Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանանայի» դասերը

Նոյեմբեր 03,2011 00:00

\"\"Մայր աթոռի կողմից ստեղծվել է «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, որն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների միջոցով: Ինչպես մեզ հետ զրույցում մեկնաբանեց ծրագրի կազմակերպիչներից՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սեյրան սարկավագ Ղազարյանը. «Ծրագրի նպատակն է այսօրվա երիտասարդին իրեն մատչելի լեզվով տալ հոգեւոր ոլորտին վերաբերող «ի՞նչ է սա» հարցի պատասխանը, ծանոթացնել քրիստոնեության այբուբենին»: Ծրագիրը նախ 4-5 ամիս իրականացվել է միայն Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում: Սեյրան սարկավագի տեղեկացմամբ՝ այսօր այն իրականացնող համայնքների թիվն արդեն 9-ն է: «Մանանայի» շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների առաջին փուլում կազմակերպվում են ամենշաբաթյա զրույց-հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Ազատությունն ըստ Սուրբ Գրքի», «Մոլորություններ եւ կախվածություն», «Աբորտ կամ հղիության արհեստական ընդհատում», «Ընտանիք եւ ամուսնալուծություն» եւ այլն: Երկրորդ փուլում երիտասարդները ծանոթանում են եկեղեցու վարդապետության հիմնական դրույթներին, յոթ խորհուրդներին, իսկ երրորդ փուլում կազմակերպվում են ուխտագնացություններ, բնապահպանական, գեղարվեստական միջոցառումներ, հոգեւոր եւ ուսուցողական ֆիլմերի դիտումներ: «Ծրագրի կազմակերպիչները եւ մասնակից երիտասարդները հատկապես մեծ ցանկություն ունեն ակտիվորեն կապեր հաստատել մանկատների եւ ծերանոցների հետ՝ այնտեղ որոշակի ծառայություններ իրականացնելու նպատակով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ իրենց նպատակներից է նաեւ հենց այնպիսի երիտասարդներ պատրաստել, ովքեր բարձր պատասխանատվության գիտակցություն պետք է ունենան թե ծնողների, թե հայրենիքի ու եկեղեցու եւ թե իրենց կողքին ապրող անծանոթի, կարիքավորի ու որբի առաջ: Ծրագրին մասնակցում են Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց տարբեր միությունների անդամներն ու այդ միություններին անդամագրված բազմաթիվ երիտասարդներ: Սեյրան սարկավագ Ղազարյանի խոսքով՝ քննարկումներին հիմնական հաճախող երիտասարդների թիվը մոտ 500 է: «Մանանան» ունի նաեւ իր բլոգը՝ https://www.manana-blog. blogspot.com/ եւ խումբը Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել