Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկեղեցին ինչ անում է՝ ժողովրդի համար է անում

Նոյեմբեր 03,2011 13:43

Եկեղեցին պնդում է, որ շահույթ հետապնդող կազմակերպություններ չունի, բայց չի բացառում, որ հետո կունենա՝ չհարկվող տարածքներում եւ շինություններում:

Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ տալու՝ «Հողի հարկի մասին» եւ «Գույքի հարկի մասին» օրենքներում կատարած փոփոխությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: Մասնավորապես, ակտիվ են քննարկումները եկեղեցու ենթակայության տակ գտնվող առեւտրի եւ սպասարկման օբյեկտների հարկային բեռը կտրուկ թեթեւացնելու թեմայով: «Առաքելական Սուրբ եկեղեցին ձեր նշած առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ կամ, որ նույնն է՝ շահույթ հետապնդող կազմակերպություններ չունի»,- «Առավոտին» պարզաբանեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ըստ նրա՝ Մայր աթոռի եկամուտները գոյանում են մոմի ու հոգեւոր գրականության վաճառքից, ինչպես նաեւ՝ բարերարների նվիրատվություններից:
Թե ինչ ծավալներ են ընդգրկում վանքապատկան տարածքները Հայաստանում, տեր Վահրամը դժվարացավ պատասխանել, փոխարենը՝ հիշեց 85-86 միավոր սրբավայրերը, որոնք պատմական հուշարձանների կարգավիճակ ունեն: Հոգեւորականը պարզաբանումներ տվեց նաեւ բազմաթիվ հողատարածքներ ձեռք բերելու՝ եկեղեցու քաղաքականության վերաբերյալ: Ըստ Վահրամ քահանայի, այդ հողերը հետագայում հենք են դառնալու նորակառույց սրբավայրերի համար, որոնց անհրաժեշտությունն առավել զգում են դրանց պակասից ոգու սով ապրող գյուղական համայնքներում: Իսկ անդրադառնալով վանական պատկանելության տարածքների հնարավոր վերադարձմանը, որոնք, ըստ վավերագիր աղբյուրների, բավականին ընդգրկուն են (Սիմեոն Երեւանցին նշում է 80 տոկոս), Վահրամ քահանան ասաց. «Եկեղեցին նման ձգտումներ, մանավանդ՝ ինչ-որ մեկի սեփականության նկատմամբ, չունի: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն առաջնորդվում է միայն իր ժողովրդի շահով: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի՝ այն, ինչ ձեռք է բերում Մայր աթոռը, ոչ թե եկեղեցականի համար է, այլ ժողովրդի: Չմոռանանք, որ դարեր շարունակ եկեղեցին է պահպանել մեր ժողովրդի հոգեւոր ու նյութական հարստությունը՝ այսօր արդեն ցուցադրելով թանգարաններում»:
Ժողովրդի նյութական ու հոգեւոր հարստություններից են նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճն ու Լեզվի պետական ինստիտուտը: Եկեղեցու կամոք Լեզվի պետական ինստիտուտը քանդվեց ու հիմա տեղում կառուցվում է ամենայն հայոց կաթողիկոսի երեւանյան նստավայրը, իսկ կինոթատրոնի ամառային դահլիճի շուրջ ծավալված կրքոտ քննարկումներն առայժմ առկախել են հոգեւոր ծրագրերը: Ոչ ոք չասաց, թե մայրաքաղաքից հազիվ 20-22 կմ հեռու հոգեւոր մայրաքաղաքում նստելը ինչով դուր չի եկել հատկապես այս կաթողիկոսին, երբ նրանից առաջ բոլորը Էջմիածնում են նստել: Վահրամ քահանայի ասելով՝ կինոթատրոնի ամառային դահլիճը Մայր աթոռին չի պատկանում: «Դա ծրագիր էր, որ ուզում էինք իրականացնել, բայց առայժմ չի լինի»: Ոչ ոք չասաց՝ ինչո՞ւ չի կարելի «Մոսկվա» կինոթատրոնից ընդամենը մեկ խաչմերուկ՝ մոտ 100 մետր վերեւ կառուցվող նստավայրի շենքի մի հատվածում ծրագրեր իրականացնել: Առանց քանդարարության:
Բարձր գնահատելով պետության վերաբերմունքը Առաքելական եկեղեցու հանդեպ, հայր Վահրամն ասաց՝ այդ քայլով երկրի իշխանությունը ոչ միայն իր զորակցությունը հայտնեց դժվարությունների միջով անցած եկեղեցուն, այլեւ հատուցեց այն զրկանքների դիմաց, որը կրել է անցած ճանապարհին: «Եվ, ի վերջո, եթե աշխարհի մի շարք երկրներ հարկային այդ արտոնությունը վաղուց արդեն տվել են Հայ առաքելական եկեղեցուն, ինչո՞ւ ենք մեր երկրում դրա համար աղմուկ բարձրացնում»:
Նկատենք՝ հասարակական ընդվզումն ուղղված է ոչ թե եկեղեցուն տրվող հարկային արտոնությունների, այլ եկեղեցու ենթակայությամբ գործող, շահույթ հետապնդող եւ հարկերից ազատվող ձեռնարկությունների դեմ: Վահրամ քահանան չի կարծում, թե դրանից կարող են տուժել համայնքների բյուջեները. «Նախ, եկեղեցու ենթակայությամբ նման ընկերություններ չկան, քանիցս պարզաբանվել է, իսկ ինչ վերաբերում է չհարկվող գումարին, ասեմ, որ դա այնքան էլ մեծ թիվ չէ, որով համայնքը կկարողանա էական խնդիրներ լուծել: Ավելին, եկեղեցին ինքն է համայնքներում սոցիալական կենտրոններ հիմնում, որոնք հոգեւոր իմաստով խիստ պահանջված են: Ո՞րն է ավելի արդյունավետ՝ բյուջե մտնող 20 000 դրա՞մը, թե՞ սոցիալական կենտրոնների օգնությունը»:
Խոսելով Մայր աթոռի ԱԺ ներկայացրած անշարժ գույքի ցուցակից, որում տեղ էին գտել այլազան անուններով կառույցներ, հոգեւոր սպասավորն ասաց՝ դրանք ներկայացված են այն անուններով, որոնցով փոխանցվել է եկեղեցուն. «Իրականում դրանք կադաստրային անվանումներ են, ինչպես, օրինակ՝ Վանաձորի սրճարանը, որն այսօր արդեն բարեգործական ճաշարան է դարձել: Այնպես որ, այդ կառույցներն այլեւս հոգեւոր-կրթական, սոցիալական ու բարեգործական ծրագրերին են ծառայում, եւ հենց դրանք էլ ազատվում են հարկերից»:
Հերքելով եկեղեցու ենթակայությամբ շահութաբեր օբյեկտներ ունենալու մասին խոսակցությունները, հոգեւորականը, այդուհանդերձ, չբացառեց հետագայում այդպիսիք ունենալու հավանականությունը: Ըստ նրա՝ տարօրինակ ոչինչ չի լինի, երբ եկեղեցին իր ծրագրերն իրականացնելու համար եկամտի սեփական աղբյուրներ էլ ունենա: Բայց հարկային արտոնությունները դրանց վրա չեն տարածվի:


ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930