Հատված դերասան Հարություն Մովսիսյանի հետ հարցազրույցից
– Համաձա՞յն եք, որ ժողովրդի սիրուն ավելի շատ արժանացաք «Որոգայթից» հետո՝ Հովիկի կերպարը մարմնավորելով։
– Դա պիկն էր, բայց ես խաղացել եմ հսկայական դերեր՝ Ֆիգարո,
Փանջունի, Թոմ Սոյեր եւ այլ հսկայական դերեր՝ համաշխարհային
դրամատուրգիայի գոհարներից։ Իմը Հովիկով չէր, ուղղակի Հովիկը մի աստիճան բարձր թռավ, ամենաբարձր պատվանդանին կանգնեց։ Ես Հովիկ չեմ, Հովիկը դա հավաքական կերպար էր, մարդկային բոլոր դրական գծերով մի տեղ։ Մենք այնտեղ չէինք ուզում մեծարել ավտարիտետներին, մենք դա ֆորմա էինք սարքել, որ հերոսին լսեն, որը բոլորովին ուրիշ բանի մասին է խոսում։ Ուղղակի հետո կողքից մարդիկ մտան, սկսեցին նկարել, իրենց թվաց՝ գեղեցկության սրահ է բացվել կամ պերաշկի են ծախում (ծիծաղում է), եւ փչացրեցին ամեն ինչ։
– Մի անգամ նշել էիք, որ Հովիկը չէր կարող ուրիշ մասնագիտություն
ունենալ՝ ասենք, լիներ ճարտարապետ, բժիշկ, որովհետեւ նրան չէին
լսի, չէին սիրի։
– Մենք ֆինտ արեցինք, որովհետեւ եթե նա լիներ բժիշկ, դերասան,
քարտաշ, իրա խոսքերը չէին լսի այդքան, իսկ մենք ուրիշ բան էինք
խոսում Հովիկի լեզվով, դա է մեր նպատակը եղել։ Եղան մարդիկ,
որոնք ասեցին՝ խուժանին սրբացրել են, բայց նա մաֆիոզ կերպար
չէր, Հովիկը հայ տղու կերպարն է, որ կորում է մեջտեղից։
– Իսկ այդ գողական աշխարհից Ձեր խաղի վերաբերյալ ցուցումներ
չե՞ն եղել կամ շնորհակալական ինչ-որ ժեստեր։
– Քերոբներից մեկն ասեց՝ Հարութ ջան, շատ հրաշալի ես խաղում, բայց մեր կոնստիտուցիան չես պրոպագանդում, ուրիշ բան ես խոսում, որովհետեւ ֆիլմում ես ասում եմ՝ մի եկեք այս աշխարհը, բայց իրականում, որոշ դեպքերում, իրենք իրենց երեխաներհն բերում են հանցագործ աշխարհ։
Սոնա Ադամյան
«Հրապարակ»