Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրաթիվ, բայց ազդեցիկ հայկական համայնք

Նոյեմբեր 04,2011 00:00

«Կինդ կամ կուսակցությունդ». այս «վերջնագրով» բուլղարական Շումեն քաղաքում հաջողվել է
մեկ ձայն ապահովել ցեղասպանության ճանաչման համար:

\"\"
Շումենի հայկական եկեղեցու բակը:

\"\"
Գրիգոր Փանոսյանը ջանք չի խնայում հայկական ոգին պահելու համար:

\"\"

\"\"
«Հայկական տանն» աշխատող ամուսիններ Դարջանն ու Մելիքը Բուլղարիա են տեղափոխվել 93-ից:

Հինավուրց Շումեն բերդաքաղաքում (Բուլղարիա) ընդամենը 250-300 հայ է ապրում, բայց հայկական փոքրաթիվ համայնքը բավականին ակտիվ է: Չնայած մեծ թուրքական համայնքին եւ ուժեղ լոբբիին, քաղաքապետարանի մակարդակով Հայոց ցեղասպանությունն այստեղ ճանաչվել է: Շումենի հայկական համայնքի ղեկավարը Գրիգոր Փանոսյանն է: Նա պատմում է, որ երբ 3 տարի առաջ քաղաքապետարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ընդամենը մեկ ձայն էր պակասում: Այդ մեկ ձայնը ստանալու համար հայերը դիմել են քաղաքային խորհրդի այն անդամին, ում կինը հայուհի է ու «սպառնացել». «Ընտրիր՝ կամ կինդ, կամ կուսակցությունդ»: Քաղաքապետարանի ներկայացուցիչը, բնականաբար, հանուն սիրո՝ քվեարկել է ցեղասպանության ճանաչման օգտին: Գրիգոր Փանոսյանն ասում է, որ ժամանակին 10000 բնակիչ ունեցող Շումենում 1000-ից ավելի հայ կար, բազմաթիվ խմբակներ, անգամ երգի-պարի անսամբլ, որ Թաթուլ Ալթունյանի անունն էր կրում: Իր հայրն էլ այդ անսամբլում ակորդեոն է նվագել երկար տարիներ: Հիմա մեկ այլ անսամբլ է գործում, անդամներն էլ երիտասարդներն են: Հայկական համայնքը, Գրիգորի պատմելով, համախմբված է եկեղեցու շուրջը, որը գտնվում է «Հայկական տուն» կոչվող համալիրի բակում: Այստեղ նաեւ թանգարան կա, ակումբ: Եկեղեցու բակում ոչ միայն Հայաստանից բերված խաչքար կա, այլեւ հայատառ, բայց թուրքերեն բառերով տապանաքարեր, նաեւ անվանի հայորդիների գերեզմաններ:
Գ. Փանոսյանը պատմում է, որ երբ 1849-ին հունգարացիները ցանկացել են Սուրբ Ծննդի օրը բուլղարական եկեղեցում աղոթել, բուլղարները թույլ չեն տվել, Շումենի հայերը հունգարացիներին հնարավորություն են տվել հայկական եկեղեցում աղոթել: Այդ օրվանից ամեն տարի Հունգարիայի դեսպանը այցելում է Շումենի հայկական եկեղեցի, ի նշան հունգար ժողովրդի երախտագիտության՝ հուշատախտակ է փակցված հայկական եկեղեցու պատին:
Մեր զրուցակցից պարզեցինք, որ Շումենի հայերը ոսկերիչներ են, փաստաբաններ, բժիշկներ, իսկ ինքը DJ է՝ «Ռադիո ֆորտեում» եւ «Ռադիո Շումենում», նաեւ թերթ է տպագրում: «Հայկական տանը» հայերը հավաքվում են ամեն շաբաթ-կիրակի, բոլոր տոնական առիթներով, նշում են հայկական տոներն ու հիշարժան տարեթվերը: Իսկ ամեն ապրիլի 24-ին խաղաղ երթի են դուրս գալիս, վերջնակետը հայկական եկեղեցին է: Գրիգորի ասելով, օտարազգիներն էլ են մասնակցում այդ երթին:
«Առավոտի» հետ զրույցում Գրիգոր Փանոսյանը խնդրեց, որ հայկական իշխանությունները հետաքրքրվեն Հայաստանի այն քաղաքացիներով, որոնք Բուլղարիայում են՝ անձնագրի ժամկետը անցել է, ու ստացվում է այնպես, որ ոչ Բուլղարիայում կարող են ազատ տեղաշարժվել, ոչ էլ վերադառնալ Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել