Օրերս Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի վարիչ Լեմս Ներսիսյանի նկարների ցուցահանդեսը: Լեմս Ներսիսյանի աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Մինսկում, Իրկուտսկում, Արաբական Էմիրություններում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Նա մի շարք միջազգային ստեղծագործական միությունների անդամ է: Ներսիսյանը նաեւ 70 գիտական աշխատանքների հեղինակ է: Նրա արվեստի հոգեբանությունը հաստատում է բազմիցս ապացուցվածը՝ բնության ամեն մի պահ անկրկնելի է, գոյություն չունի «ընդհանուր վիճակ» հասկացությունը: Նա իր կտավներում չի հեռանում օբյեկտիվ իրականությունից: Ցուցահանդեսի նպատակը Լեմս Ներսիսյանը բնորոշեց այսպես. «Ես ցանկանում եմ մոտիկից շփվել իմ արվեստի սիրահարների հետ, դրա համար էլ հինգ տարին մեկ անհատական ցուցահանդես եմ ունենում»: Մեր այն հարցին, թե ինչն է ոգեշնչում յուրաքանչյուր նկարի ստեղծման ժամանակ, հեղինակը պատասխանեց. «Բնությունը բոլոր ուսուցիչներից ամենահզորն է եւ հենց ինքն է թելադրում, թե ինչ ոճով նկարեմ»: