Ի՞նչ խնդիր է լուծում այս պաշտոնանկությամբ Սերժ Սարգսյանը։ Մի քանի. նախ՝ իր վարչախմբի ներկայացուցիչներին հստակ ուղերձ է հղում, որ ինքն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին եւ ամենեւին էլ սեփական փեսայի խամաճիկի կարգավիճակում չէ, ինչպես պնդում են ոմանք։ Երկրորդ՝ այսպիսով ժեստ է անում օլիգարխների հասցեին, բանի որ Միքայել Մինասյանը համարվում է օլիգարխիական բիզնեսները խլելու եւ դրանք ավելի «ցիվիլ» գործարարների հանձնելու ջատագով։ Սա ակնհայտ դարձավ նաեւ վիկիլիքսյան բացահայտումներից հետո, երբ Մինասյանը եւ իր հովանավորյալ, Սերժ Սարգսյանի օգնական Լեւոն Մարտիրոսյանը ամերիկացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել էին, որ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո օլիգարխները ասպարեզից հեռացվելու են։
Մինասյանի հեռացմամբ՝ Սերժ Սարգսյանը ամրացնում է նաեւ իր հանրապետական հենարանները, որովհետեւ արդեն երկար ժամանակ խոսվում է, որ Միքայել Մինասյանը ուզում է հին հանրապետականներին դուրս մղել ՀՀԿ համամասնական ցուցակից եւ համալրել նոր հանրապետականներով, կամ ավելի ճիշտ՝ ՄԻԱԿ-ականներով։ Հիմա, փաստորեն, հին հանրապետականներն ավելի հանգիստ կլինեն եւ դեպի ԲՀԿ խաղեր տալու կարիք չեն ունենա:
«Հայկական ժամանակ»