Հինգշաբթի կառավարությունը որոշեց սահմանել Հայաստանի անտառամերձ բնակավայրերի ընտանիքների կողմից ոչ արտադրական նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն: Մինչ թափուկների հավաքումն առանց անհրաժեշտ թույլտվության համարվում էր ապօրինի գործողություն, իսկ 1 խմ թափուկի դիմաց գյուղացին վ ճարում էր 1200 դրամ: Հիմնավորելով որոշումը՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել էր, այսկերպ կնվազեն ապօրինի ծառահատումները, քանի որ գյուղացին հնարավորություն է ստանում սեփական միջոցներով մթերելու եւ անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերելու մինչև 8 խմ թափուկ վառելափայտ:
Խնդիրն այն է, որ բնական գազի թանկացումից հետո մեծացել է վառելափայտի պահանջարկը: Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը հավաստիացրեց, որ առաջիկա ձմռանը տարածաշրջանի ոչ մի ընտանիք չի մնա առանց փայտի: Անտառտնտեսությունն այս աշուն տարածաշրջանի բնակիչներին իր այգիներից 20 տոննա խնձոր է վաճառել` կիլոգրամը 60 դրամով:
Անտառի թափուկները գյուղացուն անվճար տալու կառավարության որոշումը լավն է, բայց՝ ուշացած: Տավուշի մարզի գյուղացիական ընտանիքների զգալի մասն արդեն վճարելով` ձմռանը ջեռուցման համար գնել է վառելափայտ; Բացի այդ, հիմա անձրեւների սեզոնն է, անտառային ճանապարհները դարձել են անանցանելի: Տավուշի մարզի անտառտնտեսությունների ղեկավարները մեզ ասացին, որ նոյեմբերին մեծամասամբ առանց տեղումների եղանակ է սպասվում, ուստի հնարավոր կլինի անտառից ներկրել վառելափայտ: Մեր տվյալներով` ներկայումս կառավարությունում քննարկվում է նաեւ ինքնապատրաստմամբ վառելափայտի վաճառքի գինը կիսով չափ նվազեցնելու գաղափարը : Ներկայումս այն կազմում է մեկ խորանարդ մետրի համար 6480 դրամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ