Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի բանտում պահվող զինվորը պնդում է, որ ցուցմունք է տվել ծեծի ազդեցության ներքո եւ մեղավոր չէ ծառայակցի սպանության համար

Նոյեմբեր 04,2011 20:06

Այս տարվա մարտի 17-ին Ասկերանում զոհված զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան հանգամանքներն այդպես էլ չեն պարզվում: Հիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրության, զինվորը մահացել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով: Հետագայում այդ վարկածը հերքվեց՝ հիմք ընդունելով զոհվածի ընկեր ծառայակցի՝ Աշոտ Կոստանյանի ցուցմունքը, ըստ որի՝ ինքն է եղել զինվորի մահվան պատճառը: Աշոտն այժմ պահվում է Շուշիի բանտում: Այսօր «Վարկած» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս գործով փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ իր պաշտպանյալը՝ Աշոտ Կոստանյանն արդեն 4 անգամ ցուցմունք է փոխել: Փաստաբանի խոսքով՝ սկզբնական ցուցմունքում Աշոտն ընդունել է ներկայացված մեղադրանքը, ըստ որի՝ իր կողմից արձակված անզգույշ կրակոցի հետեւանքով է մահացել ծառայակից ընկերը: Կարճ ժամանակ անց նա հրաժարվել է իր նախորդ ցուցմունքից եւ դիմում-բողոք ներկայացրել, որ ցուցմունքը կորզվել է ծեծի ազդեցության ներքո:

«Դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ին, իսկ ինքը ներկայացվել է դատարան կալանքի սանկցիայի՝ 14 օր անց, ապրիլի 2-ին: Մինչ այդ Աշոտը գտնվել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանության մեկուսարանում, որտեղ էլ, ըստ նրա՝ իր նկատմամբ ծեծ ու բռնարարքներ են տեղի ունեցել եւ ստիպված է եղել ցուցմունքներ տալ»,- նշեց փաստաբանը եւ մանրամասներ ներկայացրեց Աշոտի ծնողների հետ նրա այցելությունից. «Իմ առանձնազրույցից հետո Աշոտի մոտ են մտնում ծնողները եւ դուրս գալու ժամանակ նրանց տարբեր ձեւերով հայտնած են լինում, որ Աշոտը որեւէ կապ չունի հանցագործության հետ եւ ստիպված է եղել այդ ցուցմունքները տալ» : Ստեփան Ոսկանյանն ասաց, որ իրենք նույն օրը փորձել են նորից մտնել Աշոտի մոտ, բայց փաստաբանին չեն թույլատրել: «Միայն Շուշիի բանտում պարզեցի, որ փաստաբանի պահանջագրի վրա պետք է առկա լինի փաստաբանի կնիք»,- ասաց նա եւ հավելեց, որ տարբեր ատյաններ են դիմել, տեղեկացրել Աշոտի նկատմամբ տեղի ունեցածի մասին. «Քննչականի բաժնի պետը, իր լծակներն օգտագործելով, Շուշիի բանտի աշխատակիցների միջոցով հոգեբանական եւ չեմ բացառում, որ նաեւ ֆիզիկական ուժ գործադրելով, ստիպել է, որ Աշոտ Կոսկանդարյանը նորից պնդի սկզբնական ցուցմունքը, թե սպանությունը տեղի է ունեցել իր կողմից արձակված կրակոցի հետեւանքով»:

Փաստաբանի փոխանցմամբ, այժմ Շուշիի բանտում պահվողը պնդում է, որ ինքը որեւէ կապ չունի այդ մեղադրանքի հետ եւ չի կարող ասել, թե ում կողմից արձակված կրակոցից է մահացել ծառայակիցը: Ներկայումս գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի դատարան եւ հավանաբար մինչեւ նոյեմբերի վերջ տեղի կունենա առաջին դատական նիստը: Ս. Ոսկանյանն ասաց, որ ե՛ւ ծնողների, ե՛ւ իր կողմից Աշոտին Շուշիի բանտից տեղափոխելու պահանջ եւ միջնորդություն է եղել, սակայն մինչ այժմ որեւէ պատասխան դեռ չեն ստացել:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930