ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը վերջին օրերին քաղաքական դաշտում տեղի ունեցող կադրային փոփոխությունները սրընթաց չի որակում, կարծում է՝ ընդամենը պաշտոնների փոփոխություն է եղել, ընտրություններին ընդառաջ էլ փոփոխությունները դեռ կշարունակվեն: Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը, խոսելով Վովա Գասպարյանի՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելու մասին, կարծիք հայտնեց. «Գասպարյանը մեծ կենսափորձով մեկն է եւ կկանխի հնարավոր բախումները: Ինչպես նախագահը պատճառաբանեց՝ անհրաժեշտ էր, որ իրավակարգի ամրապնդման հարցում նշանակվեր այդպիսի կոշտ դիրքորոշում ունեցող մարդ, որ օրինականությունը կարող է պահպանել կոշտ ձեւով: 90-95թթ.-ներին միասին եղել ենք Գերագույն Խորհրդի պատգամավորներ, հիշում եմ, թե նա ինչ հետախուզական մեծ աշխատանք էր կատարում այդ օրերին, երբ հանրապետությունում տարածված էր ավազակությունը եւ այլն: Նա, մուրացկանի շորեր հագած, տարբեր քաղաքներում որպես հետախույզ էր աշխատում եւ հայտնաբերում այդ խմբերին, գողերին»:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ Ռ. Պետրոսյանն այդ քայլը կապեց առաջիկա ընտրությունների, Աբրահամյանի՝ նախընտրական գործունեությամբ զբաղվելու, ավելի կոնկրետ՝ շտաբի պետի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու հետ: Հարցին, թե ԱԺ նախագահը չէ՞ր կարող ե՛ւ մնալ պաշտոնում, ե՛ւ շտաբի պետ աշխատել, ինչպես արել էր նախորդ ընտրություններին, երբ տարածքային կառավարման նախարար էր՝ ասաց. «Նախընտրական շտաբի պետը պետք է գիշեր-ցերեկ աշխատի, եւ իր ուժերը մի ուղղությամբ ուղղի: Էն ժամանակ նա ուներ բազմաթիվ տեղակալներ եւ առանց հրաժարական տալու էլ կարող էր չգնալ աշխատանքի, տեղակալները հարցերը կլուծեին»:
Արմեն Գեւորգյանի, Գագիկ Խաչատրյանի եւ այլոց հնարավոր հրաժարականների մասին էլ ասաց, թե այդ ամենը ընդամենը խոսակցություններ են: Առաջիկա 6 ամիսների համար իր՝ ԱԺ նախագահ նշանակվելը նա հնարավոր չհամարեց. «Շատ կան մարդիկ, որ ավելի երիտասարդ են: Օրինակ, Դավիթ Հարությունյանը հարմար է, որովհետեւ ընթացակարգին քաջածանոթ է»:
Լուրերին, թե վերջին հրաժարականներով գործող նախագահը փորձում է չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը, պարոն Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Էլի ժողովրդական խոսակցություններ են, որովհետեւ պարոն Աբրահամյանը որքան մոտ է պարոն Քոչարյանին, այնքան էլ մոտ է Սերժ Սարգսյանին: ՀՀԿ-ն որեւէ անհանգստություն չունի եւ չի էլ ունեցել, որ հաղթելու է բոլոր տեսակի ընտրություններում: Մենք որեւէ մեկ այլ կուսակցությունից պարտվելու վախ չունենք»:
Կարդացեք նաև
Ներքաղաքական հնարավոր զարգացումների, «Ժառանգության» ու ՀԱԿ-ի միացումը հնարավոր չհամարեց. «Որովհետեւ նրանց մոտ կա ոչ թե գաղափարական, այլ միջանձնային հարաբերություններ, ով է լիդերը եւ այլն, իրենց ամբիցիաների առումով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ»: Նա կանխատեսեց, որ ՀԱԿ-ն այս անգամ կհայտնվի խորհրդարանում, մոտ 15 մանդատ, իսկ ԲՀԿ-ն կմնա կոալիցիայի մեջ, ընտրություններին կգնա առանձին, որպեսզի իմանա, թե ինչ իմիջ ունի:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ