Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկություններ երազում եւ արթմնի

Նոյեմբեր 03,2011 00:00

Դեռ սպասվում են նոր ցնցումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության

Մեր հավաստի տեղեկություններով՝ նոյեմբերի մեկի երեկոյան, երբ հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության ԳՄ եւ Խորհրդի նիստում հայտարարել է, թե Հովիկ Աբրահամյանը պետք է հրաժարական տա, դրան հաջորդել է մի հանդիսավոր լռություն: Նախագահը հարց է տվել՝ կա՞ն հարցեր: Հարցեր չեն եղել, միայն վերին աստիճանի շփոթված «Ջերմուկ-Գրուպի» Աշոտ Արսենյանը չիմանալով ինչ անել՝ տեղից ասել է՝ հարց չկա, մնում է ծափահարել: Ըստ ամենայնի, պարոն Արսենյանը կենտրոնացել է ոչ թե բուն հրաժարականի, այլ ՀՀԿ շտաբի պետ դառնալու մասին տեղեկության վրա: Իհարկե, ծափ տվող չի եղել, բայց լարվածությունը կոտրվել է: Ի դեպ, որոշ հանրապետականներ, մեր տեղեկություններով, նույն այդ պահին սրտի խորքում սպասել են ոչ թե այդ, այլ մեկ ուրիշ հայտարարության՝ փոխվարչապետի հրաժարականի մասին: Այդուհանդերձ, ասում են, թե Արմեն Գեւորգյանի հրաժարականին ոմանք իզուր են սպասում, նման բան չի լինելու: 
Երեկ, օրվա ընթացքում, շատերն էին հիշել այն մասին, որ անկախ Հայաստանի օրենսդիր մարմնի պատմության մեջ չի եղել դեպք, երբ խոսնակները պաշտոնավարեն ընդհուպ իրենց լիազորությունների լիակատար ավարտը: Ըստ էության, այս գումարման խորհրդարանը եւս բացառություն չեղավ: Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու՝ ինչպես որ հարկն է:
Փաստորեն, իրավացի էր ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը սրանից մոտ երեք տարի առաջ, երբ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց անմիջապես հետո «նավսեց», թե վերջին քսան տարիներին խորհրդարանի ոչ մի ղեկավարի բախտ չի վիճակվել պաշտոնավարել մինչեւ խորհրդարանի գումարման ավարտ եւ մինչեւ հաջորդ ընտրություններ, բոլորն էլ հրաժարական են տվել՝ իրենց կամ ուրիշի կամքով: Իր շարադրանքը սկսելով Լեւոն Տեր-Պետրոսյանից, Բաբկեն Արարքցյանից, հասնելով Արթուր Բաղդասարյան եւ Տիգրան Թորոսյան՝ պարոն Դալլաքյանը ասել էր. «Ե՛վ այս շենքը, ե՛ւ այս աթոռը որոշակի միստիկա ունեն եւ որոշակի հետաքրքրություն: Այս շենքը, որտեղ դուք նստած եք, կառուցվել է 1949թ., ճարտարապետը եղել է Մարկ Գրիգորյանը: Եվ այս շենքում 49 թվականից սկսած՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի որեւէ քարտուղար իր ժամանակահատվածում չի պաշտոնավարել՝ Գրիգոր Հարությունյան, Սուրեն Թովմասյան, Յակով Զարուբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան: Եվ ուշադրություն դարձրեք խորհրդավորության մասով: Ցավոք սրտի, այս շենքի տեղում ժամանակին եղել է Կոզեռնի գերեզմանատունը: Հարգելի գործընկերներ, ես չէի ցանկանա իմ ելույթն ավարտել միստիկայով, բայց նկատի ունեցեք, որ չարի եւ բարու պայքարն այս դահլիճում առայժմ չի հանգուցալուծվել: Շնորհակալություն ուշադրության համար (ծափահարություններ դահլիճում)»: Վստահ ենք՝ նոյեմբերի 14-ին, երբ կհնչի հրաժարականի մասին դիմումը, ծափեր չեն լինի, բայց արդեն իսկ խորհրդարանի միջանցքներում շրջում էր մի անորոշ ուրվական՝ էս ի՞նչ է կա
տարվում, տեսնես՝ ով ում եւ ուրիշ ինչ է անելու առաջիկայում: Ըստ պնդումների, ԱԺ խոսնակի պարտականությունները մինչեւ այս գումարման ավարտ կկատարի առաջին տեղակալ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, կփոխվի ԱԺ աշխատակազմի ղեկավարը: Դավիթ Հարությունյանը երեկ հերքեց տարածված լուրերը, թե ինքն է դառնալու ԱԺ նախագահ: Երեկ սպասվում էր, որ Հովիկ Աբրահամյանը մամուլի ասուլիս է տալու, բայց դա տեղի չունեցավ, համենայնդեպս՝ «Առավոտին» դա հասանելի չեղավ, եւ ավելի ուշ պարզեցինք, որ հարցազրույց է տրվել «Ազատությանը» եւ «Արմնյուզին»: Ներկայացնենք մի հատված «Ազատությանը» տրված հարցազրույցից. «Ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետը ավելի բարձր պաշտոն է այս պրոցեսում կամ գոնե այս ժամանակահատվածում, քան Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Կարող էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ավարտվել եւ վերջանալ: Բայց ինչքան էլ չկարեւորեք շտաբի ղեկավարի անձը, իր դերակատարությունը, մեկ է՝ շատ կարեւոր է: Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու: Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր: Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի եւ իմ հարաբերություններին՝ Քոչարյանի հետ ամենասերտ հարաբերություններն ունի Սերժ Սարգսյանը, այնպես որ՝ դուք այդ հարաբերությունների մասին խոսեք: Ես ընդհանրապես իրենց հարաբերությունների մեջ ոչ մտել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ մտնելու, եւ դա որեւէ կապ չունի Աբրահամյան Հովիկ-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների հետ: Ես ներկա, գործող այս թիմի հետ եմ եւ իրենց հետ էլ գնալու եմ մինչեւ վերջ, ինչի՞ մասին է խոսքը: Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահ եղած տարիներին եւ հիմա էլ: Այնպես որ՝ սա կապ չունի մեկը մյուսի հետ: Ես բանակ, ճամբար փոխող մարդ չեմ եւ աթոռից կառչելով՝ չեմ ուզում կարեւորել իմ դերակատարությունը: Կուսակցությունն է ինձ առաջարկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, եւ ես համաձայնել եմ: Հիմա ինքը որ առաջարկում է սա՝ ես գտնում եմ, որ սա շատ կարեւոր է: Ես հասկանում եմ, թե դա ինչ պատասխանատվություն է, եւ կուսակցությունը ինձնից ինչ ակնկալիք ունի: Ես շատ բարձր եմ գնահատում կուսակցության առաջարկը, որ ես ղեկավարեմ շտաբը: Դա պատասխանատվություն եւ վստահություն է, առաջինը՝ վստահություն ինձ համար»,- հայտարարել է ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նոր պաշտոնանկությունների մասին խոսակցությունները չեն դադարում, մարդիկ իրար հարցնում էին՝ իսկ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյա՞նը, եւ իրենք էլ պատասխանում էին՝ բայց նա լավ է աշխատում, նա ինչո՞ւ պետք է հրաժարական տա:
Մեր զրուցակիցները ՀՀԿ-ից պնդում էին (հասկանալի պատճառներով անունները խնդրել են չհրապարակել), որ հրաժարականները եւ պաշտոնանկությունները պետք է տեղի ունենային հատկապես հիմա, քանի որ մեկ կամ երկու ամիս անց դրանք անիմաստ կլինեին: Շատերն էին ոգեւորված եւ կարծիք էին հայտնում, թե այս քայլերով նախագահն ուժեղանում է: Կապրենք՝ կտեսնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել