Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Գյումրու ՀԱԿ ակտիվիստներից մեկի` ազատամարտիկ Ժորա Աթոյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը Նա մեղադրվում է խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու ու պետությանը 8.733. 879 դրամի վնաս պատճառելու մեջ:
Այս դատն ուշագրավ է նրանով, որ մոտ 2 ամիս է , դատարանը փորձում է պարզել` Ժորա Աթոյանը պատերազմի դաշտում «կոնտուզիա» տացե՞լ է , թե ոչ, սակայն գործի մեջ ներգրավվել են այնպիսի վկաների, որոնց մեծ մասը ոչ տեսել է, ոչ լսել: Երեկվա դատական նիստն էլ բացառություն չէր. հարցաքննվեց 2 վկա, որոնցից մեկը` գյումրեցի բժիշկ Սեդրակ Հովհաննիսյանն ընդհանրապես տեղյակ չէր գործին. պնդում էր, որ ինքը չի եղել Աթոյանին բուժող բժիշկը, հետեւաբար՝ չի տիրապետում մանրամասների:
Նշենք, որ 15 վկաներից 14-ն արդեն հարցաքննվել են , իսկ 15-րդը` Թադեւոս Գեւորգյանը, որը Արարատի մարզից էր ու ներկայացվեց որպես «Մասիս» ջոկատի ազատամարտիկ՝ չէր ներկայացել: Դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդեց հրապարկել նրա նախաքննական ցուցմունքը, սակայն Ժորա Աթոյանն առարկեց. «Ես չիմանա՞մ ով է էդ մարդը, իմ հետ «Մասիս» գումարտակում կռվե՞լ է, թե ոչ: Բա մի հատ իրար երես չտեսնե՞նք, եթե էդ մարդը ինձ չի ճանաչում, ինչպե՞ս կարող է իմ դեմ ցուցմունք տալ: Բացի այդ, ես տվյալ ունեմ, որ դա գտած անձնավորություն է, պատահական մարդ է, բա մի հատ չճշտե՞նք: Առանց էդ էլ բոլորը գիտեն, որ այս գործը շինծու է, դահլիճում նստածներից ոմանք էլ, ով իմ դեմ ցուցմունք է տվել, իրենց հոգու խորքում մեղքի զգացում ունեն իմ նկատմամբ»,– ասաց ազատամարտիկը: Դատը հետաձգվեց վերջին վկայի ներկայությունն ապահովելու նպատակով:
«Առավոտն» ազատամարտիկի պաշտպան Աննա Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս գործի հետ առնչություն չունեցող մարդկանց որպես վկա ներգրավելը: «Պաշտպանական կողմը եւս գտնում է, որ այդ վկաներն այն վկաները չէին, որ պիտի այս քրեական գործով ներգրավված լինեն: Կոնկրետ Աթոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրված, ժողովրդական լեզվով ասած, սիմուլյացիայի համար, որ նա հիվանդ չի եղել, ռազմական գոտում մարտական գործողությունների ընթացքում որեւէ վիրավորվածություն կամ վնավածք չի ունեցել, սակայն կեղծ փաստաթղթերով թոշակավորվել է : Ըստ էության թոշակավորումը կատարվել է կենտրոնական ռազմական հանձնաժողովի կողմից, եւ այդ հանձնաժողովի բժիշկներից ոչ մեկն այսօր ներգրավված չէ դատակոչի ենթակա վկաների ցանկում: Թող էդ փաստաթուղթը տված բժիշկները, հանձնաժողովի անդամները հարցաքննվեին ու վկայություն տան. սիմուլյացիա եղե՞լ է, թե՝ ոչ»,- հավելում է Աննա Դավթյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ