Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում «թեժ աշուն» էր

Նոյեմբեր 03,2011 00:00

\"\"Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցի քննությունը՝
ընդդեմ Բորիս Աշրաֆյանի:

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը 45 չոպե ուշացումով սկսեց դատական նիստը: Պատճառը նույն ժամին նույն դատավորի մասնակցությամբ ընթացող մեկ այլ դատական նիստն էր: Բնականաբար, որոշեցինք պարապ չմնալ: Նկարեցինք սպասասրահում չգործող «Դատալեքս» տեղեկատվական կրպակը, պատերին փակցված զգուշացումները, ներքին հեռախոսը՝ «սկոչած» լսափողով, դատական նիստերի այն ժամանակացույցը, որտեղ երեկվա դատական նիստի մասին որեւէ հիշեցում չկար: Այդ ժամանակ էլ դատական կարգադրիչները ընդվզեցին, ասելով, թե՝ թույլտվություն վերցրեք նկարելու համար: Հիշեցրինք, որ դատարանում թույլտվություն կարող ենք վերցնել դատավորից, այն էլ դատական նիստը լուսանկարելու, տեսանկարահանելու ժամանակ: Կարծես ամեն ինչ հարթվեց:
Դատական նիստը սկսվեց:
Նախորդ դատական նիստի ժամանակ՝ նոյեմբերի 2-ին դատավոր Վարդուհի Հովնանյանին ինքնաբացարկ էր հայտել պատասխանող՝ Լեռնապատ գյուղի բնակիչ Բորիս Աշրաֆյանը: Նա ասաց, որ Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի առաջին հայցադիմումի կապակցությամբ դատավորը, իր համոզմամբ, կայացրել է ոչ արդարացի վճիռ, եւ մտավախություն ունի, որ այս գործով էլ դատարանը օբյեկտիվ չի գտնվի:
 Երեկ դատավորը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, որտեղ արձանագրվել էր նաեւ. «Դատավորը տեղյակ չէ այնպիսի փաստերի ու հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ»:
Տարօրինակ էր, որ այդ որոշումից հետո, առանց կողմերին հնարավորություն տալու, որպեսզի միջնորդություններ, հայտարարություններ անեն, դատավորը ձայնը տվեց հայցվորին՝ Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանին: Նա պնդեց իր պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը: Գյուղապետը ասաց, որ այս տարվա օգոստոսի 19-ի «Առավոտի» «Ով ում է զրպարտում» հոդվածում (հեղինակ՝ Արփինե Սիմոնյան) Բորիս Աշրաֆյանն իր հասցեին արել է հետեւյալ զրպարտությունը. «Ավագանի է նշանակել գյուղի անգրագետ մարդկանց՝ տրակտորիստ, անասնապահ, մարդիկ, որոնք իրենց անուն- ազգանունը գրել չեն կարող» եւ այդպես շարունակ: Նա պահանջեց 500 000 դրամ:
Դատավորը պատասխան խոսքը տվեց պատասխանող Բորիս Աշրաֆյանին: Եվ քանի որ դատավորը մինչ հայցը կողմերին հնարավորություն չէր տվել միջնորդություններ անելու, պատասխանողն օգտվելով իր իրավունքից՝ կրկին ինքնաբացարկ հայտնեց դատավորին: Դատավորը պահանջեց բացարկի գրավոր տեքստը: Երբ դուրս եկանք նիստերի դահլիճից, պարզվեց, որ Բ. Աշրաֆյանը ներկայացուցիչ պիտի գտներ, որպեսզի իրավաբանական օգնություն ստանար: Մարզերում վիճակն այս իմաստով մտահոգիչ է: Իսկ գյուղապետը դատավորի եւ իմ՝ «Առավոտի» այս գործով ներկայացուցչի ներկայությամբ Վանաձորի մեր թղթակից Անուշ Բուլղադարյանին դիմեց. «Էդ քանի գլխանի ես, որ առանց իմ թույլտվության նկարս տեղադրել ես սայթում»:
Տեղեկացնենք, որ նախորդ՝ նախնական նիստի ժամանակ լրագրողը դիմեց դատարանին՝ թույլատրել լուսանկարել: Դատարանն այդպես էլ դիրքորոշում չարտահայտեց: Բնականաբար, քանի որ գյուղապետը հանրային նշանակության դեմք է, լրագրողը նկարեց նրան (մենք մեղավոր չենք, որ նա ընտրել է գյուղապետի հրապարակային աշխատանքը):
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 14-ին. ժ.10-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Այս գործով պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող անձ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել