Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններն ավելի խորքային են

Նոյեմբեր 04,2011 00:00

Դրանք սոսկ պաշտոնյաների փոխատեղումներ չեն. դա, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ձեւակերպմամբ, «էլիտայի գունավոր հեղափոխություն» է:

\"\"

Վերջին շրջանում Հայաստանի կառավարման համակարգում տեղի ունեցած կադրային փոփոխություններն այսօր մեր երկրում քննարկման թիվ մեկ թեման են ու ոչ միայն այն պատճառով, որ դրանք վերաբերում են շատ առանցքային պաշտոններ զբաղեցնողներին, այլեւ այն, որ այդ հրաժարական-պաշտոնանկությունները դեռեւս շարունակվում են: Ի դեպ, այս բոլոր պաշտոնանկությունները քաղաքական եւ փորձագիտական որոշակի շրջանակներ դիտարկում եւ վերլուծում են առաջիկա ընտրությունների համատեքստում՝ դրանք որակելով որպես իշխանական թիմի՝ ՀՀԿ-ի նախընտրական պատրաստություններ: Հենց այս խնդրի շուրջ էլ «Առավոտը» զրուցեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
Տեղի ունեցող կադրային փոփոխությունները քաղաքական եւ փորձագիտական որոշակի շրջանակներ պայմանավորում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան ենթադրյալ հակասություններով՝ նկատի ունենալով ոչ միայն Քոչարյանի վերջին ակտիվացումը՝ առավելապես որոշակի պայմանների առկայության դեպքում քաղաքական պրոցեսներին մասնակցելու վերաբերյալ նրա հարցազրույցով, այլեւ Մեդվեդեւ-Պուտին փոխատեղումների նախադեպով: Մյուս կողմից՝ պաշտոնանկ արվողներն էլ «Քոչարյանի մարդ» լինելու համարում ունեին:
Քաղաքագետն այս հարցում միանգամայն այլ կարծիք ունի. «Կներեք, բայց ես մեղավոր չեմ եւ մասնակցություն չունեմ այն ամենին, ինչ ասվում եւ գրվում է: Համեմատել Պուտին-Մեդվեդեւի նախադեպը Քոչարյան-Սարգսյանի հետ՝ ուղղակի անհնարին է: Դրանք իրար բացարձակապես նման չեն: Ի՞նչ է, Ռոբերտ Քոչարյանը վարչապե՞տ է, նա ղեկավարո՞ւմ է ՀՀԿ-ն, նա՞ է նշանակել Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում, ինչպես դա արեց Պուտինը Մեդվեդեւի դեպքում: Պուտինը կարող էր ցանկացած մեկին նախագահ նշանակել, եւ այդ մեկը հաստատ նախագահ կդառնար: Երբ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն հաղթեց ԲՀԿ-ին, եւ ՀՀԿ նախագահը դարձավ ՀՀ վարչապետ, Քոչարյանը Սերժ Սարգսյանին այլընտրանք ուղղակի առաջադրել չէր կարող: Դրանք սկզբունքորեն տարբեր իրավիճակներ են: Դրանք կտրականապես համեմատելի չեն, բացի այն, որ Քոչարյանն էլ Սարգսյանից առաջ է նախագահ եղել: Կամ՝ ի՞նչ ակտիվացման մասին է խոսքը: Ի՞նչ է արել Քոչարյանը. մի երկու հարցազրո՞ւյց է տվել: Հետո՞ ինչ: Ու ի՞նչ է նա ասել. չի բացառել, որ պատրաստ է ընտրություններին մասնակցել, եթե համապատասխան պայմաններ լինեն: Իսկ Հայաստանում որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե որեւէ հնարավորություն լինի՝ նա կվերադառնա քաղաքականություն: Դրա համար բավարար է միայն նայել նրա դեմքին, եւ ոչ մի հայտարարություն էլ պետք չէ»,- իր առարկությունները ներկայացրեց քաղաքագետը:
Իսկանդարյանը կասկածում է, թե Քոչարյանը կարող է հավակնել ԱԺ պատգամավոր դառնալուն, իսկ պետական ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու համար էլ նա սեփական կուսակցություն չունի:
Անդրադառնալով Քոչարյանի ակտիվացման համատեքստում Ռուսաստանի կողմից աջակցություն ստանալու հնարավորության վրա հիմնված դատողություններին՝ քաղաքագետն ասաց. «Որպեսզի որեւէ երկրում մարդն իրականացնի իշխանության գալու իր ծրագիրը՝ նրան գործիքներ են պետք: Խաղացողները նման են Տեր Աստծուն. նրանք օգնում են նրանց, ովքեր իրենք են իրենց օգնում: Իսկ ի՞նչ է փոխվել հիմա մեկ ամիս առաջվա համեմատությամբ. Ռոբերտ Քոչարյանը եւս մի հարցազրո՞ւյց է տվել, ի հայտ է եկել նրան աջակցող կուսակցությո՞ւն: Ես քաղաքագետ եմ եւ մի հարցազրույցի հիման վրա նման գլոբալ եզրակացություններ անել չեմ կարող: Իսկ այն զարգացումները, որոնց մասին ես ասացի՝ շատ ավելի գլոբալ, խորքային ու տրամաբանական երեւույթներ են, որոնք բխում են քաղաքական համակարգից եւ ավելին են, քան նախագահի անձը: Ի վերջո, ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեցող ՀՀ ցանկացած քաղաքացի, առավել եւս՝ ճանաչված, ինչպիսին Քոչարյանն է, ակնհայտորեն հավակնոտ՝ ինչպիսին Քոչարյանն է, կարող է առաջադրել իր թեկնածությունը. շատ պարզ է, ի՞նչ նոր բան կարելի է ասել»:
Նրա ասելով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր երկրում, մոտավորապես 1990-ականների երկրորդ կեսից սկսված քաղաքական էլիտայի շարունակական հերթափոխության մի մասն է, իսկ կադրային այդպիսի հերթափոխումներ Հայաստանում, քաղաքագետի մատուցմամբ, առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում: «Այսպիսի կադրային հերթափոխություն տեղի է ունենում առնվազն արդեն մի քանի տարի՝ 1990-ականների երկրորդ կեսից սկսած: Դա քաղաքական ողջ լանդշաֆտի փոփոխություն էր: Երկրորդ նման հեղափոխությունը տեղի ունեցավ 2000-ի սկզբին: Դա վետերանների համակարգի անցնում էր օլիգարխներին: Ու թեեւ այդ փոփոխությունների կենտրոնում կարող էին հայտնվել միեւնույն մարդիկ, բայց այն ժամանակ փոխվեց համակարգի կառուցվածքը: Այսպես կոչված՝ «գունավոր» հեղափոխությունները՝ կադրային կամ էլիտային փոփոխությունները, վայրկենական չեն կատարվում, փողոցում չէ, որ տեղի են ունենում, ուստի՝ մարդիկ դա հաճախ չեն նկատում կամ համարում են ինչ-որ առանձին իրադարձություն, որը կապված է կոնկրետ բաների հետ»,- ասաց քաղաքագետը: Այսօր տեղի ունեցող կադրային փոփոխությունները, նրա մատուցմամբ, երրորդ այսպիսի հերթափոխությունը կամ դրա փորձն է, «բայց սա արդեն ոչ թե օլիգարխների փոխարինում է, այլ, ինչպես Ռուսաստանում է ընդունված ասել՝ «հավասար տարածության» պահպանման փորձ է, որն ուղղված է տնտեսական մենեջերներին՝ օլիգարխներին մեկուսացնելու քաղաքական որոշումներ ընդունելիս»:
Իսկանդարյանի դիտարկմամբ՝ այս վերջին, իր ձեւակերպմամբ՝ կադրային կամ էլիտային հեղափոխությունը սկսվել է մոտավորապես 2 տարի առաջ, եւ դրա խորհրդանիշներից մեկը գործող վարչապետի նշանակումն էր: «Ես չեմ ուզում ասել, թե վարչապետը գլխավորում է այս փոփոխությունները, դա, իհարկե, այդպես չէ: Բայց նա խորհրդանշում է պետպաշտոնյաների այլ սերունդ, այլ դասակարգ: Խոսքը գնում է այն պաշտոնյաների մասին, որոնք ներգրավված են պետական կառավարման տարբեր օղակներում, քաղաքական կուսակցություններում: Երբ ասում են՝ իշխանական կուսակցություն, ես միշտ ուզում եմ առարկել դրան. Հայաստանում չկա իշխանական կուսակցություն, որովհետեւ այն միատարր չէ: Այնտեղ կան իրար հետ մրցակցող շատ կառույցներ, ըստ էության՝ կուսակցական սաղմեր, որոնք ՀՀԿ-ի ներսում պայքարում են իրար հետ: Այս իմաստով այն, ինչ այսօր է տեղի ունենում, դա ամբողջ էլիտայի կառուցվածքի փոփոխության հայտ է՝ եթե դա ստացվի անել: Իհարկե, դա արվում է նախընտրական արշավի համատեքստում, հասկանալի է, բայց ասել, թե դա պայմանավորված է բացառապես եւ կոնկրետ ընտրություններով, այս կամ այն կոնկրետ անձով՝ չի կարելի: Անձը չէ այս գործընթացների պատճառը, նա դրանց արդյունքն է»,- ասաց Իսկանդարյանը՝ կարծիք հայտնելով, թե՝ տեղի ունեցող գործընթացները շատ մեծ փոփոխություններ են ենթադրում հենց իշխանության կառուցվածքում:
Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ սկսված գործընթացը կարող է որոշակի ազդեցություն ունենալ կառավարման համակարգի արդյունավետ գործելու տեսանկյունից՝ «եթե դա ստացվի անել», ու հավելեց, որ այս փոփոխություններն ուղղված են տնտեսությունը քաղաքականությունից տարանջատելուն, որովհետեւ տնտեսական ոլորտների բաժանման տեղն այսօր քաղաքականությունն է, իսկ դա ենթադրում է, որ տնտեսվարողները համապատասխանաբար նաեւ փորձում են ազդել քաղաքականության վրա՝ իրար մեջ բաշխելով գործադիրի պորտֆելները: «Սա նման է ֆեոդալական կապիտալիզմի»,- եզրակացրեց քաղաքագետն ու մանրամասնեց, որ տնտեսություն-քաղաքականություն կապը խզելու համար, որն ամենեւին էլ հեշտ գործ չէ, իշխանությունը ստիպված է լինելու պայքարել ոչ թե «դրսի» ուժերի, այլ ինքն իր ներսում եւ ինքն իր հետ: «Այն մարդիկ, ովքեր պաշտոնանկ արվեցին, մեծ տեղ ունեն քաղաքականության մեջ, նրանք համակարգի ներսում են, եւ դա շատ կետային պայքար է: Բայց եթե այս գործընթացները հաջողվեն, ապա քաղաքական եւ տնտեսական կառավարման համակարգերը կտարանջատվեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա, ընդհանուր առմամբ, տնտեսության վրա բարերար ազդեցություն է գործում, քանի որ քաղաքականության մեջ գտնվող մարդիկ ավելի ազատ են այս կամ այն խմբի օգտին որոշումներ կայացնելու հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել