Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնաթողությունն անակնկալ չէր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի համար: Այս մասին նա լրագրողներին ասաց այսօր՝ «Դե Ֆակտո» մամուլի ակումբում: Քաղաքական պաշտոնանկություններն ու քաղաքական զարգացումները՝ ՀՀԿ եւ ԲՀԿ «մենամարտը» , ըստ նրա, իրար հետ փոխկապակցված են, բայց դրանք ոչ այնքան քաղաքական, գաղափարական պատճառներով են պայմանավորված. որքան կենցաղային՝ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի զավակների ամուսնությունը հաշվի առնելով: «Գիտե՞ք, ինչպե՞ս է տեղի ունենում, հենց որ իշխանությունը էսպես ինչ-որ ոտին տեղ արած, սկսվում են ամուսնությունները, այսպես կոչված՝ քաղաքական ուժերի երեխաների: Ես ցանկանում են իրանց երկար երջանիկ կյանք: Ես ընդունում եմ որպես հետամնացություն, երբ որ քաղաքական ուժերի համագործակցությունը ուզում են հստակեցնել ամուսնական կապերով զավակների»,- ասում է Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ կարելի է ենթադրել, որ երկրորդ եւ երրորդ նախագահները եկել են պայմանավորվածության, որ եկող իշխանությունը նորից երրորդին է պատկանելու, հիմա էլ ներկայիս նախագահը անհանգստանում է հաջորդ ընտրություններում իշխանությունից զրկվելուց՝ հաշվի առնելով որոշ ուժերի նյութական կարողությունները եւ քաղաքական դաշտում անում է տեղափոխություններ: «Ժառանգության» պատգամավորի համար մեր երկրի շատ խնդիրների լուծման լավագույն տարբերակը հանրապետության երեք նախագահների քաղաքական դաշտից հեռանալն է, ըստ նրա՝ արդեն բոլորին է հայտնի, որ այդ երեքը մի թիմ են. «Լավագույնս կլիներ, որ իրենք տան ճանապարհ այն նոր ուժերին, անգամ իրենց կուսակցութուններում աճած: Վերջապես արդեն շատ մարդկանց համար է պարզ, որ այդ Բերմուդյան եռանկյունու մեջ տապալվում են հասարակական եւ ազգային շահերը»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ