Նյու-Յորքի բնակիչ Տոդդ Ռեմիսը դատական հայց է ներկայացրել մի լուսանկարչական գործակալության դեմ, որը զբաղվել էր իր պսակադրության արարողությունը լուսանկարելով: Նա պնդել է, թե լուսանկարիչները բաց են թողել արարողության «ամենակարեւոր պահերը»` երբ նորապսակները պարել են, եւ երբ ամուսինները ծաղիկ են նետել դեռ չամուսնացածներին: Ամերիկացին պահանջում է ոչ միայն փոխհատուցել ծառայության դիմաց կատարված վճարը` 4,1 հազար դոլար, այլեւ 48 հազար դոլար վճարել, որպեսզի ինքը կարողանա «ամբողջովին վերարտադրել» իր հարսանեկան արարողությունը` ավելի պրոֆեսիոնալ լուսանկարիչների մասնակցությամբ:
Տոդդի հարսանիքը տեղի է ունեցել 2003 թվականին, իսկ լուսանկարիչների դեմ դատական հայց ներկայացնելը նրա մտքով միայն 8 տարի հետո է անցել: «Ես ուզում եմ նորից հարսանեկան արարողություն անել ճիշտ նույն կերպ, ինչպես դա եղել էր 2003-ին, որպեսզի արարողության այն 15 տոկոսը, որ լուսանկարչական կադրում չեն հայտնվել` այս անգամ արձանագրվեն»,- ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է տղամարդը:
Ինչպես նշում են գործակալության ներկայացուցիչները, պսակադրության արարողությունը նույնությամբ վերարտադրելը դժվար կլինի մասնավորապես այն պատճառով, որ «նորապսակները» ամուսնալուծվել են դեռ 2008թ.-ին, եւ Տոդդի նախկին կինը` Միլենան, ետ է վերադարձել իր հայրենի Լատվիա: Բայց, պարզվում է` Տոդդը դրա մասին էլ է մտածել. իր դատական հայցում ներկայացված 48 հազար դոլար փոխատուցման պահանջի մեջ նա ներառել է նաեւ նախկին կնոջ, նրա մոր ու քույրերի համար մինչեւ Նյու-Յորք ավիատոմսի արժեքը: