Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյայի այցելությունը թատրոն՝ չպետք է համարել տոն

Նոյեմբեր 03,2011 00:00

Մշակութային օջախների ղեկավարները՝ իրենց «բարձրաստիճան» հանդիսատեսի մասին

«Առավոտը» մշակութային օջախների ղեկավարներից հետաքրքրվեց՝ որպես սովորական հանդիսատես, տարվա ընթացքում ի՞նչ հաճախականությամբ են պաշտոնյա հանդիսատեսներ ունենում:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ որեւէ պաշտոնյայի այցելությունը թատրոն՝ պետք է ընդունել սովորական երեւույթ, չհամարել տոն կամ իրադարձություն: Հիշեց, որ ժամանակին, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի զավակները մանկահասակ էին, նա իր տիկնոջ հետ տոմս էր գնում ու ընտանիքով հաճախում ներկայացումների: Պարոն Բաբայանի հավաստմամբ, այդպես է վարվում նաեւ ՀՀ վարչապետի կինը՝ Գոհար Սարգսյանը. «Անկեղծ ասած՝ այդ հարցում հետեւողական չեմ, բայց նկատել եմ, որ վարչապետը մեր թատրոնում դիտել է ներկայացում մեծահասակների համար եւ հաճախել մեր օջախում կազմակերպված ռոք փառատոներին»:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն էլ իբրեւ արվեստասեր առաջինը հիշատակեց Ր. Հովհաննիսյանի եւ նրա տիկնոջ անունները, ասաց նաեւ, որ թատերասեր է ՀՀ առաջին տիկինը եւ թատրոնում տեղի ունեցող հոբելյանական երեկոները պատվում է իր այցելությամբ ՀՀ նախագահը: Ասաց նաեւ, որ չի հիշում որեւէ նախարարի, բացի մշակույթի, որ տարվա ընթացքում երկու անգամ հաճախած լինի թատրոն, բարձրաձայնեց պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Կարինե Աճեմյանի, Գալուստ Սահակյանի, Սամվել Նիկոյանի անունները:
Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանի փոխանցմամբ՝ պարը հայկական ցանկացած ընտանիքում արվեստներից ամենասիրելին է. «Կնունքը, ծնունդը, հարսանիքը եւ այլ ծեսեր հայկական օջախներում մշտապես ուղեկցվում են երգ ու պարով, հետեւաբար, անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից, դժվար է պատկերացնել մարդու, ով անտարբեր լինի պարի նկատմամբ: Մեր համերգներին մշտապես ներկա են լինում բարձրաստիճան պաշտոնյաներ»: Պարոն Չանչուրյանը, սակայն, կոնկրետ անուններ չտվեց:
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանը հայտնեց, որ հատկապես թատրոնում կայացած առաջնախաղերին, որպես օրենք, ներկա են գտնվում մարզպետը, փոխմարզպետները, քաղաքապետը, ընդ որում՝ հաճախ ընտանիքներով: Մայրաքաղաքից էլ հանդիսատեսի կարգավիճակում են հայտնվում ՀՀ մշակույթի նախարարը, այդ կառույցի այլ պատասխանատուներ, ինչպես նաեւ Թատերական գործիչների միության նախագահն ու այլ պաշտոնյաներ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նախ հիշեցրեց, որ 5-րդ տարին ընթացող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո, կարծես այդպիսով ընդգծելով նրա մշտական ներկայությունը համերգներին: Հետո էլ հիշատակեց վարչապետի, մշակույթի նախարարի, պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Հերմինե Նաղդալյանի, ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի մշտական հանձնաժողովի անդամների անունները: Եվ քանի որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվում են որոշ պետական միջոցառումներ, ասաց, որ հաճախ են իբրեւ հանդիսատես ներկայանում ՀՀ նախագահը, վարչապետը եւ պաշտոնատար այլ անձինք:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն էլ փաստելով, որ իրենց մոտ անցկացվում են պետական մակարդակով միջոցառումներ, նշեց, որ համարյա ամեն ամիս իրենց հյուրն են հանրապետության առաջին դեմքերը եւ այլ պաշտոնյաներ, նշեց նաեւ, որ հատկապես պրեմիերաներին հավաքվում է համարյա ողջ քաղաքական էլիտան:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը իբրեւ մոլի թատերասեր տվեց նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանի անունը, ասաց նաեւ, որ հաճախակի են իրենց հյուրընկալվում փոխմարզպետները, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, մշակույթի նախարարը, պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Կարեն Սարիբեկյանը:
Խամաճիկների եւ «Էդգար Էլբակյան» թատրոնների տնօրեն Արմեն Էլբակյանն ասաց, որ արվեստագետի համար ցանկալի է պաշտոնյաների այցը մշակութային օջախներ: Դրանով կարծես ընդգծվում է պետության վերաբերմունքը արվեստագետի հանդեպ: Սակայն հիշատակեց իրենց թատրոններ այցելող երկու պաշտոնյայի անուն. արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյան, պատգամավոր Դավիթ Հարությունյան: Հավելեց նաեւ, թե գուցե կան չինովնիկներ, ում ընտանիքի անդամներն էլ են հաճախում, որից ինքը տեղյակ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել