ոգեշնչել էին հայկական գորգերը: Արդյունքում կունենանք անգլիական ձեռնոցների եւ հայկական գորգերի տարրերից բաղկացած էսքիզներ»: