Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը «ռելսերից ընկել» է

Նոյեմբեր 03,2011 00:00

\"\"

Բռնությունները շատացել են, հոգեբանական օգնության կարիք է զգացվում

«Ինչ անել մանկապիղծների հետ. այս հարցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Միայն օրենքում փոփոխություններ կատարելով չէ, որ պետք է պայքարել երեւույթի դեմ: Մանկապիծղներին  ամլացնելով՝ հարցը չի լուծվի,  բայց մյուս կողմից էլ օրենքի այդ դրույթը թույլ կտա զգոնանալ: Չնայած օրենքն էլ հնարավոր է հեշտությամբ շրջանցել, եթե, օրինակ, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի պես անհատ ես»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց  հոգեվերլուծաբան Վարդգես Հունանյանը: Անդրադառնալով մանկապիղծներին, մեր զրուցակիցը նշեց, որ նրանց առաջին հերթին հոգեբանական օգնություն է անհրաժեշտ՝ «այդպիսիները սեռական խանգարումներ ունեցող անձինք են, պեդոֆիլներ, ինչն էլ  սեռական հակման իրագործումն է կամ դրա երեւակայումը երեխաների հետ։ Նշեմ, որ պեդոֆիլների մի մասը նախընտրում է որոշակի սեռի երեխաներին, մյուսների համար սեռային պատկանելությունը էական նշանակություն չունի։ Օրինակ՝ վերոնշյալ հայտնի գործարարը  նախընտրել էր տղաներին:
Այն տղամարդիկ, որոնք ոտնձգություն են անում մինչարբունքային հասակի երեխաների հանդեպ, ապա  նրանց վարքը միանշանակ սահմանվում է որպես պեդոֆիլիա»:
Վ. Հունանյանի փոխանցմամբ, հաճախ մարդիկ պեդոֆիլներին նույնացնում են սեքսուալ մանյակների հետ: Բացի այդ, պեդոֆիլներին միանշանակ ընդունելով որպես մանկապիղծներ, համարում են, որ վերջիններիս պետք է պատժել ամենադաժան ու ամենախիստ օրենքներով:
«Բոլորովին վերջերս մեր պաշտոնյաները սկսել են շատ խոսել մանկապիղծներին պատժելու, օրենքում փոփոխություններ կատարելու մասին: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է քիմիական եղանակով ստերջացումը, բայց մասնագետներն առարկում են, քանի որ բոլոր պեդոֆիլները չեն, որ բռնություններ են գործում երեխաների հանդեպ. բացի այդ, քիմիական ամորձատումը միշտ չէ, որ անդարձելի է։ Կան դեպքեր, երբ վարքային փսիխոթերապիան առավել օգտակար է»,- ավելացրեց հոգեվերլուծաբանը, հավելելով, որ մանկապղծություն երեւույթն իր մեջ զզվանք է առաջացնում նման արարք կատարող անձի նկատմամբ: Մասնագետը շեշտեց, որ ինքն ավելի շատ կողմ է նման մարդկանց, որպես պատիժ, խափանման միջոց՝  ցմահ ազատազրկմանը, քան ժամանակավոր ամլացմանը. «Ժամանակավոր ոչ մի բան լիարժեք արդյունք չի տալիս: Եթե մարդը շեղված է, հիվանդ է, ժամանակավոր ամլացումից հետո էլ նույնն է դառնալու: Իսկ եթե մանկապղծին ցմահ ազատազրկում սպառնա, ապա հաստատ շատ քչերը կցանկանան ամբողջ կյանքում փակված մնալ»:
Անդրադառնալով վերջին ամիսներին ակտուալ դարձած տատիկների բռնաբարությունների դեպքերին, Վ. Հունանյանը ասաց, թե նմանատիպ արարքն աններելի է. «Տատիկն էլ մի փոքրիկ երեխա  է: Ասում են՝ մարդ ինչքան մեծանում, այնքան ավելի է երեխայի նմանվում: Այսինքն, ստացվում է՝ դա էլ է մանկապղծություն: Ես մի բան չեմ հասկանում. ինչու է հասարակությունը «ռելսերից ընկել»: Խեղաթյուրվել է մարդկանց հոգեբանությունը: Բոլորն ագրեսիվ են դարձել, մեծից փոքր: Աններելի, անընդունելի, հայերի համար շատ խորթ արարքներ  են թույլ տրվում: Բռնությունները շատացել են, մարդիկ՝ չարացել: Հոգեբանական օգնության կարիք է զգացվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել