Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մկրտչյան. «Հեղափոխությունը կանխվեց»

Նոյեմբեր 03,2011 14:12


«Վերջին ամիսներին ԲՀԿ-ն գրավել էր մի այնպիսի դիրք, որ ՀՀԿ-ի եւ նախագահի հետ խոսում էր ուժի դիրքերից: Համապատասխան գործողություններից հետո, ԲՀԿ-ն, կարծես թե, մեկ քայլ ետ նահանջեց՝ վերադառնալով կոալիցիոն հուշագրի դիրքին՝ լավագույն դեպքում՝ երկրորդը լինելուն»,-
վերլուծելով  վերջին ներքաղաքական զարգացումները՝ այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանը: Նա ուշագրավ է համարում, որ այդ առիթով բոլոր կարեւոր հայտարարությունները արվեցին վարչապետի կողմից եւ ոչ թե ԱԺ նախագահի՝ Հովիկ Աբրահամյանի, ով ՀՀԿ-ում ընկալվում էր որպես երկրորդ դեմք. «Սա հուշում էր այն մասին, որ կարծես հեղաշրջման փորձ էր տեղի ունենում: Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ հենց այդ տեսակետից եմ դիտարկում եւ կարծում եմ, որ այդպիսով կանխարգելվեց հեղաշրջումը: ՀՀԿ-ն զրկեց ԲՀԿ-ին՝ իր թիկունքում խաղալու հնարավորությունից՝ ԱԺ նախագահին հրաժարական պարտադրելով»: Վահրամ Մկրտչյանը ուշադրություն է հրավիրում Հովիկ Աբրահամյանի հեռուստատեսային ելույթի վրա, որտեղ նա «ջանում էր հավատացնել նախագահին, որ իրեն հավատարիմ է՝ ասելով՝ ես հրաժարական տվեցի՝ իմ նվիրվածությունը հայտնելով նախագահին: Կարծես նախագահը թագավորն էր, ինքն էլ՝ նազիրը կամ վեզիրը»: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի պարտականությունը ստանձնելը, բանախոսի համոզմամբ, Հովիկ Աբրահամյան քաղաքական գործչին, ըստ էության, ասպարեզից դուրս բերելու քայլ էր: Ինչեւէ, գործադիրում այս նախընտրական վերադասավորումները ՀԺԱՄ նախագահը համարում է «Շատ թույլ քայլեր, քանի որ որեւէ գնահատական չի տրվում որեւէ պաշտոնյայի կատարած աշխատանքին, այդպիսով նաեւ հաջորդի անելիքները չի ուրվագծվում: Խաչմերուկը կարգավորելու փոխարեն՝ միլիցիոներին են փոխում»:

Եթե Հովիկ Աբրահամյանի՝ Սերժ Սարգսյանի հավատարմության երդումին չհետեւի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հավատարմության երդումը , Վահրամ Մկրտչյանի կանխատեսմամբ, շուտով ականատեսը կլինենք արհեստածին կոալիցիայի փլուզմանը: Նա ֆեոդալական է համարում ոչ միայն իշխանական կոալիցիան, այլ նաեւ ՀԱԿ-ը, որտեղ ֆեոդալը առաջին նախագահն է՝ «մնացյալը՝ մանր-մունր վազվզողներ»:

Առաջիկա ընտրությունները բանախոսը համարում է կարեւոր, քանի որ երիտասարդները այլեւս դուրս են գալիս ֆեոդալական մտածելակերպից, իսկ ապագան երիտասարդությանն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930