Կարծում է ԱԺ Պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Բանակային թեման թիվ մեկն է վերջին շրջանի պաշտոնանկությունների եւ հրաժարականների հեղեղից առաջ: Օրերս մենք տպագրեցինք հարցազրույց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որը լայն արձագանք ստացավ, քննարկումներում հնչեցին ամենատարբեր հարցեր: ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի կարծիքով՝ բանակին բավարար ուշադրություն է հարկավոր, եւ քանի որ բանակային թեման շատ նուրբ թեմա է, ըստ պարոն Կարապետյանի՝ այդ թեման շահարկելը նույնքան վտանգավոր է, որքան բանակի հանդեպ անուշադրությունը: Մեր զրուցակցի կարծիքով՝ բանակի մասին հարկավոր է մտածել զինվորներին բանակ զորակոչելուց շատ առաջ՝ դպրոցական տարիքից. «Կարծում եմ՝ նախազորակոչային կամ գոնե զորակոչային միջոցառումների ժամանակ պետք է լինի զորակոչիկների բաժանում՝ ըստ առողջական վիճակի, պետք է քննարկվի նրանց հոգեկան վիճակը. այսօր մենք տեսնում ենք, որ հիվանդ մարդիկ են զորակոչվում, հոգեպես անհավասարակշիռ զորակոչիկներ, որոնց պարզապես հակացուցված է ծառայել բանակում»: Ըստ Հրայր Կարապետյանի՝ բանակ զորակոչվածները դպրոցում եւ դրանից առաջ չեն անցնում որոշակի նախապատրաստական շրջան, մեծանում են անկազմակերպ. «Մենք ի՞նչ արեցինք. դպրոցներից, մանկապարտեզներից հանեցինք հենց այդ տարիքի երեխաների համար, այսպես ասած, զբաղմունքի միջոցառումները, իհարկե, լավ արեցինք, որ վերացրեցինք պիոներիան, կոմերիտմիությունը եւ այլն, բայց դրանց տեղը մենք ոչինչ չդրեցինք: Ո՞ւմ համար պարզ չէ, որ դպրոցում մենք դաստիարակչական կազմակերպված պրոցես չենք անցկացնում, երեխաների դաստիարակությունը թողնում ենք ինքնահոսի կամ ուսուցչի խղճին: Եթե առարկա դասավանդող ուսուցիչը կամենա ինչ-որ դաստիարակչական որակներ փոխանցել աշակերտին՝ կանի, իսկ եթե ոչ՝ երեխան կմնա չդաստիարակված: Կարծում եմ՝ դպրոցում պետք է կազմակերպված դաստիարակչական պրոցես ընթանա, եւ սրա մասին ես որպես մանկավարժ առաջարկել եմ»:
Պատասխանելով մեր հարցին՝ համաձա՞յն է վերջերս ամեն քայլափոխի հնչող այն մտքին, որ այսօրվա բանակը մեր հասարակության հայելին է, պարոն Կարապետյանն ասաց. «Բանակը մեր հասարակության հայելին չէ, մեր հասարակության մի մասն է, եւ, բնական է, որ բոլոր խավերի երիտասարդները գնում են բանակ եւ գնում են նույն հասարակությունից, հիմա բանակից դուրս էլ ինքնասպանությունների թիվն աճել է, մենք սա էլ պետք է գիտակցենք եւ չմոռանանք: Լավագույնն այն կլինի, եթե բանակը մեր հասարակության օրինակելի մասը լինի, որովհետեւ բանակը մեր անվտանգության երաշխավորն է, մենք մեր բանակին, այդ նույն զորակոչված եւ զորակոչվող երիտասարդներին ենք վստահում մեր եւ մեր երկրի անվտանգությունը, մեր խաղաղ, անվտանգ ապրելու հույսը: Հետեւաբար ամեն ինչ պետք է անենք, որ անկախ նրանից, թե հասարակությունը ինչ վիճակում կլինի, իսկ ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է լինի լավ վիճակում, բանակն, առնվազն, հասարակությունից առաջ լինի»: