Երեկ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ իրենք Հայաստանում սկսել են ինտերնետի զարգացման նոր ռազմավարություն: Նրա խոսքերով. «Այն ժամանակ, երբ ինտերնետը համարվում էր շքեղություն, տրամաբանական էր խոսել ինտերնետին միանալու տարբերակների մասին: Ներկայումս այս վիճակն էականորեն փոխվել է դեպի լավը, եւ սպառողին հետաքրքիր չէ, թե օպերատորն ինչ տեխնոլոգիաներ է կիրառում, գլխավորն այն է, որ արտադրանքը լինի մաքսիմալ որակյալ եւ համապատասխանի գրպանին: Մեր ռազմավարության հետագա զարգացման ընթացքում մենք կենտրոնանալու ենք հենց այս գաղափարի վրա: Երկրի խոշորագույն միասնական օպերատորն այսօրվանից ի վեր անցում է կատարում «ինտերնետ տեխնոլոգիաների միջոցով» հասկացությունից «ինտերնետը մարդու համար» հասկացությանը: Մեր տեսանկյունից՝ «ինտերնետ մարդու համար» գաղափարը սպառողական արտադրանք է, որի չափանիշները եւ որակը կախված չեն տեխնոլոգիաներից, այլ հիմնված են պահանջարկի վրա»:
Նշենք, որ «Ինտերնետ մարդու համար» նոր ռազմավարության շրջանակում ընկերության առաջին քայլը դարձավ VDSL տեխնոլոգիայի ցուցադրումը, որի հիման վրա, պարզապես օգտագործելով ֆիքսված հեռախոսակապի գծերը, ներբեռնման միջին արագությունը կազմեց 60 մեգաբիթ/վայրկյան, իսկ վերբեռնման միջին արագությունը՝ 12 մեգաբիթ /վայրկյան: