Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկալումների խնդիր է

Նոյեմբեր 04,2011 00:00

\"\"Լեւոն Բարսեղյանը չի կասկածում Սեյրան Օհանյանի անկեղծությանը

Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի քան երբեւէ ակտիվ է իր հրապարակային հայտարարություններում, հավաստիացումներում, որ՝ «բանակի ղեկավարությունը դողում է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար», որ՝ «բանակում առկա խնդիրները մենք լավ գիտենք», որ՝ «մենք բաց ենք հասարակության եւ մեր ժողովրդի առջեւ», որ՝ «բանակի ղեկավարությունը ամենաշահագրգռվածն է, որպեսզի իրական հանցագործները խստորեն պատժվեն»: «Առավոտի» հարցին՝ անկե՞ղծ է նախարարն իր հայտարարություններում, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ նախարարի անկեղծությանը կասկածելու առիթ չունի. «Բայց, իրականում, խնդիրն ուրիշ տեղ է՝ թե իր օգտագործած հասկացությունների ընկալումն իր մոտ ինչպիսին է, ինձ մոտ ինչպիսին է: Ասենք, բաց լինելը ինքը հասկանում է իր պաշտոնի, կոչման, փորձի եւ ինտելեկտի (որեւէ վատ բան սրա տակ նկատի չունեմ) շրջանակներում, ես՝ յուրովի: Բաներ կան, որ ինքը հասկանում է, թե բացությունն այդքան է, որ սահման ունի, եւ ինչ-որ մի տեղում պետք է լինի այդ սահմանը: Ես եւ իմ մի շարք ընկերներն այդ սահմանը մի քիչ ավելի այն կողմ ենք պատկերացնում: Մարդն այդպես է ընկալում. չեմ կարծում, որ խաղում է բառերի հետ, պարզապես այդ սահմանի տեղի շուրջ է, որ արժեր ինչ-որ բան խոսել եւ հասկանալ: Ենթադրենք՝ ատամի մածուկի մատակարարների ցանկն, արդյոք, գաղտնի՞ք է»: Եթե անգամ այդ ցուցակներում գաղտնիքներ կան, Բարսեղյանը համարում է, որ դրանց գաղտնազերծումը բանակին չի վնասի. «Գնումների ծավալը մի բան է, գուցե վերլուծաբանները դրանից հետեւություններ կարող են անել, բայց մատակարարի անվանումը, մրցույթի օրն ու տեղը, մասնակիցների թիվը՝ այլ»: Ուստի բոլոր այն տեղեկությունները, որոնք չեն վնասում բանակի կենսունակությանը, գաղտնի պահելը մեր զրուցակցի համար ընկալելի չէ: Ըստ մեր զրուցակցի՝ հենց վնասել-չվնասելու հարցերի շուրջ է, որ տարբերվում են բանակի խնդիրներով զբաղվող որոշ հասարակական կազմակերպությունների եւ նախարարի ու նախարարության մի շարք մարդկանց ընկալումները:
Լեւոն Բարսեղյանն, օրինակ, չի կարծում, որ պաշտպանության նախարարությունում մարդիկ մտածում են՝ ինչպե՞ս անել, որ բանակում սպանությունները շարունակվեն. «Իրենք մտածում են այդ չարիքի հախից գալ իրենց մեթոդներով: Այդ մեթոդներն, իմ կարծիքով, մինչեւ հիմա իրենց չեն արդարացրել կամ քիչ են արդարացրել: Ինչ-որ արդյունքներ կան, որոնք ես համարում եմ անբավարար: Իրենց համար գուցե բավարար է: Սա է ընկալման ողջ տարբերությունը՝ չհաշված որոշ մարդկանց ցինիզմը: Դա նախարարի անձին չի վերաբերում»: Ի հակադրություն ադմինիստրատիվ մտածելակերպի, Լեւոն Բարսեղյանը համոզված է, որ լավագույն ազգային անվտանգությունը ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական արժեքներն են, եւ ինչքան շատ են խնդիրները հասարակական քննարկման առարկա դառնում՝ համակարգը ջղաձգվելով, բայց փորձում է լուծումներ գտնել. «Այս տրամաբանությամբ՝ անենք՝ վրաներս չհաչան: Մենք չենք նեղանում դրանից, թող զինվոր չսպանվի, բանակային այլ հանցագործություններ չլինեն, թող մեզ էլ հաչացող ասեն: Իրենց դուր գալիս է, թե ոչ՝ ես շարունակելու եմ քննադատել արատավոր երեւույթները բանակում: «Փեշեր փռելով» հարց չի լուծվում արդեն 17 տարուց ավելի: Մենք ոչ թե կողմնակից ենք պետական-ծառայողական գաղտնիքները զոռով-շառով բացելուն, այլ բանակը հնարավորինս թափանցիկ դարձնելուն, եւ դա բնավ էլ չի նշանակում զինամթերքի, զորքերի տեղակայության եւ այդօրինակ հարցերի բացում»:
Լեւոն Բարսեղյանը համամիտ չէ նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջ հնչեցնողների հետ, քանի որ վստահ է, որ այդպիսով բանակի խնդիրները հնարավոր չէ լուծել: Այս տարիների ընթացքում նախարարներ փոխվել են, բայց խնդիրը մնացել է: Այլ է՝ գերագույն-գլխավոր հրամանատարի վստահության հարցը, քանի որ նա այդպես էլ չի գնում բանակում արմատական բարեփոխումներ կատարելու ուղղությամբ. «Գտնո՞ւմ են, որ բանակային կյանքը արմատական բարեփոխման կարիք ունի: Եթե ոչ, ապա խնդիրը չի լուծվելու: Շատ-շատ՝ հանցագործությունները կարող են բացահայտվել եւ արդարադատություն տեղի ունենա յուրաքանչյուրի մասով, բայց դա չի նշանակում, որ այլեւս հանցագործություններ տեղի չեն ունենա: Եվ «արմատական բարեփոխումը» կապ չունի նախարարի փոփոխության հետ: Դարձյալ ընկալումների խնդրին ենք վերադառնում. այդ արմատական ասվածը իրենք գուցե հասկանում են, որ մենք բանակը քանդել ենք ուզում: Այս նրբություններն են, որ պետք է հնարավորինս քննարկվեն եւ՝ երես առ երես, որպեսզի հասկանանք, թե մեր ասածն ինչ է, իրենցը՝ ինչ, լուծումները իրարից որքանո՞վ են տարբերվում: Ես կարծում եմ՝ նախարարը հասկանում է, որ բանակային ներքին կյանքի եւ կառավարման արմատական բարեփոխման կարիք կա: Ես վստահ եմ՝ եթե բանակում աշխատեն արդեն եղած կանոնադրությամբ եւ օրենսդրական նորմերով՝ այս դժբախտությունների թիվը կտրուկ կնվազի: Եթե զինվորը իր զենքը մաքրում է կանոնադրությամբ սահմանված ձեւով, անհնարին է, որ ինքն իրեն պատահաբար կրակի: Եթե նման բան է տեղի ունենում, ուրեմն կանոնին չի հետեւել: Ուրեմն հրամանատարը չի սովորեցրել կամ չի հսկել, որ կանոնը կատարվի: Տարրական բան է, չէ՞»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել