Եվ այսպես, երեկ Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Հայ մարզասերի ակնկալիքները մեր երկու ընտրանիներից էլ մեծ են: Տղամարդիկ կրում են աշխարհի թիմային չեմպիոնի կոչումը, իսկ կանայք Հին Աշխարհամասի 2007 թվականի առաջնության բրոնզե մրցանակակիրն են:
Վիճակահանությամբ մեր տղամարդկանց հավաքականը մեկնարկային տուրում հանդիպում էր Ավստրիայի ընտրանու հետ, որն իր կազմում չունի ժամանակակից պահանջներին համապատասխանող վառ անհատականություններ: Այդուհանդերձ, հայտնի է, որ Եվրոպայի առաջնության մակարդակի մրցաշարերում բացահայտ թույլ թիմեր չեն լինում, եւ յուրաքանչյուր պայմանական ետնապահ կարող է տհաճ անակնկալ մատուցել հաղթողի հավակնորդ համարվող ցանկացած ֆավորիտի: Բայց Հայաստանի տղամարդկանց ընտրանու մարզիչ, բազմափորձ Արշակ Պետրոսյանը, այնուամենայնիվ, որոշել էր մեկնարկային տուրում հանգիստ թողնել թիմի առաջատար Լեւոն Արոնյանին՝ թիմը գլխավորելու պատասխանատվությունը դնելով Սերգեյ Մովսիսյանի ուսերին: Հետեւաբար, չորրորդ խաղատախտակի առջեւ Եվրոպայի առաջնության բացման խաղում հանդես էր գալիս երիտասարդ, բայց արդեն աշխարհի թիմային չեմպիոնի կոչումը կրող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որն իրեն գերազանց է դրսեւորել նաեւ մրցաշրջան 2011-ին մասնակցած բոլոր մրցաշարերում:
Չեխիայի հետ մեկնարկային մրցամարտին պատասխանատվության ավելի մեծ զգացումով էր մոտեցել մեր կանանց հավաքականի նորանշանակ մարզիչ Արթուր Չիբուխչյանը՝ պայքարի հանելով ամբողջ ծանր հրետանին՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա կազմով: Ճիշտ է, Մարիան առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո, սակայն կանանց գրոսմայստերի կոչում կրող շախմատիստուհուն վստահելը, այն էլ՝ 4-րդ խաղատախտակը, միանգամայն արդարացված պետք էր համարել, մանավանդ, որ համեմատաբար համեստ տվյալներով մրցակիցներից հնարավորինս շատ միավորներ կորզելը վճռորոշ դեր կարող է խաղալ մրցաշարային ամփոփիչ աղյուսակում գրավելիք վերջնական տեղի հարցում:
Տղամարդկանց պայքարում զույգեր կազմել էին Մարկուս Ռաջերն ու Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Ստեֆան Կինդերմանը, Դավիթ Շենգելիան ու Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Ռոբերտ Կրեյսլը, իսկ կանանցից՝ Եվա Կալովանան ու Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Կատերինա Նեմցովան, Քրիստինա Հավլիկովան ու Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան ու Թերեզա Օլսարովան:
Սերգեյ Մովսիսյանի ոչ-ոքիից հետո նրա թիմակիցները պարտության մատնեցին մրցակիցներին՝ հավաքականի համար ապահովելով 3,5:0,5 հաշվով հաղթանակ: Իսկ ահա մեր աղջիկների գործերը սկզբում լավ չդասավորվեցին: Կուրսովան Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց խաղաղ ելքով: Կես միավոր վաստակեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը, սակայն Լիլիթ Գալոյանի պարտությունը մեր ընտրանուն դրեց վատ վիճակի մեջ: Եվ միայն մեր առաջատարի՝ Էլինա Դանիելյանի տաժանակիր պայքարով ձեռք բերված հաղթանակի շնորհիվ, որը տեւեց շուրջ 6,5 ժամ, հնարավոր եղավ խուսափել պարտությունից: