Լրահոս
Օրվա լրահոսը

Խնայում են առաջնային բուժօգնության օղակի հաշվի՞ն

Նոյեմբեր 04,2011 00:00

\"\"Մինչդեռ մասնագետները գտնում են, որ հենց այս օղակի գումարները պետք է ավելացնել, քանի որ այն ունի բնակչության բազմաթիվ հիվանդությունների զարգացման կանխարգելիչ նշանակություն:

Բնակչության առողջության պահպանման եւ արդյունավետ հանրային առողջապահական համակարգի ու ծրագրերի ապահովման խնդիրները թերեւս սուր են բոլոր զարգացող երկրներում: Հայաստանում եւս, չնայած ներդրված բազմաթիվ ջանքերին եւ շարունակական բարեփոխումներին, առողջապահական համակարգը բազմաթիվ անկատարություններ եւ խնդիրներ ունի:
Առաջնային բժշկական օգնությունը (արտահիվանդանոցային ծառայություններ) բնակչությանն անվճար տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, երաշխավորվում է պետության կողմից: Այս օղակն առողջապահական ողջ համակարգում առանձնահատուկ է, քանի որ այն ունի բնակչության շրջանակներում բազմաթիվ հիվանդությունների զարգացման կանխարգելիչ նշանակություն: Այս առումով, առաջնային բժշկական օգնության համակարգի շահառուները մի կողմից առանձին սոցիալական խմբերն են՝ հղիներ, կանայք, երեխաներ, հաշմանդամներ, զորակոչային տարիքի անձինք եւ այլն, իսկ մյուս կողմից՝ ողջ բնակչությունը եւ հասարակությունը:
Հայաստանում առաջնային բուժօգնության ոլորտը որպես գերակա ոլորտ եւ գործողությունների հիմնական թիրախ՝ ամրագրված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր հիմնական փաստաթղթերում՝ ՀՀ նախագահի նախընտրական ծրագիր, ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործողությունների ծրագիր, ՀՀ Կայուն զարգացման ծրագիր, ինչպես նաեւ, 2012-2014 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիր:
Օքսֆամ ՄԲ կազմակերպության եւ ՏԶՀ կենտրոնի կողմից վերջերս իրականացված հատուկ ուսումնասիրությունները փաստում են ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին, որոնք նախ եւ առաջ պայմանավորվում են պետության կողմից ֆինանսավորման ցածր մակարդակով: Մասնավորապես, հետեւյալ հիմնական խնդիրներն են արձանագրվել Երեւանի եւ Հայաստանի մարզերի բնակչության շրջանում եւ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում իրականացված ընտրանքային հետազոտության արդյունքներով: Այսպես՝ սոցիալապես խոցելի խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղամիջոցները կազմում են բուժման համար անհրաժեշտ դեղորայքի փոքր մասը: Շատ են դժգոհությունները տրամադրվող դեղամիջոցների որակական հատկանիշների հետ կապված, դեղամիջոցների փոխարինման անհրաժեշտությունն ակնհայտ է:  Շատ բուժհաստատություններ թերզինված են անհրաժեշտ սարքավորումներով եւ բժշկական պարագաներով: Շատ հաճախ մարդիկ իրենց տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունում պատշաճ կերպով չեն ստանում անհրաժեշտ ծառայությունը եւ ստիպված են լինում դիմել հիվանդանոցային բուժհաստատություններ՝ վճարովի ծառայություններ ստանալու համար: Առաջնային բուժօգնության օղակի բուժաշխատողները միջինում բավականին ցածր են վարձատրվում, ինչն անդրադառնում է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի վրա, ինչպես նաեւ՝ առաջ է բերում ոչ ֆորմալ կամ լրացուցիչ վճարների ռիսկեր: Վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչ խոսք, սահմանափակեց առողջապահության ոլորտում անհրաժեշտ ներդրումների իրականացման ՀՀ կառավարության հնարավորությունները: Զարգացման միջազգային հիմնական գործընկերների հետ (Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ եւ այլն) համագործակցության օրակարգը ձեւավորելիս՝ ՀՀ կառավարությունը պարտավորություններ ստանձնեց՝ չկրճատել աղքատամետ ծախսերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտում: Այնուհանդերձ, արդեն 2012-ի պետական բյուջեի նախագիծն առաջնային բուժօգնության ոլորտում (արտահիվանդանոցային ծառայություններ) նախատեսում է, 2011-ի համեմատությամբ, 5.3 միլիոն դրամով ծախսերի կրճատում: Ընդ որում, հաշվի առնելով գների մակարդակի փոփոխությունը, ինչպես նաեւ՝ 2012-ին պետության կողմից պարտադիր սոցիալական վճարների բարձրացումը, որն առաջ է բերում լրացուցիչ ծախսեր, ոլորտի ֆինանսավորման կրճատումը շատ ավելի մեծ է: Զգալի կրճատումներ են նախատեսվում նաեւ մասնագիտացված բժշկական օգնության եւ ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների գծով: 
2012-ի բյուջեն թույլ չի տա բնակչությանը մատուցել 2011-ի նույն ծավալին համարժեք բժշկական օգնության ծառայություններ: Հարկ է նաեւ նկատել, որ առաջնային բուժօգնության ոլորտը, ըստ հայտարարված քաղաքականությունների, հիվանդանոցային ծառայությունների նկատմամբ գերակա դեր ունի: Ուշադրության արժանի է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում չկա պարտադիր ապահովագրական համակարգ, որը թերեւս թույլ կտար մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով տեղաբաշխել պետպատվերը մասնավոր ոլորտում, որն առավել արդյունավետ համակարգ է պետություն-մասնավոր կլինիկաներ փոխհարաբերություններում:
Հաշվի առնելով վերը բերված նկատառումները եւ Հայաստանում ծերացող, հիվանդացող ու աղքատ բնակչության աճը՝ գտնում ենք, որ պետությունը ներկա պայմաններում չպետք է կրճատի առաջնային բուժօգնության ոլորտի բյուջեն եւ պետք է ապահովի ամբողջական եւ բավարար ֆինանսավորման մակարդակ «Բնակչության ԱԱՊ ծառայություններ» եւ «Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ» քաղաքականության միջոցառումների գծով:

ՆՈՒՆԵ ՕՀԱՆՅԱՆ
«Տնտեսական զարգացման հետազոտությունների» կենտրոնի փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել