Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկացիների հետ չեն համեմատվում

Նոյեմբեր 03,2011 00:00

Հայաստանցի մեծահարուստները չեն պատրաստվում իրենց հարկերը ավելացնելու վերաբերյալ առաջարկությամբ հանդես գալ:

Վերջերս Նյու Յորքում միջին խավի հազարավոր ամերիկացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԱՄՆ նախագահ Օբամայի այն որոշման դեմ, ըստ որի՝ $1 միլիոնից ավելի եկամուտ ունեցողները նույնքան հարկ պետք է վճարեն, որքան միջին եկամուտ ունեցող բիզնեսմենները: Հետաքրքիրն այն էր, որ այս ակցիային էին միացել նաեւ բազմաթիվ միլիոնատերեր, որոնք ամերիկյան կառավարությունից պահանջում էին հենց իրենց հարկերն ավելացնել:
Թե որքանով այս քայլը օրինակելի կլինի հայ միլիոնատերերի համար՝ փորձեցինք ճշտել հայաստանյան մի քանի խոշոր գործարարներից:
Մեզ հետ զրուցած նախկին գործարարները, որոնք ներկայումս ԱԺ պատգամավորներ են, հորդորեցին իրենց չհամեմատել ամերիկացի իրենց գործընկերների հետ՝ ասելով, որ «հայ եւ ամերիկացի միլիոնատերերի միջեւ ուղղակի սարեր-ձորեր կան»:
\"\"«Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինքը կգնա՞ նման քայլի եւ արդյոք մյուսներին էլ կոչ կանի՞ նույնն անել: Ըստ պարոն Ղազարյանի՝ ամեն մեկն իր խղճով պետք է շարժվի. «Դժվարանում եմ ասել՝ ինչի՞ համար հորդորեմ, ո՞ւմ հորդորեմ: Եթե մարդը գիտի՝ ինչի հնարավորություն ունի, անում է, էլի: Մեզ ամերիկյան միլիոնատերերի հետ մի համեմատեք: Մեզ մոտ արտադրական միջոցները քարեդարյա են: Մենք հազիվ հասցնում ենք մեր արտադրական միջոցները արդիականացնել, հիմա դուք մեզ բերել-համեմատում եք ամերիկացիների հե՞տ: Մեզանից շատ- շատերը իրենցից ավելի են բարեգործություն անում, հարկեր են վճարում: Հարկ վճարելը ոչ թե խղճի կամ ճանաչողության բան է, այլ պարտադիր է»: Մ. Ղազարյանը նույնիսկ չբացառեց, որ կան մարդիկ, ովքեր խուսափում են հարկ վճարել, բայց նաեւ կարծիք հայտնեց, որ մեր նշած \"\"ամերիկացի միլիոնատերերն էլ են ստվերային աշխատել. «Առանց հարկերից խուսափելու՝ չէին կարող այդ կարգի հարստանալ: Հիմա էլ սկսում են ռեվերանսնե՞ր անել: Այնտեղ ոչ մի բարեկամություն, ընկերություն ու հարեւան չկա: Մեզ մոտ գոնե էդ ամեն ինչը կա, ինչքանով որ կարողանում ենք նեցուկ լինել հարեւաններին, համագյուղացիներին, բարեկամներին: Հիմա գնանք համեմատվենք դրանց հետ, ճիշտ չէ»:
«Մաքս կոնցեռնի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանը կարծում է, թե ամերիկացիների օրինակին հետեւելով՝ ոչ մի արդյունքի չեն հասնի. «Դեմ չեմ, բայց դա ի՞նչ կտա, ասենք՝ հավաքվեցինք, մի քիչ էլ գումար հավաքեցին: Դրանով հո՞ չեն կարող տնտեսությունը ավելի զարգացնել: Բացի այդ, մեզ \"\"մոտ էնքա՜ն բարեգործություններ են անում»: Օրինակ՝ պարոն Մանուկյանը գերադասում է հոգով հարուստ լինել, քան պարզապես միլիոնատեր. «Հարցը շատ փող ունենալու մեջ չէ: Նախ պետք է էությամբ, հոգով պատրաստ լինես հարուստ լինելուն: Հիմա եթե շատ փող ունես, չի նշանակում, որ դու պատրաստ ես հարուստ լինելուն եւ բոլոր պայմանները կատարելուն: Ամերիկացի մեծահարուստներ ասելու համար մենք շատ երկար ճանապարհ պիտի անցնենք»: Մեր այն դ\"\"իտարկմանը, որ ամերիկացիների ակցիայի նպատակը հասարակության ծայրահեղ բեւեռվածությունը մեղմացնելն է, Խ. Մանուկյանն ասաց. «Դա բնական է, այն երկրներում, որտեղ տնտեսությունը զարգացած է, կամաց-կամաց բերում է դրան: Մեզ մոտ միջին խավ ձեւավորելու խնդիր կա: Բոլորը չեն կարող միանգամից դառնալ միջին խավ: Մեխանիզմներ եւ ժամանակ է պետք»:
Եթե ամերիկացի միլիոնատերերը մոտ 1 ամիս է, ինչ նման կոչեր են անում, ապա ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ինչպես ինքն ասաց, միշտ էլ հորդորել է իրենցից շատ հարկ վերցնեն. «Բա հո աղքատների՞ց չեն վերցնելու: Մեր երկրում հիմա էդպես չի՞: Օրինակ՝ ճոխության հարկը, կամ ինչքան տունը մեծ է լինում, էնքան հարկը բարձր է: Առհասարակ, մենք չպետք է ամերիկացիների հետ համեմատվենք: Նրանք 300 տարի է՝ կապիտալիստական երկիր են, բիզնեսը կայացել է, մեզ մոտ բիզնեսը դեռեւս ռեալ կայացած չէ: Երբ մեր ակցիաներն էլ միջազգային բորսաներում վաճառվեն, էդ ժամանակ դեմ չենք լինի շատ հարկվելուն: Իսկ հիմա, եթե նման բան առաջարկենք, հնարավոր է՝ խոշոր բիզնեսը քանդվի: Մենք շրջափակման մեջ գտնվող պետություն ենք: Մեզ մոտ ներմուծելու եւ արտահանելու խնդիր կա: Հա, էլի թող վերցնեն ավելի հարկ, բայց խելամիտ ձեւով, որ բիզնեսը չկործանվի»: Ինչ վերաբերում է նախկին գործարար, այժմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ապա նա օրեր շարունակ մեզ հորդորում էր՝ «վաղը զանգեք»: Սակայն պարոն Ալեքսանյանի հետ մեր կարճ հեռախոսազրույցում նա հասցրեց ասել. «Ես գործարար չեմ, բիզնեսով չեմ զբաղվում»: Մեր այն հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ եք զբաղվում, ասաց՝ «Ժողովրդով»:
Մոտ մեկ շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանին ուղարկած մեր հարցն այդպես էլ անպատասխան մնաց. «Առավոտին» պարբերաբար հայտնում էին, որ նման հարցերով զբաղվող նրա օգնականը գործուղման է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել