Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ԳԹԿ են զանգում 2012թ. դիմորդներ, ծնողներ, ուսուցիչներ` տեղեկացնելով, որ վաճառվում է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների շտեմարան: Նա փոխանցեց հետեւյալը. «Շտեմարան» անվանված գրքում չկա ոչ մի նշում հեղինակների եւ այն լույս ընծայող հրատարակչության մասին: Դրանում տեղ են գտել տարբեր տարիների հրատարակված թեստերի ժողովածուների, միասնական քննությունների թեստերի նյութեր, որոնք մի շարք առումներով չեն համապատասխանում ԳԹԿ-ի ներկայիս պահանջներին, ավագ դպրոցի նոր դասագրքերին եւ ԳԹԿ-ի կողմից մշակված նոր ուղեցույցին:
ԳԹԿ-ն հայտնում է, որ որեւէ առնչություն չունի այդ անանուն շտեմարանի հետ: 2012թ. միասնական քննությունների թեստերը կազմված են լինելու բացառապես Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից հրատարակվելիք «Շտեմարանի» առաջադրանքներից: ԳԹԿ-ն այս հանգամանքի վրա հրավիրում է իրավապահ եւ հարկային մարմինների ուշադրությունը»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ