Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառահատում՝ հանրապետականների քթի տակ

Նոյեմբեր 03,2011 13:22

Սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով Գյումրիի կենտրոնում վնասել են երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված բարդին:

Այս փաստը անչափ զայրացրել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից մեկին՝ Աշոտ Գիզիրյանի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանին, որը երեկ, ընթացող շինարարության ֆոնի վրա, ասուլիս էր հրավիրել՝ ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց: Տիկին Կիրակոսյանն իրեն ծառերի տերն է համարում, քանի որ բնակվում է Գյումրիի քաղաքապետարանին հարակից Սպանդարյան փողոցում, տեղացիների լեզվով ասած՝ «Լոդկա» շենքում, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցներից մեկը, եւ որի դեմ-դիմաց մայիս ամսից սկսած սպասարկման օբյեկտ են կառուցում՝ բնաջնջելով տարածքի ծառերը: Տիկին Կիրակոսյանի ներկայացմամբ, շինարարություն իրականացնողները Գյումրիի «Ռոյալ» կահույքի սրահի սեփականատերեր Սամվել եւ Հայկ Գրիգորյաններն են. կառուցապատողները շինարարություն սկսելուց առաջ մոտեցել են նրան ու խնդրել թույլատրել հատել ծառերից մեկը, քանի որ կռունկը ներս չի մտնում: Գրիգորյան եղբայրները տիկնոջը խոստացել են հատված ծառի փոխարեն սոճի տնկել: «Ես ամեն անգամ զգուշացրել եմ՝ բարդու խաթրին հանկարծ չկպնեն, բարդին երկրաշարժի զոհերի հիշատակն է հավերժացնում, այդ նպատակով ենք հարեւանների հետ հավաքվել ու տնկել, շատ սիրուն ծառ էր, շատ դալար, կանաչ, սլացիկ, իրենք էլ խոստացել էին, որ բարդուց մի թուփ չի պակասի, բայց իրենց տղամարդկային խոստումը չկատարեցին ու ինձ խաբեցին: Երեւան էի գնացել, մթնշաղին վերադարձա ու զգացի, որ տեսադաշտումս ինչ-որ բան փոխվել է, մեկ էլ տեսա, որ բարդին չկա: Լացելով տուն եմ բարձրացել. ո՞նց ձեռքները գնաց: Գնացի քաղաքապետարանի բնապահպանության բաժին՝ իրենք տեղյակ չէի, որ ծառը կտրվել է, շինարարության վրա աշխատող բանվորները նույնպես տեղյակ չէին, թե ով է ծառը կտրել»,- դժգոհում էր մարզպետարանի մշակույթի բաժնի նախկին վարիչը: Տիկին Կիրակոսյանի ներկայացմամբ, այդ ծառը չէր խոչընդոտում շինարարական աշխատանքներին, բայց դա հատել են՝ իրենց գործը հեշտացնելու նպատակով, ծառի կտրված մասից ջրի տարա են կախել՝ ձեռքերը լվանալու համար: Մարզպետարանի պաշտոնյան վստահ է, որ սրան կհաջորդի արմատախիլ անելը: «Էգուց էլ գիտե՞ք ինչ կանեն, էդ արմատի վրա «կիսլատա» կամ այլ նյութ կլցնեն, կտանեն ու ցույց կտան, որ արմատը փչացել է, վառվել է, ուզենք-չուզենք՝ արմատը պիտի հանենք»,- բորբոքված ասում էր տիկինը: Ըստ նրա, կառուցապատող եղբայրները հենց այդ տարածքում սեփական տուն ունեին՝ հոյակապ խնձորի այգով, սակայն շինարարության համար այգին ոչնչացրել են. «Ես դրա մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ կարող է ասի՝ իմ սեփական այգին է, լավ եմ արել, բայց չեմ կարող չասել, որ այստեղ լայն մայթ էր, մայթից հետո գազոն էր, գազոնի մեջ ծառեր էին, այսինքն՝ դա չէր մտնում իրենց շինարարական, սեփականատիրական տարածքի մեջ, այլ՝ քաղաքի կանաչապատման տարածքի մեջ: Իրենք առանց հարցնելու, առանց խղճի խայթի 2 դեկորատիվ ծառ արմատախիլ են արել, 2 ծառ էլ, ըստ իրենց, «էտել» են՝ քոքից կտրելով, իսկ սլացիկ բարդին կտրել չէր կարելի, ամենամեծ հանցագործությունն է սա, զոհերի հիշատակն էլ ոտնատակ արեցին: Ես պահանջում եմ, որ էսքան թոզը կուլ տալուց, փողոցը փակելուց ու կռանը գլխներիս կանգնեցնելուց, սալյարկի ծուխն ու մուխը քիթուբերաններս լցնելուց հետո, շինարարության ավարտից հետո էս մարդկանց պարտադրեն տարածքը նորից կանաչապատել»:
Կառուցապատող Հայկ Գրիգորյանն էլ պնդում է, որ այդ ծառերն ինքն է տնկել, ինքն է ծառ դարձրել, սակայն դրանք արդեն հնացել են, եւ որպեսզի շինարարության ավարտից հետո մեծ գումարներ չծախսի, դրանք մինչեւ շինաշխատանքներն է հատել: Ինչ վերաբերում է բարդու՝ հիշատակի առիթով տնկված լինելուն, ապա կառուցապատողը հայտնեց, որ դա «մի 40 տարվա ծառ է» եւ երկրաշարժի հետ կապ ունենալ չէր կարող: Հ. Գրիգորյանը բողոքողներին ի պատասխան՝ վստահեցրեց, որ միայն մայթը վերականգնելու համար նախատեսել է ծախսել $10000-15000, իսկ բարդին, ըստ Հայկ Գրիգորյանի, ոչ թե կտրվել է, այլ խուզվել է, ընդ որում՝ ոչ թե ինքը, այլ քաղաքապետարանն է արել ինչ-որ աշխատանքներ իրականացնելիս: Բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետ Արտուշ Մովսիսյանն այս առնչությամբ «Առավոտին» ասաց, որ թեեւ ծառահատում չի եղել, սակայն առանց քաղաքապետարանի թույլտվության ծառն էտելու համար կառուցապատողների նկատմամբ պատժամիջոց է կիրառվել. 50000 դրամ տուգանել են ու նաեւ 49.500 դրամի վնաս են հաշվել, գումարը այժմ մուծված է, եւ խստորեն նախազգուշացվել են՝ չհատել ծառերը: Իսկ մեր այն հարցին, թե ինչո՞ւ են թույլատրել տարածքից կտրել դեկորատիվ ծառերը, պաշտոնյան վստահեցրեց, որ այդտեղ նման ծառեր չեն եղել:
Կառուցապատողից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են տուգանվել, այն դեպքում, երբ բարդին Գյումրիի քաղաքապետարանն է «խուզել»: Հայկ Գրիգորյանի պարզաբանմամբ, շինարարներին են տուգանել, իսկ ինքը փող տվողն է:
«Բիոսոֆիա» բնապահպանական հ/կ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանի ներկայացմամբ էլ, քաղաքի կենտրոնական այդ հատվածում շինարարությունն ընթանում է քաղաքաշինական նորմերի խախտմամբ. մասնավորապես արհամարհվել է կառավարության 1998թ. թիվ 660 որոշումը, որը սահմանում է կենսամիջավայրի փոփոխության մասին հանրությանը իրազեկելու կարգը: Սեփականատերերը, ըստ օրենքի, ոչ միայն հանրությանը չեն իրազեկել ու նրանց հետ չեն քննարկել նախատեսվող շինարարության մասին, այլեւ ավելորդ ծախսեր չանելու տրամաբանությամբ խուսափել են հրապարակել նախագիծը. շինհրապարակի ոչ մի հատվածում չկա ցուցանակ, որը կիրազեկեր, թե ինչ է կառուցվում ու երբ է շինարարությունն ավարտվում:
Կառուցապատողից տեղեկացանք, որ այդ վայրում եռահարկ շինություն է լինելու՝ 1-ին հարկում սպասարկման օբյեկտ, 2-րդ, 3-րդ հարկերում՝ տուն:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930