Վերջին շրջանում իշխանական վերնախավում տեղի ունեցող կադրային փոփոխությունները Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ասելով՝ ոչ մի կերպ չեն կարող պայմանավորված լինել Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությամբ: Դրանք, քաղաքագետի մատուցմամբ, միտված են քաղաքականության եւ տնտեսության տարանջատմանը եւ օբյեկտիվ բնույթ են կրում: Իսկ դա ընկալելի՞ է արդյոք հասարակության համար: «Ոչ, չեմ կարծում: Բանն այն է, որ Հայաստանում հասարակական կարծիքը կախված է ոչ թե նրանից, թե ինչ է կատարվում իրականում, այլ՝ թե դա հասարակությանն ինչպես է մատուցվում, եւ ինչ է հասարակությունն ուզում լսել: Իսկ հասարակությունը, ոչ միայն Հայաստանում, ուզում է միայն «սեւ ու սպիտակ» բաներ լսել, ուզում է, որ իրեն ասվի՝ ով է վատը, ու ով՝ լավը: Դա պայմանավորված է հասարակության սոցիալական ակնկալիքներով, դժգոհությամբ, ճգնաժամով, «Մարտի 1»-ով եւ դրանց հետեւանքներով: Հասարակությունը դեռ չի գիտակցում, որ կարող է անմիջականորեն ազդել քաղաքականության վրա, նա քաղաքական «ճակատամարտերն» ընկալում է որպես «նրանց» պայքար. «մենք» ու «նրանք»: Հասարակության օտարումը շարունակվում է, եւ նա արդյունքում իշխանության ներսում որեւէ փոփոխություն ընկալում է որպես ինտրիգներ, «ռազբորկաներ», որոնք իր հետ առնչություն չունեն: Որպեսզի իրավիճակը փոխվի՝ էլիտայի փոփոխությունը բավարար չէ. պետք է փոխվի հասարակությունը»,- կարծիք հայտնեց Իսկանդարյանը: